Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց այն որոշումը, որը շատերի համար ամենևին էլ անակնկալ չէր. նոր ընտրություններ չեն լինի, իսկ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշումը կմնա ուժի մեջ։
Ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայներ հավաքած «Ուժեղ Հայաստանը», հիմնվելով իր շարքերում ընդգրկված իրավաբանների «ռոմանտիկ» լավատեսության վրա, ըստ որի՝ իրենք այնպիսի փաստեր ունեն, որ ՍԴ-ն չի կարող մերժել հայցադիմումը, որոշեց վիճարկել ընտրությունների արդյունքները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձևավորված և նրա կամակատար Սահմանադրական դատարանում։ Վերջինս էլ կայացրեց այն որոշումը, որը բխում է իշխող ուժի և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու շահերից։
Այն, որ Սահմանադրական դատարանը վաղուց դադարել է լինել անաչառ և երկրի Սահմանադրության ու օրենքների հիման վրա գործող կառույց, նորություն չէ։ Այդ մասին, հավանաբար, իրենց հոգու խորքում գիտեին նաև այն մարդիկ, ովքեր նախաձեռնեցին ՍԴ դիմելու գործընթացը և Սամվել Կարապետյանին հավաստիացնում էին, թե պայքարի ամենաարդյունավետ ձևը հենց այդ ճանապարհն է։
Ի՞նչ էին փնտրում ընդդիմադիր ուժերը ՍԴ «արդարադատության» միջանցքներում. դա պայքարի իմիտացիա էր՝ հասարակությանը համոզելու համար, թե, իբր, «գործ են անում»։ Իսկ մերժումն ստանալուց հետո նրանք «ստիպված» են վերցնել այն բաղձալի մանդատները, որոնց համար, ըստ շրջանառվող տեղեկությունների, «Ուժեղ Հայաստանի» ներսում թեժ հակասություններ կան։
Մարդիկ, ովքեր ժամանակին «Հայաստան» դաշինքին սուր քննադատության էին ենթարկում Ազգային ժողովում «բոքսի տանձիկ» աշխատելու համար, այսօր հարցազրույցներ են տալիս և ելույթներ ունենում՝ փորձելով համոզել, թե խորհրդարանական գործունեությունը պայքարի կարևոր գործիք է։ Դաշինքի ցուցակում ընդգրկված են մարդիկ, որոնց համար քաղաքական երկնակամարում հայտնվելը նույնքան անսպասելի և բաղձալի էր, որքան ժամանակին շատ երիտասարդ ՔՊ-ականների համար։ Այս թիմում կան տարբեր քաղաքական անցյալ ունեցող, կասկածելի ակնունքներում կանգնած և կասկածելի ճանապարհ անցած անձինք։ Արդյունքում ձևավորվել է քաղաքական «աջաբսանդալ», որի վերահսկողությունը դժվար է թե Ազգային ժողովից դուրս, թե առավել ևս՝ խորհրդարանում։ Այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանը կարող է հեշտությամբ այստեղից մարդ տանել և ապահովել քաղաքական մեծամասնությունը։
Հունիսի 8-ի վաղ առավոտյան, երբ ընտրությունների հաշվարկը դեռ ավարտված չէր, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իրենց հաղթանակի մասին։ Այդ պահին ընդդիմադիր հասարակությունը հագած-կապած սպասում էր ընդդիմադիր ուժերի կոչին՝ դուրս գալ փողոց և բողոքի ձայն բարձրացնել՝ իշխանությանը մեղադրելով Սահմանադրական կարգը խախտելու մեջ։ Սակայն նման կոչ չհնչեց։
Ընդդիմադիր բազմաթիվ քաղաքացիներ պատրաստ սպասում էին փողոցային պայքարի մեկնարկին, որը կարող էր զուգահեռ ընթանալ իրավական գործընթացներին՝ դրանք դարձնելով ավելի արդյունավետ։ Սակայն, առաջատար ընդդիմադիր ուժի կողմից նման նախաձեռնություն չեղավ։ Դա լուրջ կասկածների և հիասթափության պատճառ դարձավ։ Պայքարի պատրաստ հասարակությունը հերթական անգամ համոզվեց, որ իշխանափոխության մասին հնչեցվող խոստումները մնացին միայն ելույթների մակարդակում, իսկ ընդդիմադիր առաջատար ուժը ընդամենը քաղաքակիրթ ձևով իշխանությանը խնդրում է զիջել իշխանությունը։
Պատմությունը դժվար թե հիշի դեպքեր, երբ բռնապետական դրսևորումներ ունեցող որևէ իշխանություն կամովին ու «կուլտուրական» ձևով զիջած լինի իր դիրքերը ընդդիմությանը։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, որոնց համար իշխանության պահպանումը կենսական նշանակություն ունի։
Մինչ ընդդիմադիր ուժերը շարունակում են հույս դնել իրենց իրավաբանների հնարավորությունների վրա և վարել «կուլտուրական» պայքար, իշխանությունը շարունակում է ամրապնդել իր դիրքերը՝ միաժամանակ թուլացնելով առանց այդ էլ պառակտված ընդդիմադիր դաշտը։
Հունիսի 8-ից մինչ օրս անցել է բավական ժամանակ, ինչը բավարար էր հասկանալու համար, որ ընդդիմադիր «թագավորը» պատրաստ չէ իրական պայքարի, իսկ իր ղեկավարած քաղաքական ուժը բավարարվում է մանդատներ ստանալով և Ազգային ժողովում կոշտ ընդդիմադիր ելույթներ ունենալու հեռանկարով։
Սամվել Կարապետյանը, փաստորեն, լսելով կուլիսային և կասկածելի խորհրդատուներին, կամա թե ակամա դարձավ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման ու վերարտադրության «գործընկերը»՝ ընդդիմադիր հասարակությանը հերթական անգամ հիասթափության մատնելով։ Դժվար է հավատալ, թե բարերարն անձամբ էր մտել նման խաղի մեջ, որքան էլ համառորեն շրջանառվում են լուրեր, թե Կարապետյանների և Փաշինյանի ընտանիքների ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են Տավուշի՝ աչքից հեռու վայրերում։
Այս տարիների ընթացքում ընդդիմադիր առաջնորդները, թերևս, պետք է որպես ուղենիշ ուսումնասիրեին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ժամանակվա ելույթներն ու քայլերը՝ հասկանալու համար, թե ինչպիսի վճռականություն, հետևողականություն և համառություն է պահանջում իրական ընդդիմադիր պայքարը։
Այս ամենից հետո գլխավոր հարցը մնում է անպատասխան․ ո՞վ է առաջնորդելու այն հասարակությանը, որը տարիներ շարունակ սպասում է ոչ թե հերթական հայտարարություններին, այլ իրական քաղաքական պայքարի։ Ընդդիմությունը չի կարող սահմանափակվել խորհրդարանական ելույթներով, երբ հանրության մի զգալի հատված ակնկալում է նախաձեռնող, վճռական և հետևողական առաջնորդություն։
Քաղաքական առաջնորդները գնահատվում են ոչ թե իրենց խոստումներով, այլ վճռականությամբ, պատասխանատվությամբ և ճիշտ պահին պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ։ Եթե ընդդիմությունը չի կարողանում հասարակության սպասումները վերածել կազմակերպված քաղաքական գործողության, ապա վաղ թե ուշ այդ հասարակությունը սկսում է փնտրել նոր առաջնորդների։
Այսօր ամենամեծ խնդիրը ոչ միայն իշխանությունն է, այլ նաև այն քաղաքական վակուումը, որն առաջացել է ընդդիմադիր դաշտում։ Իսկ այդ վակուումը դատարկ երկար չի մնում…
Նաիրա Վանյան
