Բավականին երկար ժամանակ ընդդիմադիր մամուլը զերծ էր մնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մասին որեւէ «թթու» խոսք գրել` Հայաստանի համար այս դժվար ժամանակշրջանում նրա կրավորական կեցվածքից, քանի որ դրանով ջուր կլցնեինք հակաեկեղեցական, հակաքրիստոնեական, հակահայկական քաղաքականություն որդեգրած փաշինյանական իշխանության ջրաղացին: Սակայն, այդ ջրաղացին ջուր լցրեց հենց ինքը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն…
Ինչպե՞ս Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս
1999 թին, երբ Գարեգին Ա-ի մահից հետո Սբ. Էջմիածինը պատրաստվում էր կաթողիկոսական ընտրությունների, այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանն իր մոտ է կանչում բարձաստիճան հոգեւորականներին եւ ասում իր վճռական խոսքը. պետք է ընտրվի Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, ով 1998 թվականի նոյեմբերի 30-ին Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել էր Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ: Հոգեւոր դասը նրա թեկնածությունը միանշանակ չի ընդունում. լինում են ընդդիմացողներ, մարդիկ, ովքեր վարչապետին ասում էին, որ Գարեգին Ներսիսյանը թույլ հոգեւորական է, իսկ թույլ էջմիածինն ու թույլ գահակալը թույլ նեցուկ կլինեն հայոց պետականությանը: Վազգեն Սարգսյանը, սակայն, մնում է անդրդվելի: Ժամանակակիցները պատմում են, որ կառավարության նիստից հետո նա կարգադրում է բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախարարներին, մարզպետներին ու համայնքապետերին՝ գնալ Էջմիածին եւ այնպես աշխատել, որ իր ուզած թեկնածուն անցնի:
Հոկտեմբերի 27-ի սպանդն ու Գարեգին Բ-ի ընտրությունը
1999 թ-ին, երբ ԱԺ-ում տեղի ունեցավ դաժան ահաբեկչություն, սպանվեց նաեւ Վազգեն Սարգսյանը, շատերը դեռեւս ահաբեկիչների ձեռքին պատանդառված էին, նույն ժամանակ Էջմիածնում կաթողիկոս էին ընտրում: Թվում էր, թե ընտրությունը կկասեցվի, Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը եւ մյուս հոգեւորականները կշտապեն դեպի ԱԺ, կփորձեն ինչ-որ դերակատարում ունենալ ահաբեկչությունը կանխելու համար: Բայց…այդպես չեղավ…Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, լսելով լուրը, ոչ միայն չբարձրաձայնեց դրա մասին, այլեւ շատ հանգիստ խղճով թույլ տվեց, որ իր «ընտրությունը» հաղթական ավարտ ունենա… Նա լավ գիտեր, որ դա Կաթողիկոս դառնալու իր միակ հնարավորությունն էր …
Նա այդպես էլ չդարձավ…
Վազգեն Սարգսյանի այս ընտրության մեջ դավադրություն փնտրել պետք չէ. ի՞նչ կպատկերացներ սպարապետը, որ իր նախընտրած ու ընտրած Կաթողիկոսը այսօր Սուրբ Էջմիածնի կարեւրոագույն արարողությանը կհրավիրի եւ արարողությունը կնսեմացնի՝ իր իսկ ազատագրած Արցախն ու Հայաստանի հողերը թշնամուն տվողներին, իր ստեղծած բանակը քանդուքարափ անողներին, իր Հայաստանի անկախությունը ոտնատակ տվողին: Սպարապետը, այո, չէր կարող դա անգամ վատ երազում տեսնել… Բայց, որ նրա ընտրած Կաթողիկոսն այդպես էլ չդարձավ ազգի հոգեւոր հայր, դա փաստ է: Նա այդպես էլ չսիրվեց ու չընդունվեց ժողովրդի կողմից, չդարձավ Խրիմյան Հայրիկ, Գեւորգ Ե Սուրենյանց, չդարձավ Վազգեն Առաջին: Չդարձավ, որովհետեւ երբեք առանձնապես աչքի չընկավ հայրենանվեր, ազգանվեր գործունեությամբ, նրա անունը մշտապես կապվում էր տարբեր աղմկահարույց պատմությունների հետ: Նա ավելի շատ զբաղված էր եկեղեցաշինական «բիզնես պրոեկտներով»: Մամուլը շատ է գրել նրա կողմից թույլ տված ապօրինությունների մասին: Բազմաթիվ հրապարակումներ կան՝ նրա կողմից սփյուռքի բարերարների փողերը փոշիացնելու մասին: Նրա օրոք Հայաստանում սնկի նման աճեցին ու ավելացան աղանդավորական կազմակերպությունները, իսկ մեր եկեղեցին ժողովրդին չէր բերում իր հոգեւրո տուն…Եւ, հետեւաբար, Գարեգին Բ-ն ցանկացած իշխանության կողմից խոցելի է, ցանկացած պահի նրա առջեւ կարող են «կոմպրոմատներ» դնել ու լռեցնել: Ու…նա լռում էր ու լռում է: Նա լռեց, երբ հանձնվեց Արցախը, լռեց, երբ հանձնվում են Հայաստանի սահմանները, լռում է, երբ փաշինյանական իշխանությունը ցեղասպան հարեւանների հետ վտանգում է ՀՀ անկախությունը: Իհարկե, եղան մեկ-երկու կիսաբերան, «անատամ» հայտրարարություններ…ու վերջ: Գարեգին Բ-ն լռում է, երբ իշխանական երիտասարդները իրար հերթ չտալով վարկաբեկում են Հայ Առաքելական եկեղեցին եւ նվաստացնում անձամբ իրեն: Այո, լռում է Գարեգին Բ-ն, քանի որ այլ տարբերակ չունի…Ի տարբերություն Բագրատ Սրբազանի…
Վերջին կարմիր գիծը՝ թիկունքից հարված Սրբազան պայքարին
Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք Մյուռոնօրհնությանն ու նորոգված Մայր տաճարի վերաօծմանը հրավիրված են նաեւ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները: Այսպես որոշել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը: Իհարկե, այստեղ մեծ դերակատարում է ունեցել Կաթողիկոսը: Այս որոշումը միանշանակ չի ընդունվել հոգեւոր բարձր դասի կողմից, եղել են նաեւ ընդդիմացողներ, քանի որ ոմանք չեն պատկերացնում, թե ինչպես պետք է նույն տարածքում գտնվեն հայրենատու իշխանության կողքին ու հանգիստ մասնակցեն այս կարեւոր հոգեւոր արարողությանը: Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ հրավերքներ ուղարկվել են: Իսկ այս քայլը պարզապես թիկունքից հարված էր Բագրատ Սրբազանի առաջնորդած ընդդիմադիր պայքարին: Այս քայլը պառակտել է հոգեւոր դասին, քանի որ մի մասը ընդդիմադիր շարժման եւ Բագրատ Սրբազանի կողքին է, մյուս մասի համար կապ չունի, թե ով ինչ է անում. կարեւորը իրենք մնան իրենց հոգեւոր դասի ծառայության մեջ՝ «պաշտոնում»: Իհարկե, կան նաեւ իսկապես ազնիվ հոգեւորականներ, որոնք դեմ են Փաշինյանի իշխանությանը, բայց, անկեղծորեն կարծում են, թե այս հրավերքը զուտ պետական ինստիտուտները հարգելու քայլ է: Իսկ թե իրականում ինչ է մտածում Գարեգին Բ-ն, գիտեն միայն ինք ու Աստված: Չէ՞ որ Կաթողիկոսն էլ մարդ է, խանդել ու նախանձել գիտի: Իսկ Գարեգին Բ-ն լավ է տեսնում, որ Բագրատ Սրբազանն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում՝ ի տարբերություն իրեն: Բագրատ Սրբազանն այսօր անում է մի կարեւոր գործ, որը պետք է աներ հենց կաթողիկոսը. պետք է դուրս գար հայրենիքի առջեւ ծառացած վտանգները չեզոքացնելու, պետք է դուրս գար հայրենատու իշխանության դեմ պայքարի, պետք է առաջնորդեր իր հոտին: Բայց…Գարեգին Բ-ն շարունակում է լռել, իսկ Բագրատ Սրբազանը պայքարում է…Գուցե Կաթողիկոսը մտավախությու՞ն ունի, որ, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ իրեն փոխարինի Բագրատ Սրբազանը: Ավելի լավ չէ՞ ինքը լեզու գտնի փաշինյանախմբի հետ ու մնա գահին, քան իշխանափոխություն լինի, ու ինքը գահազրկվի: Ի՞նչ իմանանք՝ ի՞նչ է մտածում Գարեգին Բ-ն…
Որոշողը Բագրատ Սրբազանն է…
Ըստ HayPress.am-ի աղբյուրի, Բագրատ Սրբազանը արարողությանը չի մասնակցի: Այնուամենայնիվ, որոշողն ինքն է. անկախ ամեն ինչից, Սրբազանը կարող է գնալ եւ մասնակցել արարողությանը, կարող է գնալ տանտիրոջ նման, իր հայրական տուն մտնողի իրավունքով: Այս դեպքում, ով ուզում է լինել այնտեղ՝ Փաշինյան, թե ՔՊ-ական մեկ այլ պաշտոնյա, իրեն այդքան էլ հարմարավետ չի զգա…Մենք դրա նախադեպերն ունեցել ենք…
