Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունը, ինչպես բազմիցս նշել ենք, սովորական, դասական ընտրություն չէ։ Մենք հնարավորություն ունենք ընտրելու Հայաստանի լինել-չլինելու ապագան, պետականություն ունենալու կամ չունենալու հարցը։
Սա նաև հնարավորություն է վերականգնելու հասարակական համերաշխությունն ու խաղաղությունը, որոնք խաթարվել են վերջին ութ տարիներին։
2018-ին սիրո և համերաշխության խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ութ տարի հասարակությանը պահում են «ասեղների» վրա՝ մշտապես արհեստական լարվածություն ու պառակտում մտցնելով հասարակական տարբեր շերտերի միջև՝ «ռայոնից» եկած համաբալներ-երևանցիներ, նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ, «ղարաբաղցիներ»-հայաստանցիներ։ Այս պառակտումը ութ տարի եղել է Փաշինյանի քաղաքական հենարանը՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ։
Դասակարգային պայքարի խոստումներով, հարուստներից, նախկին «թալանչիներից» թալանածը կոպեկ առ կոպեկ, «քյաբաբ առ քյաբաբ» ետ բերելու և աղքատներին բաժանելու, կոռուպցիայի դեմ «պայքարի» դուրս եկած Փաշինյանը կարողացավ իր պոպուլիստական ելույթներով շահել շատերի սիրտն ու վստահությունը։ Սակայն շարքային քաղաքացին չտեսավ ո՛չ ետ բերված թալանը, ո՛չ էլ իր կյանքում որևէ դրական փոփոխություն։ «Ետ բերված» դղյակներն ու հյուրանոցները դարձան ոչ թե ծերանոցներ կամ զինվորների բուժման կենտրոններ, այլ նորահայտ օլիգարխների սեփականություն։ Կոռուպցիան ու պետական թալանը ներքևից բարձրացան և ծաղկեցին կառավարական ամենավերին օղակներում, ինչի հետ շարքային քաղաքացին քիչ առնչություն ունի։
Այսօր էլ քարոզարշավի դուրս եկած Փաշինյանը շարունակում է պառակտել հասարակությանը, բամբասել մրցակիցների մասին, զրպարտել, ստել, կեղծ լուրեր տարածել գյուղաբնակների շրջանում՝ իմանալով, որ շատերը տեղյակ չեն քաղաքական իրողություններից և փաստարկված չեն հակադարձի իրեն, հարցեր չեն տա։
Փաշինյանի քաղաքական խառնակչությունը միայն ներհայաստանյան հասարակության սահմաններում չի տեղավորվում։ Նա նաև աշխարհաքաղաքական տրամաչափի խառնակիչ է, ով կարողացել է այնպես անել, որ փոքր Հայաստանի տարածքում այսօր ծածանվում են իրար դեմ պատերազմող մի քանի երկրների դրոշներ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Ադրբեջանի…
Հասարակությունը հոգնել է այս աննախադեպ պառակտվածությունից։ Քաղաքական վեճերը մտել են նաև տներ, ընտանիքներ, մանկության ընկերների միջև, դարձել են բաժանման ու իրարից հեռանալու պատճառ։
Հունիսի 7-ը հնարավորություն է՝ վերջ տալու այս պառակտմանը և գտնելու հասարակական համերաշխությունը։ Ընտրությունը մերն է՝ մնա՞լ այս թունավոր մթնոլորտում, թե՞ թույն թափողին ուղարկել «վաստակած» հանգստի…
Նաիրա Վանյան
