ՄԵԶ ՊԵ՞ՏՔ Է «ՎԻԶԸ ԾՈՒՌ» ՂԵԿԱՎԱՐ

 Դրսում՝ Ալիևի և Էրդողանի հետ հանդիպումներում, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հեզ ու զիջողական կեցվածքով։ Սակայն, արդեն ութ տարի է՝ Հայաստանի ներսում նա փորձում է ներկայանալ որպես «դուխով» և ուժեղ «տղա»՝ պետական ուժային կառույցների միջոցով ճնշումներ գործադրելով սեփական քաղաքացիների նկատմամբ։

Նրա իշխանության տարիներին մենք ամեն օր ականատես ենք լինում ընդդիմախոսների նկատմամբ կոշտ վերաբերմունքի, զոհվածների և անհայտ կորածների ծնողների հետ բախումների, քաղաքական հակառակորդների հասցեին հնչող սպառնալիքների ու վիրավորական արտահայտությունների։ Լսում ենք «ծեփել պատին», «փռել ասֆալտին», «կզացնել», «սատկացնել» և նմանատիպ այլ հայտարարություններ, որոնք անհարիր են պետական ղեկավարին և խորացնում են հասարակական պառակտումը։

Իրականում Փաշինյանը այն «դուխով» տղան չէ. ինչպիսին ուզում է ներկայանալ. մարտի մեկի դեպքերից  հետո նրա փախուստը՝ վկա… Երկրի ներսում նա ձգտում է ցուցադրել կոշտ ղեկավարի կերպար, մինչդեռ արտաքին քաղաքական հարթակներում  հանդես է գալիս թույլ,   անինքնավստահ, զիջող, ուրիշների կամակատարի դիրքերից։  Իսկ դա  արդեն դարձել է պետական կառավարման լուրջ խնդիր։

Այս տարիների ընթացքում Հայաստանը կրել է ծանր կորուստներ, թուլացրել իր բանակցային դիրքերը և այսօր կանգնած է նոր սպառնալիքների առաջ։ Մինչդեռ, Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտորեն առաջ է մղում նոր պահանջներ և հավակնություններ: Ալիևը անթաքույց պատրաստվում է առանց տանկերի գալ «Արևմտյան Ադրբեջան»:

Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ թե ղեկավար, որը մշտապես արդարացումներ է փնտրում և պատասխանատվությունը բարդում ուրիշների վրա, այլ առաջնորդ, որն ունի պետական մտածողություն, փորձ, արժանապատվություն և ազգային շահերը պաշտպանելու կամք։ Մեզ անհրաժեշտ է ղեկավար, որի հետ հաշվի կնստեն միջազգային ուժային կենտրոնները, ոչ թե այնպիսի ղեկավար, որին պարզապես թելադրեն պայմաններ։

Հայաստանին պետք է ուժեղ, պատասխանատու և ազգային արժանապատվություն ունեցող առաջնորդ։ Մեզ պետք չէ «վիզը ծուռ» ղեկավար։

 նԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ