Մարտուն Գրիգորյանը պետք է հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին. Վարդան Ղուկասյան

«Այն, որ ՔՊ֊ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»: Ի պատասխան Գյումրիում «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդան Ղուկասյանը:

Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 մանդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:

Սա նշանակում է, որ առանց Մարտուն Գրիգորյանի երեք ընդդիմադիր ուժերով հնարավոր չի լինելու իշխանության ձեւավորել:

Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ առանց որեւէ պայմանի իրենք կաջակցեն ընդդիմադիր ուերից ամենաշատը ձայն ստացած Վարդան Ղուկասյանին, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է, որ Մարտուն Գրիգորյանը եւս աջակցի: Գրիգորյանը, սակայն, մինչեւ այս պահը միայն հայտարարել է, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու՝ առանց հստակեցնելու արդյոք աջակցում է Ղուկասյանի թեկնածությանը, թե ոչ: