Օրեր առաջ գյուղմթերք արտադրողները փակել էին Երևան–Երասխ ավտոճանապարհը։ Պատճառը լոլիկի մթերման հետ կապված խնդիրներն էին։ Ինչպես հայտնի է, դեպի Եվրոպա «թռիչքի տոմս գնած» Հայաստանի իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության հետևանքով Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Հայաստանից արտահանվող մի շարք գյուղմթերքների նկատմամբ։ Ավելին, Հայաստանի իշխանությունների առջև դրված է հստակ պահանջ՝ կողմնորոշվել. կամ ամբողջությամբ շարժվել դեպի ԵՄ, կամ մնալ ԵԱՏՄ-ում՝ հրաժարվելով աշխարհաքաղաքական «շպագատից» և երկակի խաղերից։ Սակայն վարչապետը մինչ օրս այդ ընտրությունը չի կատարել։
Արտահանման սահմանափակումները լուրջ խնդիրներ են ստեղծել գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։ Արտադրանքը մնում է պահեստներում, փչանում և, ի վերջո, հայտնվում աղբավայրերում։
Թե ում դեմ է ուղղված լոլիկ արտադրողների այս բողոքը, այնքան էլ հասկանալի չէ։ Փաստ է, որ Հայաստանում գյուղմթերքը հիմնականում արտադրվում է մարզերում և գյուղական համայնքներում։ Մեկուկես ամիս առաջ կայացած համապետական ընտրությունների ժամանակ, բազմաթիվ ազգային ու պետական հարցերի հետ մեկտեղ, ըստ էության որոշվում էր նաև լոլիկի, ծիրանի, վարդերի և մյուս գյուղմթերքների «ճակատագիրը»՝ դրանք շարունակելո՞ւ էին արտահանվել ռուսական շուկա, թե՞ մնալու էին եվրոպական սպասումների և անորոշության տիրույթում։
Գործող իշխանությունը հիմնականում ձայներ ստացել է հենց մարզերից և գյուղական համայնքներից՝ այնտեղից, որտեղ գյուղատնտեսությունն ապրուստի հիմնական աղբյուրն է։ Անկախ նրանից, թե ինչպես են գնահատվում ընտրությունների արդյունքները, փաստ է, որ այդ համայնքների զգալի մասը քվեարկել է գործող իշխանության օգտին։ Իսկ այսօր նույն մարդիկ դուրս են գալիս փողոց և բողոքում այն քաղաքականության հետևանքների դեմ, որի շարունակությանը, ըստ էության, իրենք են մանդատ տվել։
Ամենացավալին, սակայն, այն է, որ Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասի համար առաջնային են դարձել միայն գրպանն ու սեփական բարեկեցությունը։ Ազգային արժեքները, պետությունն ու պետականությունը շատերի համար երկրորդական են դարձել։ Երբ Արցախը հայաթափվեց, երբ հազարավոր արցախցիներ բռնի տեղահանվեցին, Հայաստանի գյուղերում ճանապարհներ չփակվեցին։ Իսկ երբ սահմանափակվեց Սևանի ձկնորսությունը, մարդիկ դուրս եկան փողոց, փակեցին ճանապարհներ և բողոքեցին։ Երբ իշխանությունը սահմանազատման անվան տակ տարածքներ է փոխանցում թշնամուն և հայտարարում, որ այդ գործընթացը շարունակվելու է, շատերի համար դա, կարծես, ընդունելի է։ Բայց հենց վտանգվում է սեփական եկամուտը՝ լոլիկը, ծիրանը կամ այլ գյուղմթերքը, նույն մարդիկ դառնում են պայքարող։
Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չեմ կարող ընդունել, որ այն մարդիկ, ովքեր իրենց ընտրությամբ նպաստել են այս քաղաքականության շարունակությանը, այսօր ճանապարհներ փակեն, խաթարեն հազարավոր քաղաքացիների բնականոն կյանքն ու պահանջեն, որ բոլորը կիսեն իրենց կրած հետևանքները։
Երբ հայրենիքն էր կորցվում, երբ Արցախն էր հայաթափվում, երբ Հայաստանի անվտանգությունն էր վտանգվում, այդ նույն ճանապարհները լուռ էին։ Բայց երբ վտանգվեց լոլիկի վաճառքը, հանկարծ պայքարի ոգին արթնացավ։
Պայքարն արժանի է հարգանքի միայն այն ժամանակ, երբ այն մղվում է ոչ միայն սեփական գրպանի, այլ նաև պետության, հայրենիքի և ազգային արժանապատվության համար։ Հակառակ դեպքում այն ընդամենը ուշացած դժգոհություն է՝ սեփական ընտրության հետևանքների դեմ։
Իհարկե, այս խոսքերը չեն վերաբերում բոլորին։ Դրանք վերաբերում են միայն նրանց, ովքեր ժամանակին անտարբեր էին ազգային ճակատագրի նկատմամբ, բայց այսօր պատրաստ են ճանապարհ փակել միայն այն ժամանակ, երբ դատարկվում է իրենց գրպանը։
Նաիրա Վանյան
