Չափից շատ քունը կարող է վատթարացնել ուշադրությունը և հիշողությունը

Սան Անտոնիոյում Տեխասի համալսարանի (UT Health San Antonio) գիտնականները պարզել են, որ ինը ժամ կամ ավելի քնելը կապված է ճանաչողական գործառույթի վատթարացման հետ, առանձնապես դեպրեսիայի դեպքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia (A&D) բժշկագիտական  հանդեսում։

Հետազոտությունը անցկացվել է Ֆրամինգհեմի սրտի երկարաժամկետ հետազոտության շրջանակում, որին մասնակցել են 27-85 տարեկան 1853 կամավոր։ Հետազոտության մասնակիցների միջին տարիքը կազմում էր մոտ 50 տարի։ Գիտնականների նպատակն էր պարզել, թե ինչպես է քնի տևողությունն անդարդառնում ուղեղի աշխատանքի վրա, մասնավորապես՝ դեպրեսիվ ախտանիշների առկայության կամ բացակայության առումով։

Հեղինակներն ընդգծում են, որ թե՛ չափից դուրս քիչ, թե՛ չափից դուրս շատ քունը կարող է բացասաբար ազդել հիշողության, ուշադրության և որոշումներ ընդունելու ունակության վրա։ Մեծահասակների համար քնի օպտիմալ տևողությունը, ըստ Գլոբալ ուղեղի առողջության խորհրդի  հանձնարարականի, յոթից ութ ժամ է։

Հատուկ ուշադրություն է դարձվել քնի և դեպրեսիայի փոխազդեցությանը։ Մասնակիցները բաժանվել են չորս խմբի՝ կախված այդ խանգարման ախտանիշների առկայությունից։ Արդյունքները ցույց են տվել, որ դեպրեսիայից տառապող մարդկանց՝ թե՛ դեղորայք ընդունողների, թե՛ չընդունողների դեպքում, ավելի երկարատև քնի ժամանակահատվածները կապված էին ճանաչողական ավելի մեծ անկման հետ։

Դեպրեսիայիզ զերծ մասնակիցների շրջանում ևս վիճակի վատթարացում էր նկատվել, բայց ավելի փոքր աստիճանով: Հատկանշական է, որ հակադեպրեսանտներ ընդունող, բայց դեպրեսիայի ախտանիշներ չունեցող անձինք վիճակագրորեն նշանակալի փոփոխություններ չեն գրանցել։

Հետազոտողները նշում են, որ քնի խանգարումներն ու դեպրեսիան հաճախ անբաժանելի են. դեպրեսիայից տառապող մարդկանց շուրջ 90%-ը գանգատվում է քնի խնդիրներից։