Եվ այսպես, արդեն հինգերորդ օրն է՝ ընտրություններն ավարտվել են։ Հասարակությունը համբերությամբ, որոշ չափով հուսահատությամբ ու հիասթափությամբ սպասում է ընդդիմադիր ուժերի հստակ քայլերին՝ հայտարարություններից զատ։
Այն բանից հետո, երբ քվեարկության հաշվարկը դեռ չավարտված՝ Փաշինյանն ու իր թիմակիցները մտան եթեր և «ազդարարեցին» իրենց հաղթանակի մասին, ինչը ՀՀ Սահմանադրության խախտում է և իշխանությունը զավթելու փորձ, արդեն պարզ էր, որ այս մարդիկ, իրենց անձնական օգտագործման ԿԸՀ-ով, ամեն ինչ անելու են իրենց իշխանությունը չկորցնելու համար։
Անվիճելի է, որ ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով, վարչական ռեսուրսների կիրառմամբ։ Իսկ այն, ինչ կատարվեց քարոզարշավի ժամանակ՝ ընդդիմադիրների նկատմամբ ծեծ ու ջարդ, ձերբակալություններ, երկրի առաջին դեմքի կողմից սադրիչ հայտարարություններ, ուղիղ հրահանգներ դատաիրավական և իրավապահ համակարգերին, ոչ միայն քրեորեն պատժելի արարքներ են, այլև ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումներ։
Ուստի, երբ Փաշինյանը տվեց իր կեսգիշերային «աչքալուսանքը», ընդդիմադիր առաջնորդներն ու նրանց գրասենյակները պետք է հասկանային, որ եկել է «զանգ կախելու» ժամանակը․ ճառերն այլևս սպառված գործիքակազմ են։
Իհարկե, պետք է գնալ բոլոր գողացված քվեների հետևից, պետք է բացահայտել բոլոր ընտրակեղծիքները և արձանագրել ընտրությունների իրական արդյունքները, եթե, իհարկե, դրան դեմ չէ Փաշինյանի թիմակից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Սակայն, միայն դրանով զբաղվելը հնարավորություն և ժամանակ է տալիս Փաշինյանին՝ ձերբակալելու ընդդիմադիր առաջնորդներին, ամրագրելու իր «հաղթանակը» և «կոտրելու» ընդդիմադիր հասարակությանը, փոշիացնելու վստահությունը։
Այս ընթացքում ընդդիմադիր առաջատար ուժի՝ «Ուժեղ Հայաստան»-ի կարկառուն ներկայացուցիչները մտնում են ուղիղ եթեր և տողատակով սկսում են հնչեցնել մանդատ վերցնելու հեռանկարն արդարացնող մտքեր։ Ակնհայտ է, որ այս թիմում ներքին խմորումներ կան․ ոմանք ուզում են վերցնել մանդատը և մտնել ԱԺ, որպեսզի, իբր, այնտեղ «բռնեն» Փաշինյանի ձեռքը և թույլ չտան փոխել Սահմանադրությունը, նշանակել դատավորների և այլ պատասխանատուների։ Դրանով, նրանց կարծիքով, հնարավոր կլինի նաև լուծել քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, ինչպես հայտարարում էր Նարեկ Կարապետյանը՝ մոռանալով, որ այս ընտրությունները քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին չէին, այլ Փաշինյանին հեռացնելու։
«Հասկանանք» այս մարդկանց։ Վերջիվերջո, նրանք հոգնել են քարոզարշավից, լարվածությունից, ուզում են վերցնել իրենց մանդատները և գնալ ամառային արձակուրդի, աշնանը վերադառնալ ու թունդ ելույթներ ունենալ ԱԺ ամբիոնից, ինչը մինչև հիմա անպտուղ կերպով անում էին նախորդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիրները։
Գուցե, նրանք իսկապես վստահ են, որ ՔՊ-ում էլ կան հայրենասեր մարդիկ, որոնք իրենց կմիանան և դեմ կքվեարկեն, ասենք, Տիգրանաշենի հանձնմանը, Սահմանադրական փոփոխություններին և այլն, ինչպես ասում է Գոհար Մելոքյանը:
Սակայն սա, մեղմ ասած, կամ քաղաքական կարճատեսություն է, կամ մոլորություն, կամ հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ։
Նախ՝ մանդատները վերցնելով, ընդդիմադիրները լեգիտիմացնում են կեղծված ընտրություններն ու Փաշինյանի վերընտրությունը:
Իսկ մինչ կվերցնեն իրենց բաղձալի մանդատները, Փաշինյանը «կգլխատի» ընդդիմությանը՝ կալանավորելով երեք առաջնորդներին, և դրանով ընդդիմությունը կդառնա անգործունակ։
Երկրորդ՝ ՔՊ-ից մարդ «գողանալը» գրեթե անհնար է։ Իսկ Փաշինյանը շատ հեշտությամբ կարող է մարդ տանել «Ուժեղ Հայաստան»-ից, որտեղ անցողիկ տեղերում կան անհայտությունից եկած և կասկածելի դիմադրողականությամբ մարդիկ։ Փաշինյանը նրանց կտանի և կդարձնի իրենը՝ ինչպես տարավ Գեղամ Նազարյանին, Իշխան Զաքարյանին։ Որքանո՞վ են մանդատ վերցնելու կողմնակիցները վստահ, որ նման մարդիկ չեն գտնվի իրենց ցուցակում։
Այո՛, Փաշինյանն իր համար կապահովի սահմանադրական մեծամասնություն և կանի այն, ինչ պարտադրում է Ալիևը, ու ինչ անհրաժեշտ է իր հավերժական իշխանությունն ապահովելու համար. կփոխի ՀՀ Սահմանադրությունը՝ հանելով անկախության թեզը, 300 հազար ադրբեջանցիներին «տանտիրոջ իրավունքով» կբերի Հայաստան, Ադրբեջանին կհանձնի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող համայնքներ, գյուղեր և տարածքներ՝ դրա անունը դնելով սահմանազատում։
Հայաստանը կդառնա Ադրբեջանի ազդեցության ներքո գործող տարածք, որի «մարզպետը» առայժմ կլինի ինքը՝ Փաշինյանը, հետո՝ գուցե ադրբեջանցի։ Չմոռանանք, որ Բաքվում պատրաստվում են «վերադառնալ» «Արևմտյան Ադրբեջան»՝ Երևան։
Եվ մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը, եթե ընդդիմադիր ուժերը ոչ թե պայքարեն կեղծված ընտրությունների դեմ և Սահմանադրական կարգը խախտած Փաշինյանի հեռացման համար, այլ վերցնեն իրենց բաղձալի մանդատները և մտնեն ԱԺ։
Ահա թե ինչ կարժենան այդ մանդատները։
Հ/Գ Զավեշտալին այն է, որ մանդատները վերցնելու կողմ է այն մարդը, ով վերջին տարիներին «Հայաստան» դաշինքին քննադատում և ծաղրում էր՝ ԱԺ-ում «բոքսի տանձիկ» աշխատելու համար։
Նաիրա Վանյան
