Ծեծկռտուքներ, բռնություններ, ձերբակալություններ, կալանավորումներ. նախընտրական Հայաստանն ու «աշխարհի» լռությունը

 Սովորաբար բոլոր երկրներում, բոլոր ընտրություններից առաջ նախընտրական և քաղաքական իրավիճակը սրվում է, քաղաքական խոսույթն ավելի սուր բնույթ է ստանում։ Սակայն զարգացած երկրներում միմյանց հետ «կռիվ են տալիս», իրար վիրավորում ու զրպարտում առաջին դեմքերը։ Օրինակ՝ Թրամփը, հաճախ դուրս գալով քաղաքական կոռեկտության սահմաններից, վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում իր մրցակիցների հասցեին։  Նա, օրինակ, իր մրցակցուհուն անվանում է «չբեր կատու»:

 Նման երկրներում, սակայն, առաջին դեմքերը չեն կռվում իրենց հետ անհամաձայն շարքային քաղաքացիների հետ, ընդդիմադիր գործիչներին չեն զրկում ազատությունից, նրանց դեմ շինծու գործեր չեն հարուցում։ Պարզապես հեռավար պայքարում են, վիրավորում և մեղադրում միմյանց՝ որպես քաղաքական մրցակիցներ։

Հայաստանում, սակայն, այլ իրավիճակ է։ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում միայն իր մրցակիցներին բոլոր աշխարհիկ ու հոգևոր մեղքերի մեջ մեղադրելով և «հանցագործ» կարգելով։ Նրա և իր թիմակիցների կռիվը միայն ընդդիմադիր ուժերի առաջնորդների դեմ չէ։ Նրանք կռիվ ունեն նաև այն շարքային քաղաքացիների հետ, որոնք իրենց ընտրողը չեն, համարձակվում են հակադարձել, հակափաստարկներ բերել, խոսել հայրենիքի և ազգային արժեքների մասին։ Նման քաղաքացիները՝ կին թե տղամարդ, հաճախ դառնում են վիրավորանքների ու ճնշումների թիրախ։ Մոլեգնած Նիկոլը քաշքշում է կանանց, վիրավորում, զարմանում ու զայրանում, թե իրեն տհաճ հարց տված տղամարդը ինչու չի զոհվել, ինչու է ողջ մնացել։ Եվ այս գործելաոճը, կարծես, ընդօրինակում են նաև նրա թիմակիցները։

Սակայն բռնությունը միայն քաշքշելով ու վիրավորելով չի ավարտվում։ Արդեն ֆիզիկական բռնությունների են ենթարկվում ընդդիմադիր ուժերի աջակիցները, որոնք ընդամենը իրազեկման ակցիաներ են իրականացնում, նախընտրական բուկլետներ բաժանում։ Մասիսի Մարմարաշեն համայնքում տեղի ունեցածը պարզապես սահմռկեցուցիչ է, երբ հասուն տղամարդը՝ Արսեն Հարությունյանը, ով ՔՊ ցուցակով համայնքի ավագանու անդամ է և Մասիսի ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավարը, ոտքերով ու բռունցքներով հարվածում է տղամարդկանց, կանանց, անգամ ՝ հղի կնոջը։

Մայիսի 31-ին երկու ՔՊ-ական հարձակվել էին Նաիրի Հոխիկյանի քաղաքական-հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանի տան վրա,  նրան հարվածել, փորձել առևանգել, մտնել տուն:

Արթիկում ՔՊ-ականները ծեծել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին։

Հատկանշական է, որ այս և հոդվածում հիշատակվող մի շարք այլ միջադեպերի վերաբերյալ համացանցում առկա են տեսանյութեր, լուսանկարներ և բազմաթիվ հրապարակումներ, որոնք լայն տարածում են ստացել հանրային ու լրատվական հարթակներում։ Իրավապահները, սակայն, դրանք կարծես չեն տեսնում։

Էլ չենք խոսում երկրում քաղբանտարկյալների թվի մասին։ Մարդիկ քաղաքական կարծիք հայտնելու համար հայտնվում են ճաղերի հետևում՝ հանցագործների նման։ Հոգևորականներ ու սրբազաններ են բանտարկված, նստած մեղադրյալի աթոռին։

Մի խոսքով, Հայաստանում հաստատվել է բացարձակ խուժանապետություն, ինչը երկրի ղեկին նստածի վախերի և օրենքից դուրս գործելու ցուցիչն է։ Նա և իր թիմակիցներն այս ընտրությունները դիտարկում են որպես կյանքի և մահվան հարց, դրա համար էլ պատրաստ են կենաց-մահու պայքար մղել բոլորի դեմ։ Այս ամենը հղի է անկանխատեսելի և վտանգավոր հետևանքներով։ Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, հատկապես եթե պարտության վտանգ զգա գործող իշխանությունն ու նրա ղեկավարը։

Այս ամենը տեղի է ունենում իրենց ժողովրդավարության բաստիոն հռչակված ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաների աչքի առաջ, որոնք, ըստ էության, այս ամենը համարում են ժողովրդավարություն, աջակցում են Նիկոլ Փաշինյանին և քաջալերում նրան՝ ավելի ուժեղացնել բռնապետական գործելակերպը։ Այս իրավիճակում հայ հասարակությանը մնում է դիմել եվրոպացի պաշտոնյաներին և ԱՄՆ նախագահին՝ վերցրեք ձեր «ժողովրդավարությունը» և հանգիստ թողեք Հայաստանն ու հայ հասարակությանը։

https://www.facebook.com/reel/27004894625827533

Նաիրա Վանյան