Զախարովան իրեն պահում է Ալիեւի փաստաբանի նման

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր վերադաս Սերգեյ Լավրովի նման, առիթը բաց չի թողնում հակահայկական հայտարարություններ անելու,  Ադրբեջանին սիրաշահելու եւ Ալիեւ Հեյդարիչի սիրտն ու աչքը մտնելու համար: Սրան, անշուշտ, նպաստում է տիկին Մարիայի անձնական մտերմությունը Ալիեւի դստեր հետ: Ու Զախարովան, բնականաբար, ունենալով իր ավերադասի ու վերադասի վերադասի «դոբրոն», աջուձախ հակահայկական հայտարարություններ է անում: Արցախցիների բռնի տեղահանումից հետո նա հայտարարեց, թե Արցախում էթնիկ զտումներ չեն եղել: Այս հայտարարությունը  բուռն քննարկումների առիթ տվեց հայաստանյան քաղաքական եւ հասարակական դաշտում:  Դրանով Զախարովան փորձեց Ադրբեջանին  ազատել ագրեսորի ու ցեղասպանի խարանից:

Երեկ էլ, ադրբեջանցի լրագրողի հարցմանն ի պատասխան, Զախարովան մի լավ շշպռեց ամերիկացի կոնգրեսականներին, ովքեր համարձակվում են Ադրբեջանից պահանջել   COP29 համաժողովից առաջ ազատ արձակել հայ գերիներին ու քաղբանտարկյալներին: «Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ամերիկացի կոնգրեսականները, ես հասկանում եմ, որ նրանք գումար են ստանում իրենց միջազգային լոբբինգի համար, ինչը նրանք չեն թաքցնում, զբաղվելու բան ունեն իրենց տանը։ Դա են վկայում երեխաների պղծման հրեշավոր բացահայտումները։ Եթե նրանք իրենց ընտրական դիրքերն ընդուում են որպես բիզնես, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է անվանափոխվի Լոբբինգի գործակալության: Այժմ մենք ականատես ենք լինում, թե ինչպես հորիված պատճառներով աճում է COP29 ընդունող Ադրբեջանի վրա ճնշումը։ Սակայն ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն անօգուտ է։ Ադրբեջանին ճնշել են ոչ մեկ անգամ տարբեր հարցերով»։

Պարբերաբար «լոբբինգ» բառը հնչեցնելով, Զախարովան ակնարկում էր ՀՅԴ Հայ դատին, որի աշխատանքի արդյունքում է, որ տարբեր երկրներում հասունացել է Ադրբեջանից պահանջելու հայ գերիներին ազատ արձակել: Տպավորություն է, թե ՌԴ կարեւորագույն գերատեսչության ղեկավարը ժամանակակից աշխարհում պահվող գերիների եւ քաղբանտարկյալների հանդեպ ունի անձնական խնդիր: Գուցե, պաշտոնական Ռուսաստանը ուզում է մոռանալ տալ այն մարդկանց գերության մեջ հայտնվելը, ովքեր ժամանակին եղել են իրենց բարեկամ-գործընկերները, սակայն, հայտնվել են գերության մեջ՝ իրենց խաղաղապահների անգործության կամ իրենց պայմանավորվածության արդյունքում:

Այո, հասկանալի է, որ Փաշինյանը մինչեւ վերջին գիծը փչացնում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները, հենց թեկուզ այս վերջին այցի ժամանակ, որ հայկական կողմը չստորագրեց մի հայտարարության տակ, որը պարտավոր էր ստորագրել՝ որպես դաշնակից; Սակայն, մի կողմ թողնենք Փաշինյանի գործոնը, որի ձեռքին գերի են մնացել Հայաստանի հասարակությունն ու արցախցիները; Այստեղ հարցը հումանիտար բույթ ունի, վերաբերում է գերիներին ու քաղբանտարկյալներին: Իսկ Փաշինյանին, խոշոր հաշվով, դրանք ոչ միայն չեն հետաքրքրում, այլեւ նա ինքն է ցանկանում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնա գերության մեջ: Ուստի, Զախարովայի հայտարարությունը կապել Փաշինյանի պահվածքով, տեղին չէ: Այս հումանտիար հարցի շուրջ Զախարովայի նման կարծիքը, եւ,  առհասարակ, նրա հակահայկական  եւ ադրբեջանամետ հայտարարությունները խորը ճեղքվածք են առաջացնում հայ հասարակության մոտ եւ գեներացնում հակառուսկանան տամադրություններ:

Նաիրա Վանյան