ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՉԻ ՀԵՌԱՆԱ

Այսօր առավել քան արդիական են Իոսիֆ Ստալինին վերագրվող խոսքերը. «Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկում։ Կարևոր է, թե ով է հաշվում»։

2026 թվականի հունիսյան ընտրություններին բազմաթիվ քաղաքական ուժեր և գործիչներ թերահավատությամբ էին վերաբերվում՝ հաշվի առնելով 2021 թվականի ընտրությունների փորձը և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունն ամեն գնով պահպանելու մոլուցքը։ Ընտրապայքարի դուրս եկած ընդդիմադիր ուժերը հույս ունեին, որ հնարավոր կլինի կրկնել Գյումրիի սցենարը, և Ազգային ժողովում մեծամասնություն կազմած ընդդիմադիր պատգամավորները կընտրեն ընդդիմադիր վարչապետ։ Սակայն տեղի ունեցավ այն, ինչը շատերի համար սպասելի էր։

Այսօր, նույնիսկ փորձագետների արձանագրած ընտրախախտումների և կեղծիքների պայմաններում, Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, սակայն նրա ձեռքում են ուժային կառույցներն ու իրավապահ համակարգերը, որոնք ոչ միայն կատարում են ՔՊ-ի  իշխանության կամքը, այլև ուշադիր հետևում են Փաշինյանի յուրաքանչյուր հրապարակային հայտարարությանը՝ հասկանալու, թե ով է լինելու հաջորդ ձերբակալվողը, գետնին փռվողը, կալանավորվողը կամ քրեական հետապնդման ենթարկվողը։

Այսպիսով, խորհրդարանում սահմանդրական մեծամասնության պակասը  լրացվում է ուժային և «իրավական-հակաիրավական» մեթոդներով։ Իշխանության կամքով ընդդիմադիրների հերթական «խումբն» է հայտնվում բանտերում ու կալանավայրերում, իսկ ընտրությունների արդյունքների շուրջ քննարկումները աստիճանաբար մարում են. ամառային հանգստի օրեր են։

Մի կարևոր հանգամանք ևս պետք է արձանագրել. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ նույնպես Հայաստանում իշխանությունը երբեք ընտրությունների միջոցով չի փոխվել։ Տարբեր ժամանակներում արձանագրվել են ընտրախախտումներ, լցոնումներ, «կառուսելներ», ընտրակաշառք և վարչական ռեսուրսի կիրառում։ Արդյունքում գործող իշխանությունը միշտ վերընտրվլ է  և պահպանել է իր դիրքերը։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ միակ համապետական ընտրությունները, որոնք եղել են ազատ ազատ և մրցակցային, 1991 թվականի նախագահական ընտրություններնն էին։ Դրանք անցկացվեցին ԽՍՀՄ փլուզման և պատերազմի պայմաններում։ Թեև ընտրապայքարին մասնակցում էին ծանրակշիռ քաղաքական գործիչներ, Լևոն Տեր-Պետրոսյանը ստացավ շուրջ 83 տոկոս ձայն։ Դա Հայաստանի առաջին  համապետական ընտրությունն էր, որի արդյունքները լայն լեգիտիմություն ունեցան։

Դրան հաջորդեցին 1996 թվականի նախագահական ընտրությունները, որով հիմք դրվեցին բռնություններով ու կեղծիքներով անցկացվող ընտրություններին ։ Ընդդիմության հիմնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն էր։ Այդ ընտրությունների ժամանակ եղան բազմաթիվ կեղծիքներ, լցոնումներ, բռնություններ, հոսանքազրկումներ ընտրատեղամասերում:  Վազգեն Սարգսյանի հայտնի արտահայտությունը՝ «Եթե անգամ 100 տոկոս հավաքեին, ո՞վ կթողներ, որ նրանք հաղթեն…», դրանց վառ ապացույցն էր։

Այդ ժամանակաշրջանից ձևավորվեց ընտրությունների նկատմամբ անվստահության ավանդույթը։ Տարբեր նախագահների օրոք այդ երևույթներն ունեցել են տարբեր դրսևորումներ և մասշտաբներ։

Հայաստանի պատմության ընթացքում երկրի ղեկավարի փոփոխությունը երկու անգամ տեղի է ունեցել ոչ թե ընտրությունների արդյունքով, այլ քաղաքական զարգացումների հետևանքով։ Առաջինը՝ 1998 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր, որը պայմանավորված էր ներքաղաքական ճգնաժամով և երկրի ղակավարության պահաանջով։ Երկրորդը՝ 2018 թվականի իրադարձություններն էին, երբ իշխանափոխությունը տեղի ունեցավ զանգվածային բողոքի շարժման և աշխարհաքաղաքական և ներքաղաքական խմորումների արդյունքում։

Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ եթե ժողովուրդը պահանջի իր հրաժարականը, ինքը կհեռանա, և Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծվի։ Սակայն, այդ խոստումը, ինչպես շատ ուրիշներ, մնաց չիրականացված։ փուչ խոստում:

Այսօր իշխանության հրաժարակնը պահանջող բողոքի ակցիաների մասնակիցները ենթարկվում են բերման, ծեծի, քրեական հետապնդման, իսկ որոշ դեպքերում կիրառվում են նաև հատուկ միջոցներ, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ։ Բանտերը լիքն են քղբանտարկյալներով,  իսկ դատարանները  ծանրաբեռնված են ընդդիմադիր գործիչների գրծերով։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ձևավորել է անձնակենտրոն իշխանություն, որի գլխավոր նպատակը իշխանության պահպանումն է։ Այդ պատճառով ակնկալել, որ նա երբևէ կհեռանա բացառապես ընտրությունների միջոցով, իրատեսական չէ։  Իրավական ճանապարհով իշխանափոխության հնարավորությունը ևս անհնար է, քանի որ դատական և իրավապահ համակարգերը չեն գործում որպես  անկախ ինստիտուտներ։

 Փաշինյանը դառնում է բռնապետ: Իսկ բռնապետերը ընտրություններով չեն հեռանում…

Եթե քաղաքական ուժերը իսկապես նպատակ ունեն հասնել իշխանափոխության, ապա պետք է հասարակության հետ լինեն ազնիվ։ Նրանք չպետք է ստեղծեն պայքարի իմիտացիա, այլ ընտրեն իրական և արդյունավետ քաղաքական պայքարի ուղիներ։

Նաիրա Վանյան