Նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մասիսի խոշորացված համայնքի գյուղեր։
Այս համայնքում զգալի աշխատանքներ են իրականացվել դեռևս նախկին համայնքապետ, «Իմպիչմենթ» նախաձեռնության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի պաշտոնավարման տարիներին։ Կատարվել են բարեկարգման, վերանորոգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ, ակտիվացել է նաև մշակութային կյանքը։ Դավիթ Համբարձումյանի ղեկավարության տարիներին Մասիսը զգալի փոփոխությունների է ենթարկվել։
Սա հնարավորություն է տալիս Նիկոլ Փաշինյանին նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացնել համայնքում իրականացված աշխատանքները որպես սեփական իշխանության ձեռքբերումներ։ Օրինակ՝ ասֆալտապատման ծրագրերը եղել են համայնքային նախաձեռնություններ, որոնց ֆինանսավորման հիմնական մասը տրամադրել է համայնքը, իսկ ավելի փոքր մասը՝ կառավարությունը։ Սակայն, քարոզարշավի ընթացքում դրանք ներկայացվում են որպես կառավարության իրականացրած ծրագրեր։
Նախընտրական շրջանում իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի համայնքի ընտրված ղեկավար Դավիթ Համբարձումյանը շինծու գործով հայտնվի անազատության մեջ՝ նրան լռեցնելու և քաղաքական ակտիվությունից զրկելու նպատակով։ Հիշեցնենք, որ նմանատիպ մոտեցումներ կիրառվել են նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ինչպես նաև այլ ընդդիմադիր գործիչների և բարձր վարկանիշ ունեցող անձանց նկատմամբ։
Երբ համայնքների և երկրի համար ծառայություններ մատուցած մարդիկ զրկված են ազատ խոսքի հնարավորությունից, նրանց փոխարեն ավելի հեշտ է հանրությանը ներկայացնել այլոց կատարած աշխատանքները որպես սեփական ձեռքբերումներ՝ հատկապես այն իշխանությունների կողմից, որոնք կազմաքանդում են երկիրը և նրա ենթակառուցվածքները։
Նաիրա Վանյան
