Կոմբայնը, իհարկե, լավ բան է, բայց մենք ձեզ կոմբայնի համար չենք ընտրել…

Կոմբայնը, անշուշտ, լավ բան է։ Այն հեշտացնում է գյուղացու աշխատանքը, բարձրացնում բերքատվությունը, թեթևացնում գյուղատնտեսի հոգսը։ Սակայն այսօր խոսքը կոմբայնի մասին չէ։

Արդեն վստահորեն կարելի է ասել, որ այս ընտրությունների արդյունքում իշխանություն չփոխվեց։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մնացին երկրի ղեկին: Դեռ մի բան էլ ավելին՝ ավելի ուժեղացրին ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները: Իսկ ընդդիմության հետընտրական պայքարը փաստացի ավարտվեց Սահմանադրական դատարան դիմելո «կուլտուրական» քայլով։ Չնայած բազմաթիվ գնահատականներին ու հայտարարություններին, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը, ընդդիմադիր երրորդ ուժը զրկվեց խորհրդարան մտնելու հնարավորությունից, դրան հաջորդած պայքարը սահմանափակվեց բացառապես իրավական ճանապարհով։ Իսկ ՍԴ-ի որոշումից հետո ընդդիմությունը պայքարելու իր պարտքն ու խոստումւ համարեց կատարած և մտավ խորհրդարան՝  փաստացի ընդունելով քաղաքական նոր իրողությունը։

Օրերս Նարեկ Կարապետյանը հրապարակեց տեսանյութ՝ «Խնդիրը լուծվեց. N1» վերնագրով։ Կուրթանի, Գյուլագարակի և Գարգառի գյուղերին նվիրաբերվել է կոմբայն։ Սա, անկասկած, կարևոր ու օգտակար նախաձեռնություն է։ Գյուղացիները շատ լավ գիտեն, թե որքան մեծ խնդիր է ժամանակակից գյուղտեխնիկայի բացակայությունը, և որքան է այն հեշտացնում իրենց աշխատանքը։

«Ուժեղ Հայաստան»-ի թիմը կատարում է նաև այլ նախընտրական խոստումներ. այն բնակավայրերում, որտեղ հաղթել է, բազմազավակ ընտանիքների հինգերորդ զավակներին բնակարաններ է նվիրում։

Այս ամենը գնահատելի է։ Ավելին՝ Սամվել Կարապետյանի համար բարեգործությունը նորություն չէ։ Նա մեծ բարեգործություններ է արել  նաև մինչ քաղաքականություն մտնելը: Տարիներ շարունակ նրա անունը կապվել է հարյուրավոր բարեգործական ծրագրերի հետ Հայաստանում և Արցախում։ Հետևաբար, կոմբայնի կամ բնակարանի նվիրատվությամբ նա ոչ ոքի չի զարմացնում։

Բայց քաղաքականության մեջ ընտրողը բարեգործի և քաղաքական առաջնորդի նկատմամբ տարբեր սպասելիքներ ունի։ Սամվել Կաապետյանի թիմին ընդդիմադիր հասարակություն չէր ընտրել, որ նա բարեգործություններ անի, այլ ընտրել էր նրան մեկ հիմնական նպատակի համար՝ փոխել իշխանությունը։

Դա էր գլխավոր խոստումը։ Դա էր գլխավոր ակնկալիքը։

Ընդդիմադիր ընտրողը համոզված էր, որ իր քվեն պետք է դառնա իշխանափոխության գործիք։ Ընդդիմադիր հանրահավաքների բազմամարդ մասնակցությունը վկայում էր, որ հասարակության զգալի հատվածը փոփոխություն է ուզում և պատրաստ է նաև փողոցում պայքարել դրա համար։ Ընդդիմադիր ուժերի նախընտրական բազմահազարանոց հանրահավաքները դրանց վկայությունն էին:

Սակայն, այդ պայքարը չեղավ։ Փողոց դուրս չեկան առաջնորդները, իսկ նրանց հետևորդներն առանց առաջնորդի մնացին սպասման մեջ։ Ի վերջո, ընտրվեց կեղծված ընտրությունների հետ հաշտվելու ճանապարհը։

Եվ հենց այստեղ է հիմնական հակասությունը։

Կոմբայնը լուծում է գյուղացու խնդիրը։ Բնակարանը լուծում է ընտանիքի խնդիրը։

Բայց դրանք չեն լուծում այն խնդիրը, որի համար հարյուր հազարավոր մարդիկ գնացին ընտրատեղամասեր։  Մարդիկ քվեարկել էին ոչ թե հերթական բարեգործական ծրագրի, այլ քաղաքական փոփոխության համար։

Այսօր, որքան էլ օգտակար լինեն կոմբայններն ու բնակարանները, դրանք չեն կարող փոխարինել չկատարված գլխավոր խոստմանը։

Ընտրողը սպասում էր ոչ թե հերթական նվիրատվությանը, այլ իր քվեի պաշտպանությանը։

Նաիրա Վանյան