Հայաստանում շարունակվում է «փառահեղ» պարտությունների շքերթը։ Շարունակվում է Հայաստանի սուվերեն տարածքի՝ կտոր-կտոր զիջման քաղաքականությունը՝ դրանք անվանելով «անկլավներ» և նույնիսկ օգտագործելով օտար անուններ։ Ըստ իշխանական մեկնաբանության՝ խաղաղության հասնելու համար պետք է այդ տարածքները զիջել, քանի որ դրա անունը սահմանազատում է։
Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանի որևէ տարածք չի վերադարձրել, փոխարենը միայն ստացել է։ Այս զիջումների շարքը ներկայացվում է որպես մեծ ձեռքբերում՝ հասարակությանը մանիպուլացնելու և իրականությունը այլ կերպ մատուցելու միջոցով։
Մի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պարտությունը դեռ չի ավարտվել։ Այն շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ պարտված քաղաքականությունը շարունակում է իշխել Հայաստանում։
Այլ հարց է, իշխանությունը պահելու համար գործի են դրվում պետական ապարատի, ուժային կառույցների և իրավապահ համակարգի ամբողջ ռեսուրսները, անազատության մեջ են հայտնվում ընդդիմաիր խոսք հնչեցնոնղները, ընդդիմադիր հանրահավաքները ճնշվում են ուժայինների բիրտ ուժով։ Սակայն ընդդիմադիր դաշտն էլ քիչ ռեսուրսներ չունի։ Ամենակարևոր ռեսուրսը դժգոհ հասարակության մեծ ալիքն է…
Այսօր արդեն կարող ենք վստահ արձանագրել, որ խորհրդարանական քաղաքական դաշտում առաջիկա տարիներին իշխանափոխություն իրականացնելու պատրաստ և դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ ունեցող կազմավորված ուժ գրեթե չկա։ Խորհրդարանից դուրս կան առանձին անհատներ, կան մարդիկ, որոնք պատրաստ են լրջագույն պայքարի, սակայն նրանց պակասում են ֆինանսական, վարչական, տեղեկատվական և այլ անհրաժեշտ ռեսուրսներ։
Որքան էլ խորհրդարանում հնչեն բոցաշունչ ելույթներ, կրկնվեն արդեն մի քանի տարի ասված սուր քննադատությունները, հնչեն կոչեր, տեղի ունենան լեզվակռիվներ, փաստը մնում է նույնը․ ընդդիմադիր ուժերը լեգիտիմացրին այս իշխանության վերընտրությունը։ Տեր չկանգնեցին իրենց քվե տված ընտրողների ընտրությանը, տեր չկանգնեցին ընդդիմադիր երրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեներին և առաջնորդին, որը ենթարկվում է իրավական գործընթացների ու ճնշումների։ Չմոբիլիզացրին իրենց ընտրողների ռեսուրսը և, ընդամենը մի «կեսբերան» ՔՊ-ի ՍԴ դիմելուց ու մերժում ստանալուց հետո մտան Ազգային ժողով։ Հիմա էլ պաշտոններ են ուզում։ Այդ պաշտոնները, հասկանալի է, չեն նպաստելու իշխանազրկմանը։
Իսկ ընդդիմությանը ձայն են տվել խոստումների համար՝ այն խոստման, որ ընտրությունների կեղծման դեպքում հեղափոխություն կլինի, որ ընտրողի քվեն չի կորչի, և որ ընտրություններից հետո Հայաստանը կունենա նոր վարչապետ։
Պարզվեց՝ հասարակությանը խաբում է ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը։
Ամենավտանգավորն այս ամենի մեջ ոչ միայն իշխանության վարած քաղաքականությունն է, այլև հասարակության մեջ ձևավորվող հիասթափությունը։ Երբ մարդը մի քանի անգամ քվեարկում է փոփոխության ակնկալիքով, իսկ հետո տեսնում է, որ իր քվեն չի վերածվում իրական քաղաքական գործողության, նա աստիճանաբար կորցնում է ոչ միայն ընդդիմության, այլև քաղաքական գործընթացի նկատմամբ վստահությունը։
Իսկ դա արդեն շատ ավելի վտանգավոր է, քան մեկ ընտրության արդյունքը։
Քաղաքականությունից հիասթափված քաղաքացին կարող է այլևս չգնալ ընտրության, չպայքարել իր ձայնի համար և համոզվել, որ ոչինչ հնարավոր չէ փոխել։ Այդ պահից իշխանության համար ամենամեծ հաղթանակը ոչ թե ընդդիմության պարտությունն է, այլ հասարակության անտարբերությունը։
Թե ՝ որն է ընդիմության կողմից այս խաբեության նպատակը՝ անկարողությո՞ւնը, գլուխգովանությո՞ւնը, ներքին պայմանավորվածություննե՞րը, թե՞ արտաքին «մութ» ուժերի գործոնը, առայժմ հասկանալի չէ
