ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԱՆ

Հայաստանյան հասարակության զգալի մասի մոտ կա բացասական վերաբերմունք, եթե չասենք՝ ատելություն հարուստ մարդկանց նկատմամբ: Տարիների ընթացքում հասարակությունը բևեռացվեց. երկրում մի կողմից «աճեցին» մեծահարուստներ, մյուս կողմից ավելացավ աղքատների թիվը: Հարուստներից շատերը հետո ունեցան իրենց «ֆեոդալական» տարածքները՝ Հայաստանը մեջ-մեջ անելով: Հետո այդ հարուստները մտան քաղաքականություն, սկսեցին ֆինանսավորել իշխող կուսակցությանը, ընտրություններին իրենց փողերով ձայներ, քվեներ բերեցին իշխող ուժի, ղեկավարի համար: Ընտրողն էլ, քանի որ ուներ փողի կարիք, վերցնում էր 5-10 հազար դրամն ու իր քվեն շպրտում իշխանության երեսին:   Հարուստները հենց այնպես, իշխանավորների սիրուն աչքերի համար չեն դա անում: Իշխանությունը մի մանդատ էլ նրանց է տալիս, որ մեկ-մեկ գան ԱԺ, բզբզան՝ թե օրենք են գրում, լրագրողների հարցերից փախչեն կամ տան «էկզոտիկ» պատասխաններ ու իրենց քաղաքական գործիչ զգան: Այս ընթացքում կարողանում են իրենց մանդատի շնորհիվ իրենց բիզնեսի համար շահեկան պայմաններ ստեղծել, հարցեր լուծել, որ էլ ավելի հարստանան: Օրենքների մշակման շուրջ էլ կա «կոնսեսուս». դրանք պետք է իրենց շահերին համապատասխան լինեն: Դե, քանի որ մանդատ ունեն, իրենց բիզնեսների օրինականությունը աննքելի է. նրանք կարող են կեղեքել շարքային քաղաքացիներին՝ իրենց սուպերմարկետների ցանցում մեկ դրամի մանիպուլիացիա անելով, ասենք՝ ապրանքի գին սահմանել 999 դրամ. գնորդից գանձելով մեկ դրավ ավել, պետությանը վճարելով մեկ դրամ պակաս: Իսկ այդ մեկը միլիարդավոր ապրանքների մեջ դառնում է միլիարդներ: շարքային քաղաքացու հաշվին հարուստն ավելի է հարստանում: Հա, մեկ-մեկ էլ ընտրությունից ընտրություն «բարեգործ» է դառնում, ձեթ ու բրինձ բաժանում մարդկանց՝ անպայման շնորհակալություն լսելու և այդ ամենը նկարահանելու պայմանով, որ մի ամբողջ ամիս իր անձնական հեռուստատեսությամբ մարդիկ տեսնեն, թե ինչ բարի է ինքը…

Նրանց համար, որպես կանոն չկա օրենք, օրինականություն, իրենք են որոշում իրենց օրենքի սահմանները: Նրանք ունեն իրենց շրջապատող «բանակը», որի «զինվորիկները» կարող են ցանկացածի վրայով անցնել…

2018-ից հետո դեպի դրականը բան չի փոխվել: Փոխվել է միայն երկրի ղեկավարի անունը, մեկ էլ այն, որ միայն այդ ղեկավարի անձնական «զորքը» կարող է բոլորի վրայով անցնել…Այն օլիգարխը, որի մասին աղմկահարույց բացահայտումներ էր անում «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ նրան մեղադրելով մարդասպանության,  հարկերից խուսափելու, տնտեսական մենաշնորհ ունենալու և այլ հանցանքների մեջ, այսօր դարձել է նույն Փաշինյանի սրտի օլիգարխը. Փաշինյանը նրան այսօր ֆինանսական արտոնություններ է տալիս,  մեծ սիրով աղուհաց է կիսում այդ նույն մարդու հետ: Իսկ վերջինս շարունակում է կեղեքել  ու հարստանալ:

Հայաստանյան մեծահարուստների մեջ չենք կարող գտնել մի մարդու, ով պատրաստ եղավ զոհողությունների գնալ,  ընդդիմանալ գործող իշխանությանը՝ հանուն ազգային ու պետական բարձր գաղափարների ու նպատակների: Անգամ, ամենահայրենասեր թվացող գործարարը երկտակ ծալվում է իշխանութան առաջ. միայն թե իր բիզնեսին չկպնեն, միայն թե իր ետևից չընկնեն, բանտ չուղարկեն: Մարդիկ, ըստ մամուլի հարապարակումների, ժամանակին 50/50 մուծվում էին Սաշիկ Սարգսյանին: Մամուլում հրապարակումներ են լինում նաև հիմա, որ այդ գործարարները մուծվում են Աննա Հակոբյանին՝ հիմնադրամների կամ ճաշկերությոների միջոցով:  Մուծվում են ու հանգիստ ապրում՝ ինչպես նախկինների օրոք: Իսկ թե ինչ է լինում երկրի հետ, երկրի շուրջ, դա նրանց հոգսը չէ. իրենց գործերը լավ լինեն:  Պետք լինի, թշնամու հետ առևտուր կանեն, նրան կբերեն մեր «տուն», պատիվ կտան, կնտեցնեն «սեղանի» ամենապատվավոր տեղում…Նրանց սիրաշահելու համար եկեղեցի ու վանք կքանդեն…միայն թե իրենց գործերը լավ լինեն…

Այս ապազգային գորշության մեջ ազգային գործիչներ, բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը եկան՝ բարենորոգեցին հայ մեծահարուստի աղճատված ու վարկաբեկված կերպարը: Ցավոք, երկու գործիչներն էլ այսօր բանտված են՝ մեկը՝ Բաքվում, մյուսը՝ Հայաստանում. բանտից գնում է հիվանդանոց, հիվանդանոցից բանտ … Այս երկու գործիչները բացառիկ մեծահարուստ մարդիկ են, ովքեր Հայաստանից չեն գողացել, Հայաստանցու հաշվին չեն հարստացել, չեն կեղեքել, ձեռք չեն բարձրացրել  Նրանք Արցախ ու Հայաստան են շենացրել՝: Նրանք վանք ու եկեղեցի են կառուցել ու վերանորոգել՝ իրենց անձնական միջոցների հաշվին, որոնք վաստակել են դրսում: Իսկ դրսում, ինչպես գիտենք, հային ոչ ոք չէր թողնի կեղտոտ ճանապարհով փաղ աշխատել…

Ռուբեն Վարդանյանի հարցերը ժամանակին «լուծվեց»՝ ի շահ ՀՀ այսօրվա իշխանության. Նրան պահում են Բաքվի բանտում:
Սամվել Կարապետյանը, սկսելով շարժում, շատ արագ իր շուրջը մոիլիզացրեց մի քանի տասնյակ հազար մարդկանց, ովքեր վստահ են, որ բարերարը չի գալիս իրենց կեղեքելու և իրենց հաշվին իր անձնական բիզնեսը զարգացնելու, հարստանալու: Մարդիկ հավատում են, որ, այո, Կարապետյանը գալիս է ոչ թե ձեռքը մտցնելու պետության գրպանն ու այնտեղից գողություն անի, այլ գալիս է աշխատելու՝  առանց աշխատավարձի, գալիս է ծառայելու իր երկրին: Մարդիկ գիտակցում են, որ Կարապետյանը, զոհաբերելով իր ազատությունը, ապրելով բանտային դաժան ու անմարդկային պայմաններում, անգամ հիվանդ ժամանակ, չի լքում իր պայքարի խրամատը և ապազգային իշխանության հետ գործարքի չի գնում: Իր անձնական սեփականությունը, գույքը կորցնելու վախ Կարպետյանը չունի, քանի որ գիտակցում է, որ հայրենիք կորցնելու և անհայրենիք մնալու վտանգ կա: Գիտակցություն, ինչը բացահայում է հայաստանյան շատ մեծահարուստների մոտ…

Նաիրա Վանյան