Ընդդիմադիր առաջատար ուժերի շիվար պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե իրենց համար անակնկալ էր, որ ընտրությունները կեղծվելու են, ընդ որում՝ կեղծվելու են ամենաանսպասելի ու ամենադաժան մեթոդներով։ Անգամ քաղաքականությունից այդքան էլ գլուխ չհանող մարդիկ լավ գիտեն, որ Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Իսկ երբ խոսքը վերաբերում է բռնապետի հատկություններով օժտված Նիկոլ Փաշինյանին, ապա պետք է պատրաստ լինեինք ամենաանսպասելի սցենարների։
Ընդդիմությունը պետք է նախապես հաշվարկած լիներ այս ամենը և նախապես ունենար պլան Բ, պլան Գ, պլան Դ և դեռ ավելին։ Սակայն հիմա եկել ու նոր են մտածում, թե ինչ անեն, ոնց անեն, որ ոչ իրենց ձայն տվողները դժգոհ մնան, ոչ էլ իրենք հեղինակազրկվեն։
Բավականին երկար մտորելուց հետո որոշեցին, որ մանդատները պետք է վերցնել։ Մինչդեռ ընտրություններից առաջ խոստանում էին, որ եթե ընտրությունները կեղծվեն, ապա հեղափոխություն կլինի։ Հավաստիացնում էին, որ իրենք գալիս են ոչ թե մանդատների համար, այլ գալիս են Փաշինյանին հեռացնելու համար։ Ինչպես տեսնում ենք, ո՛չ Փաշինյանին հեռացրին, ո՛չ հեղափոխություն արին, ո՛չ էլ անգամ փողոցային պայքարի թույլ շունչ ու հավես կա Հայաստանում։ Իսկ հասարակության ընդդիմադիր հատվածը դեռևս հունիսի 8-ից սպասում էր, որ երևանյան փողոցները կհեղեղվեն ցուցարարներով։
Ընտրություններից շատ չանցած՝ «Ուժեղ Հայաստանի» կարկառուն դեմքերը սկսեցին քարոզել մանդատները վերցնելու անհրաժեշտության մասին։ Հետո առաջին դեմքերը ինչ-որ անհասկանալի հաշվարկներից հետևություն արեցին, որ իրենց ընտրողների՝ հստակ թվով մեծամասնությունն իրենցից պահանջում է վերցնել մանդատները։ Թե ինչպես են արել այդ հաշվարկները, պարզ չէ։ Մինչդեռ իրականությունը հակառակն է…
Հետո առաջին դեմքերի մակարդակով սկսեցին խոսել ինչ-որ գաղտնի պլանների մասին, ինչի արդյունքում, իբր, Ալեն Սիմոնյանը հեռացավ ՔՊ-ից։ Մինչդեռ Սիմոնյանի հետ տեղի ունեցածը ներկուսակցական խնդիրների, հարաբերությունների խաթարման արդյունք է։ Կարծես թե ընդդիմադիր առաջնորդներն իրենց անզորությունը ուզում են քողարկել ինչ-որ խորհրդավոր քայլերով։
Հունիսի 7-ից անցել է ավելի քան մեկ ամիս։ Սակայն ընդդիմության հստակ քայլեր չեն ուրվագծվում՝ բացի մանդատները վերցնելուց և գրավոր ու բանավոր խոստումներից, թե մի օր Փաշինյանին կհեռացնեն։ Ընդդիմադիր գործիչներից շատերն արդեն մեկնել են ամառային հանգստի և այդ հանգստից լուսանկարներ են տարածում իրենց սոցցանցերի էջերում։ Իսկ այս ընթացքում ընդդիմադիր հասարակությունը հերթական անգամ հայտնվեց հուսահատվածի, հիասթափվածի և խաբվածի հոգեվիճակում:
Մինչդեռ, ի տարբերություն ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանն աշխատում է, գործում է, ակտիվորեն իրականացնում է իր հաշվարկած բոլոր քայլերն ու անելիքները։ Նա միշտ ունի իր պլանները՝ Ա-ից մինչև Ֆ։ Իհարկե, այս պլանների մշակման հարցում նրան օգնում կամ թելադրում են դրսի «հարազատները»՝ Եվրոպայից մինչև Թուրքիա ու Ադրբեջան։
Փաշինյանն ամրապնդում է իր դիրքերը, հող է նախապատրաստում Սահմանադրական փոփոխությունների համար, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է մտցնում՝ իր հետագա վերարտադրությունն ապահովելու համար, թուլացնում է ընդդիմադիր դաշտը, ձերբակալում, կալանավորում։ Անգամ ընդդիմադիր մյուս ուժերի առաջնորդների ձերբակալություններն ու կալանավորումները չեն ստանում համարժեք պատասխան և չեն բյուրեղանում ընդդիմադիր հուժկու պայքարի։ Այդ մասին լսում ենք միայն քննադատող հայտարարություններ, ուրիշ ոչինչ։
Մինչդեռ ընդդիմադիր դաշտը «դինջ-դինջ» մտորում է իր անելիքների շուրջ, Փաշինյանը հերթով «կքնեցինի» բոլորին…
Նաիրա Վանյան
