Պատրաստվեն ռուսաստանաբնակ հայերը և Հայաստանի գյուղատնտեսները

 Հայաստան–ՌԴ տնտեսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են, եթե չասենք՝ փլուզման եզրին։ Դա, բնականաբար, քաղաքական անհարթ հարաբերությունների ուղիղ հետևանքն է։ Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպման ընթացքում ՌԴ նախագահի հնչեցրած մտքերը դրա մասին էին։ Փաշինյանը ցանկացավ մանևրել, թե ԵՄ գնալը դեռ հաստատ չէ, դեռ կարող ենք մնալ ԵԱՏՄ-ում, սակայն հաշվի չառավ, որ ինքը խոսում է աշխարհի գերտերության հետ, և ինքը չի որոշում, թե տնտեսական այդ կառույցից դուրս գալու ժամանակը երբ է։

Ճամպրուկները հավաքած՝ դեպի Եվրոպա գնացող Նիկոլ Վովաևիչին Պուտինը բաց տեքստով ասաց՝ եթե գնում ես Եվրոպա, գնա, քեզ խանգարող չկա։ Այդ դեպքում գազ կստանաս եվրոպական գներով՝ ներկայիս գնից մի քանի անգամ բարձր։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները արդեն մի քանի անգամ սթափեցնում են ՀՀ ղեկավարին, որ եթե ռուսական բիզնեսը Հայաստանում չի կարող աշխատել, ապա Ռուսաստանում չի կարող աշխատել հայկական բիզնեսը։ Եվ, առհասարակ, ի՞նչ գործ ունեն 2 մլն եվրոպացի հայերը ՌԴ-ում, որ այստեղ աշխատեն, հարստանան և փողերը ուղարկեն «եվրոպական» Հայաստանին։ Սա նշանակում է, որ չի բացառվում առաջիկայում հայերի մեծ արտաքսում Ռուսաստանից։ Մարդիկ կարող են իրենց կամքին հակառակ մեկ գիշերվա ընթացքում արտաքսվել իրենց հայրենիք՝ Հայաստան՝ չհասցնելով անգամ իրենց բիզնեսը վաճառել կամ փակել։ Այն պարզապես կարող են խլել՝ «պետականացնել», այնպես, ինչպես Հայաստանում վարվեցին ՀԷՑ-ի հետ։

Պուտինը, խոսելով երկու երկրների առևտրաշրջանառության մասին, բաց տեքստով ասաց, որ եթե գնում ես Եվրոպա, ապա գյուղատնտեսական ապրանքներդ, գինիդ և մյուս արտադրանքդ հենց այնտեղ էլ կվաճառես։ Մեկ օր չանցած՝ ռուսական լրատվամիջոցները ռեպորտաժ ներկայացրին, որ ռուսական կողմը սկսել է վերահսկել Հայաստանից ՌԴ մտնող ապրանքների իրական ծագման և որակի հավաստիությունը։ Այդ մասին հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Հիմնավորվում է, թե Հայաստանը այլ երկրներից ապրանք է ներմուծում և արտահանում ՌԴ, և դա չի համապատասխանում ԵԱՏՄ չափորոշիչներին։ Նա նշել է, որ Հայաստանից ներմուծվող ապրանքների մեջ հաճախ հանդիպում են մաքսանենգ ապրանքներ, որոնք այլ երկրների ծագում ունեն։

Հարկ է նշել, որ մեր գյուղատնտեսական ապրանքները չեն փայլում իրենց էկոլոգիական որակով։ Այստեղ չկա բավարար վերահսկողություն, և մարդիկ տարբեր քիմիկատներ չարաշահելով՝ նպաստում են առատ բերքատվությանն ու բերքի արագ աճին։ Այդ մասին լավ գիտեն գյուղաբնակներն ու ջերմոցային տնտեսությունների հետ առնչություն ունեցող մարդիկ։ ՌԴ-ն այս ընթացքում աչք է փակել հայաստանյան գյուղմթերքի որակական խնդիրների վրա։ Հետևաբար, եթե այդ արտադրանքը չարտահանվի Ռուսաստան, հազիվ թե գտնվի որևէ եվրոպական երկիր, որը ներմուծի նման որակի գյուղմթերք։ Գյուղապրանքը կմնա տեղում։ Իսկ սա կոլապսի կենթարկի ողջ գյուղատնտեսությունը…

Նաիրա Վանյան