«Միայն խնդիրները լուծվելուց հետո կարող եմ ասել՝ քաղաքապետ կդառնամ, թե ոչ, որովհետեւ թեկնածուներից մեկը իր խոսքը չի ասել»: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով ընտրություններում ստացել է շուրջ 21 տոկոս ձայն:
«Ինչքան էլ մարդիկ ցանկացած խառնել, քաղաքում խնդիրներ առաջացնել, բայց բոլորս խաղաղ ձեւով անցկացրեցինք ընտրությունները, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից»,-ասել է նա:
Վարդան Ղուկասյանն ասել է, որ ընտրության արդյունքները վատը չեն, հաշվի առնելով, որ պետությունն իր բոլոր լծակներով աշխատել է իր դեմ, դրսից մարդիկ են բերվել, վարչական ռեսուրսն է օգտագործվել, զորամասերից զինվորներին ասել են՝ զանգեք ձեր ծնողներին և այլն:
Հարցին՝ ակնկալո՞ւմ է, որ Մարտուն Գրիգորյանը կմիանա իրեն, Վարդան Ղուկասյանն ասել է. «Ես հուսով եմ, որ ինչը մենք պայմանավորվել ենք ընտրություններից առաջ բոլորս, հեռուստատեսության աչքի առջեւ… ես օրինակ, ասել եմ, որ եթե ընդդիմությունից որեւէ մեկը ինձնից շատ ձայն հավաքի, ես կմիանամ իրեն առանց որեւէ պաշտոն ակնկալելու: Ես գիտեմ, որ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը արդեն հայտարարություն են արել, ես իրենց հետ կբանակցեմ, կցանկանայի, որ իրենց հետ կապված աշխատանքի հարց լուծվեր քաղաքապետարանում: Եթե իրենց ծրագրերում կտեսնեմ առողջ ծրագրեր, կաշխատենք, որ ի շահ քաղաքի դրանք կյանքի կոչել:
Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին, ես հուսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը իր խոսքերը, որ ասել է, ինչն էլ պակաս է եղել, կարող են նստել, բանակցել, քննարկել, խոսել: Այնպես որ ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում»:
Նա ընդգծել է, որ Մարտուն Գրիգորյանի հետ ոչ մի բանակցություն չի ունեցել, չի հանդիպել:
«Ես դեռ պետք է համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, դրանից հետո մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ՔՊ-ին, ում խոսքերը ինչ են: Մենք հեռուստատեսությամբ լսել ենք, որ ինքն ասել է, որ մենք անպայման միանալու ենք, ընդդիմության դաշտը միասին է լինելու, ՔՊ-ն չի անցնելու քաղաքում»,-ասել է նա:
Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 մանդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:
