Ու՞Ր ԵՆ ԱՄՆ-ի ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ…

 Եվ այսպես, ներքին ու արտաքին  մարտահրավերների մեջ մինչեւ կոկորդը խրված երկրի՝ Հայաստանի ղեկավարը իր զուգընկերուհու հետ մեկնել է ԱՄՆ: Վաշինգտոնում մասնակցելու է 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաեւ՝ Ազգային աղոթքի նախաճաշին։ Ինչպես ասում են՝ ամեն խաղ խաղացել ենք, մնացել է «Սարի սմբուլը»…Այցը «խիստ պատահականութամբ» զուգադիպեց վարչապետի զուգընկերուու ծննդյան օրվա հետ…

Թեպետ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է այս այցը ներկայացնել որպես դարակազմիկ պատմական իրադարձություն, սակայն ակնհայտ է, որ սա հերթական շարքային շրջագայություն է. Փաշինյանին անգամ ԱՄՆ-ի երրորդ, չորրորդ դեմքերի մակարդակով չդիմավորեցին ու չընդունեցին: Համոզվեցինք, որ Միացյալ Նահանգներում Փաշինյանը որեւէ մեկին չի հետաքրքրում:

Նրա այցից առաջ Վարդան Օսկայնանը կոչով դիմեց ամերիկահայերին.«Կոչ ամերիկահայերին՝ մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին

Ամերիկահայ համայնքի և կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ,
Դիմում եմ ձեզ՝ փետրվարի 3-ին Հայաստանի դեսպանատանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հրավերի հետ կապված։ Այս հանդիպումը սոսկ դիվանագիտական արարողակարգ չէ։ Դա առաջնորդի՝ խարխլված հեղինակությունը փրկելու հաշվարկված փորձ է, որը ձեր լսարանի կարիքն ունի։ Կոչ եմ անում ձեզ չմասնակցել հանդիպմանը և չդառնալ նրա հուսահատ քայլի մասը։
Փաշինյանը ձախողած առաջնորդ է, որի օրոք հայ ժողովուրդն անցնում է իր ժամանակակից պատմության ամենաաղետալի ժամանակաշրջանը։ Հայաստանը կրել է տարածքային ծանր կորուստներ, ռազմական պարտություն և արժանացել ազգային նվաստացման։ Արցախի լիակատար անկումը, 150,000 հայերի տեղահանությունը և հազարավոր երիտասարդ զինվորների մահը նրա անխոհեմ, անկարող և անհեռատես քաղաքականության ուղղակի հետևանքներն են։ Փաշինյանը միջազգային օրակարգում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ներառման հիմնական և միակ խոչընդոտն է՝ չնայած համաշխարհային հանրության հստակ պատրաստակամությանը՝ անդրադառնալու և աջակցելու այս հիմնարար իրավունքին»։
 Օսկանյանը ավելի հանգամանորեն ներկայացնում է Փաշինյանի հետ չհանդիպելու պատճառները եւ վերջում կոչ անում նրանց, ովքեր, այնուամենայնիվ, որոշել են հանդիպել.
«Եթե այնուամենայնիվ որոշեք մասնակցել այդ հանդիպմանը, հստակ պատկերացրեք, թե ով է նստած ձեր առաջ։ Դա մի մարդ է, որը Հայաստանը տարել է դեպի կործանում, որը հանձնել է հայկական հողերը, որը լքել է սեփական ժողովրդին և որը կորցրել է հայերի մեծամասնության վստահությունը։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։ Մարտահրավեր նետե՛ք նրան։ Պահանջե՛ք պատասխաններ։ Պատասխանատվության բերե՛ք նրան։
Սա պարզապես քաղաքական պահ չէ, սա խղճի քննություն է։ Փաշինյանին դեմ գնալը նշանակում է կանգնել Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի կողքին»։
 Թվում էր, թե առանց Օսկանյանի կոչի էլ ամերիկահայերը չէին գնա հանդիպման, իսկ գնացողները նրան կդիմավորեին կոշտ հարցադրումներով, պահանջներով: Սպասվում էր, որ հատկապես մարդիկ, ովքեր ցեղասպանության զոհերի ժառանգներ են եւ ճակատագրի բերումով դարձել են ամերիկահայեր, Փաշինյանից բացատրություն կպահանջեին՝ ցեղասպանությունը կասկածի տակ դնելու  հայտարարությունների համար: Սակայն, այդպես չեղավ…
 Այլ հարց է, թե ովքեր էին Փաշինյանի հետ հանդիպման գնացած եւ գոհունակությամբ նրա խոսքը լսող հայերը: Իրենց գնահատականը տվեցին հենց իրենք՝ իրենց ներկայությամբ ու պահվածքով…Նրանց մասին արդեն շատ խոսվեց…
 Իսկ ու՞ր էին ԱՄՆ-ում ապրող եւ Փաշինյանից դժգոհ բազմահազար հայերը…
 Ի վերջո, ԱՄՆ-ում կա Հայ Դատի գրասենյակ, ՀՅԴ մեծ կառույց, որոնք, սպասվում էր, որն նրանք ասելիք կունենային Փաշինյանին, կդիմավորեին այնպես, ինչպես նրան դիմավորում են Ֆրանսիայի հայերը, Ֆրանսիայի դաշնակցականները:
 Սակայն, ինչպես տեսանք, Փաշինյանին մի քանի պաստառով դիմավորեցին մի քանի երիտասարդներ…եւ ոչ ավելին…
  Անուրանալի է ԱՄՆ-ի հայկական սփյուռքյան ամենամեծ կառույցի՝ ՀՅԴ-ի դերը Հայաստանին եւ Արցախին  ցուցաբերած տարաբնույթ օժանդակությունների, նյութական օգնությունների հարցում: Սակայն, այս վերջին անտարբերությունից կարելի է ենթադրել, որ ՀՅԴ ամերիկյան կառույցը մնացել է միայն որպես սոցիալական կառույց եւ զերծ է մնում  Հայաստանի քաղաքական կյանքին միջամտելուց, մասնակցելուց, քաղաքական կարծիք հայտնելուց՝ ի տարբերություն Ֆրանսիայի ՀՅԴ-ականների, ովքեր անմիջականորեն ներգրավված են Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական կյանքի մեջ…
 Նաիրա Վանյան