Նիկոլ Փաշինյանը, թե ընդդիմադիր եղած ժամանակ, թե վարչապետ դառնալուց հետո, հաճախ էր խոսում, գոռում, աղմկում բանակի «թալանից»: Իհարկե, արդեն հասկանալի է, որ սրանով նա պարարտ հող էր նախապատրաստում բանակը թուլացնելու եւ լուծարման տանելու համար: Ու, որպեսզի դրա համար շատ մեղադրանքների չարժանանա, պետք է խորացներ թալանված բանակի միֆը: Նա հաճախ էր կոկորդ պատռում, թե՝ «նախկիններն» ինչպես են, զինվորի հացը գողացել, սոված ու առանց «մայկա-տրուսիկ» թողել: Իսկ իր «պահած» բանակի «ելակ փարթին» արդարացնելու համար Էջմիածնում քարոզարշավի ժամանակ անգամ այսպիսի տեսարան ներկայացրեց. «Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք փող ծախսել զինվորի սննդի վրա: Իսկ որ մարդիկ գալիս էին մտնում զորամասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները ճանկռվելով՝ այդ կոնֆետների հետեւից վազում էին, դրանից պետք է ինքդ քեզ գնդակահարեիր»: Ավելի նվաստացուցիչ բնութագիր հայկական բանակի զինվորին միայն թշնամին կարող էր տալ՝ կոնֆետի համար իրար ճանկռող զինվորներ… Ալեն Սիմոնյանն էլ ետ չէր մնում ու իր դաժան կյանքն էր պատմում զինծառայության տարիներից. «Ես ծառայել եմ Հոկտեմբերյանի զորամասերից մեկում։ Երկու տարի։ 2000 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ՊՆ նախարար էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը երկրի նախագահի պաշտոնն էր գրավում, ես ծառայում էի այստեղ։ Երկու տարի ես այնտեղից այստեղ քաղաքով քայլում էի, որովհետեւ մենք ունեինք ուտելիքի խնդիր, ջրի խնդիր։ Զինվորներին բերում էին քաղաք, որպեսզի լողանային… Մեր ծնողները գալիս էին գերեզմանների մոտ ու թաքուն մեզ ուտելիք էին բերում, որ մենք հաց ուտենք»:
Անհերքելի է, որ այո, «նախկինների» օրոք բանակում եղել են խնդիրներ, չարաշահումներ: Սակայն, հենց նրանց օրոք բանակը եղել է կուռ, ամուր, մարտական եւ դիմակայուն:
Թվում էր, թե իշխանության գալուց հետո Փաշինյանենք առաջին հերթին պատասխանատվության կենթարկեն այն մարդուն կամ մարդկանց, ովքեր թալանել են բանակը, կերել զինվորի հացը, այսինքն՝ բանակի սննդի եւ հագուստի մատակարարման անմիջական պատասխանատուներն են եղել: Ալեն Սիմոնյանը պետք է հետամուտ լիներ, որ իր բանակային թշվառ կյանքի համար պատասխանատվության ենթարկվեր իր ծառայության տարիների թիկունքի պետը:
Իսկ նրա զինծառայության տարիներին ՊՆ թիկունքի պետը եղել է Գեներալ-մայոր Գագիկ Մելքոնյանը: Այսինքն, հենց Մելքոնյանն է եղել մեղավոր, որ Ալեն Սիմոնյանը սոված-ծարավ, երկու տարի առանց լողանալու գերեզմաններում է հաց կերել: Մելքոնյանն է գողացել զինովրների հացը, «մայկա-տրուսիկը»: Իսկ հիմա որտե՞ղ է այդ մարդը, ո՞ր ՔԿՀ-ում է կրում իր պատիժը. Մելքոնյանը, ոչ միայն ազատազրկված չէ, այլեւ նա այսօր տաքուկ տեղավորվել է «թազա» Հայաստանի իշխանության գրկում եւ իշխանական պատգամավոր է: Եւ ոչ միայն պատգամավոր է, այլեւ շատ ակտիվ պատգամավոր է. պարբերաբար «դարակազմիկ» աշխարհաքաղական վերլուծություններ է անում, արցախցիներին սովորեցնում, թե իրենց ինչպես պահեն «թազա» Հայաստանում: Օրերս էլ այսպիսի մի խորհուրդ տվց.«Արցախի ղեկավարություն այլևս չկա, քանի որ Արցախը լուծարված է։ Արցախը լուծարել, եկել են ու ուզում են Հայաստանն էլ դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, իրենցից մեկն էլ նշանակվի ղեկավար: Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»: Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, որ սփյուռքահայերին, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում եկել են եւ բնակություն հաստատել Մայր Հայաստանում, որեւէ մեկը հորդորի՝ իրենց հյուրի նման պահել: Իսկ հիմա արցախցիներին հորդորում են՝ ձեզ հյուրի նման պահեք: Սա Մելքոնյանի միակ հայատարարությունը չէ, որոն նա ցանկանում է հաճոյանալ Փաշինյանին: Չէ՞ որ նման հայտարարություններն են նրա ազատության գինը: Եւ ոչ միայն իր, այլեւ իր թառան. անցյալ տարի մամուլը գրեց. «2023 թվականի նոյեմբերի 27-ին Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում իշխանական պատգամավորի թոռը՝ Գագիկ Մելքոնյանը, դանակահարել էր նույն համալսարանի մեկ այլ սանի, սակայն տուժողը ոստիկաններին չէր հայտնել այդ մասին՝ ասելով, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել ուսանողին»: Այդ առիթով հարուցվել էր քրեական վարույթ, սակայն, ինչպես կանխատեսվում էր Նիկոլ Փաշինյանի ստեղծած արդարադատության համակարգում իշխանական պատգամավորի թոռը չի պատժվի:
Այո, որպեսզի ոչ ինքը պատժվի, ոչ իր թոռը, բանակի «մայկա-տրուսիկ» ու զինվորի հաց գողացողը պետք է պարբերաբար հաճոյանա Փաշինյանին, Ալիեւին…
