Օրերս համացանցում տեսանյութ տարածվեց, թե Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը ինչպես է Երևանի փողոցներից մեկում թուրքերեն խոսելու համար մի կնոջ կողմից պարսավանքի ենթարկվում: Ֆրանսահայ մեր հայրենակից Նուբար Սերոբյանը, սակայն, այս իրողությանմեջ ոչ թե Փայլանի թուրքերեն խոսելն է վտանգավոր համարում, քանի որ, ըստ Սերոբյանի, Թուրքիայում կան լավ հայեր, ովքեր չեն խոսում հայերեն, այլ այն, որ Փայլանը Հայաստան է գործուղվել թուրքական հատուկ ծառայությունների կողմից՝ աջակցելու տեղի թուրքամետ գործիչներին և Փաշինյանի իշխանությանը: Նուբար Սերոբյանը գրում է.
«Շատ լավ է անում այդ աղջիկը, բայց ափսոս, որ իր բերած փաստարկը՝ այսինքն Փայլանին թուրքերեն խոսելու համար քննադատելը, Փայլանին որևէ կերպ չի վնասում և չի վիրավորում։ Ավելին՝ նա, ամենայն հավանականությամբ, կօգտագործի այս միջադեպը թե՛ Թուրքիայի թուրքական, թե՛ հայկական շրջանակներում՝ այդ խոսքերը ներկայացնելով որպես Թուրքիայում հաճախ հանդիպող թուրք ազգայնամոլ ֆաշիստների փաստարկներին նման երևույթ։ Հարցը, սակայն, բոլորովին այլ է և շատ ավելի խորքային։ Իմ կարծիքով, Փայլանը դեռ այն ժամանակ, երբ Թուրքիայի Մեջլիսում պատգամավոր էր, կապված էր MIT-ի՝ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության հետ, իսկ այսօր նրա թիկունքում կանգնած է նաև ԱՄՆ State Department-ի նյութական և բարոյական աջակցությունը։ Ինձ համար նա Հայաստան չի եկել որպես զբոսաշրջիկ, այլ ընտրություններից առաջ՝ Հայաստանում գործող թուրքամետ և արևմտամետ շրջանակների հետ համագործակցելու և իր ստացած քաղաքական դիրքն ու ազդեցությունը համակարգելու նպատակով։ Ուստի, Երևանում մի աղջկա կողմից նրան կոպիտ կերպով մերժելը՝ այն հիմնավորմամբ, որ նա թուրքերեն է խոսում, զգացմունքային և սիրողական (amateur) վարքագիծ է, որը Փայլանի համար առանձնապես նշանակություն չունի, հատկապես, երբ նա պաշտպանված է Հայաստանի իշխանությունների կողմից։ Ավելին, չպետք է մոռանալ, որ Թուրքիայում կան նաև բազմաթիվ ազնիվ հայեր, որոնք հայերենին գրեթե չեն տիրապետում կամ ընդհանրապես չեն տիրապետում։ Այստեղ ցանկանում եմ կրկնել այն միտքը, որը շուրջ 30 տարի փորձել եմ բացատրել իմ հանդիպած և ճանաչած հայաստանցիներին, թեև չեմ կարող վստահ ասել, որ հաջողվել է»։
Նուբար Սերոբյանը համոզված է, որ 2018-ին Փաշինյանը չէր գա իշխանության, եթե ժամանակին մեր ազգային անվտանգությունը ճիշտ աշխատեր.
Սիրելի բարեկամ, Եթե հունիսի 7-ին մեր երկիրը վերջապես ազատվի Նիկոլ Փաշինյանի ներկայիս իշխանությունից և կարողանա կառուցել իրական ազգային պետություն՝ հիմնված ազգային դոկտրինի վրա, ես իմ պարտքը կհամարեմ որոշում կայացնող կենտրոններին բացատրել, թե իրականում ինչ են իրավական պետությունն ու ազգային պետությունը, ինչպես նաև՝ ինչպես պետք է դրանք վերաբերվեն ազգային անվտանգության հարցերին։ Պետք է վերջ դնել կեղծ օրակարգերին և շեղող գործողություններին։ Խնդիրը ընդդիմության դեմ պայքարը չէ, այլ արտաքին և ներքին թշնամիների դեմ վճռական գործողությունների իրականացումը՝ հստակ սահմանելով ռազմավարությունն ու կիրառվելիք միջոցները։ Իմ կողմից ես վճռական եմ կյանքի մնացած մասը նվիրել այս գործին՝ բացահայտելով Հայաստանի դեմ թուրքական MIT-ի կողմից կիրառվող «փափուկ ուժի» («soft power») մեխանիզմները և անխոնջ շարունակելով այդ աշխատանքը։
