ՄԱՍՆԱՏՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Այսօր վաղ առավոտից ուժային կառույցները լայնածավալ գործողություններ իրականացրին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև դրանց ղեկավարների բնակարաններում։ Դիմակավորված, ինքնաձիգներով զինված ուժայինների ներգրավմամբ իրականացվող այս գործողությունները ավելի շատ ռազմական օպերացիա էին հիշեցնում, քան իրավապահ միջոցառում։

Կարելի էր կարծել, թե այդ զինված ստորաբաժանումները մեկնել են Ջերմուկի կամ Սյունիքի ուղղությամբ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերին դուրս մղելու համար։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է. Փաշինյանի իշխանության օրոք ուժային ամբողջ մեքենան առավել վճռական է գործում սեփական քաղաքացիների, քաղաքական ընդդիմախոսների ու նրանց ընտանիքների դեմ, մինչդեռ արտաքին սպառնալիքների նկատմամբ նույն վճռականությունը հասարակությունը շարունակում է չտեսնել։

Փաշինյանն, ըստ էության, անցել է իր քաղաքական խոստումներից մեկի իրականացմանը՝ «պատերազմի եռագլուխ կուսակցության» առաջնորդներին հերթով քաղաքական դաշտից հեռացնելու և բանտեր ուղարկելու ծրագրին։ Այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընդդիմությունը, սահմանադրական պայքարի «կուլտուրական» ու նուրբ  հնարավորությունները սպառելով, ի վերջո որոշեց վերցնել իրենց հասանելիք մանդատները՝ փաստացի ընդունելով այն ընտրությունների արդյունքները, որոնց նկատմամբ մինչ այդ ինքն էր լուրջ կասկածներ ու մեղադրանքներ ներկայացնում։

Սակայն ամենամեծ խնդիրը նույնիսկ սա չէ։

Ակնհայտ է, որ ընդդիմադիր հիմնական ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի միջև այդպես էլ չձևավորվեց իրական քաղաքական միասնություն։ Չձևավորվեց ոչ միայն միասնական օրակարգ, այլև ամենատարրական փոխադարձ պատասխանատվություն։ Առաջնորդները, կարծես, նույնիսկ չկարողացան մեկ սեղանի շուրջ նստել և պայմանավորվել մի սկզբունքի շուրջ՝ եթե իշխանությունը հարվածում է մեկին, պատասխանում են բոլորը։

Փաշինյանը, բնականաբար, տեսնում է այս ճեղքերը։ Նա տեսնում է, որ յուրաքանչյուր ուժ հիմնականում զբաղված է սեփական խնդիրներով, իսկ մյուսի նկատմամբ կիրառվող ճնշումը դիտում է որպես իրեն չվերաբերող իրադարձություն։ Այդ համոզվածությունն էլ իշխանությանը տալիս է գործելու լրացուցիչ ազատություն։

Այսօր թիրախում Գագիկ Ծառուկյանն է։ Երեկ այլ ընդդիմադիր գործիչ էր։ Մինչ այդ՝ Բագրատ և Միքայել սրբազանները, այլ քաղաքական գործիչներ ու կալանավորված ընդդիմադիրներ։ Յուրաքանչյուր դեպքից հետո հնչեցին առանձին հայտարարություններ, սակայն չձևավորվեց այն համազգային և համընդդիմադիր դիմադրությունը, որը կարող էր իշխանությանը ստիպել վերանայել դադարեցնել քաղաքական ռեպրեսիաները։

Իսկ եթե այս տրամաբանությունը շարունակվի, վաղը թիրախում կարող են հայտնվել Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ ցանկացած այլ ազդեցիկ ընդդիմադիր գործիչ։ Իշխանությունը հերթով կփորձի մեկուսացնել յուրաքանչյուրին՝ վստահ լինելով, որ մյուսները կսահմանափակվեն հայտարարություններով և խորհրդարանական ելույթներով։

Քաղաքական պայքարում ամենավտանգավոր պարտությունը դատարանում կամ ընտրատեղամասում կրած պարտությունը չէ։ Ամենավտանգավորը այն պահն է, երբ ընդդիմությունն այլևս չի ընկալում մյուս ընդդիմադիրի նկատմամբ հարվածը որպես հարված ինքն իրեն։ Այդ պահից սկսվում է ոչ թե իշխանության հաղթանակը, այլ ընդդիմության ինքնաքայքայումը և ինքնասպանությունը։

Իսկ երբ քաղաքական դաշտը մասնատված է, իշխանությանը մնում է միայն հերթով փակել հաշիվները յուրաքանչյուրի հետ։

Նաիրա Վանյան