HayPress.am-ի հետ զրույցում «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը պատմեց, որ Հայաստանում հիմնադրամի նախնական նպատակը եղել է հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը պետք է ձգվեր Վրաստանի հետ ունեցած սահմանից մինչեւ Իրանի հետ սահմանը: Քըրք Քըրքորյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առաջին հանդիպման ժամանակ, երբ ամերիկահայ բարերարը հարցրել է ՀՀ երկրորդ նախագահին, թե ի՞նչ օգնության կարիք ունի Հայաստանը, ի՞նչ խնդիրներ կան, Քոչարյանը պատասխանել է, որ կա 100 մլն դոլլարի կարիք, որպեսզի կառուցվի այդ ճանապարհը: Ինչպես գիտենք, «Լինսի» հիմնադրամի միջոցներով այն չկառուցվեց, թեեւ հիմնադրամը Հայաստանում իրակակացրեց ավելի քան 242 մլն դոլլարի ծրագրեր, վերանորոգվեցին, կառուցվեցին եւ ասֆալտապատվեցին շատ ճանապարհներ, սակայն հենց այդ կարեւոր մայրուղին չկառուցվեց: ՀՀ երկրորդ նախագահի ընդդիմախոսները հաճախ էին նրան մեղադրում, թե իբր, այդ ծրագրի փողերը յուրացրել է, դրա համար էլ մայրուղին չի կառուցվել: Այդ առընչությամբ մեր հարցին ի պատասխան Հարութ Սասունյանը պատասխանեց. «Այդ ծրագրի չեղարկումը որեւէ կապ չունի Հայաստանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երբ որ Քոչարյանի առաջարկին Քըրքորյանը տվեց իր համաձայնությունը, ես նրա ականջին կամաց շշնջացի, որ մեզ թույլ չեն տա, խնդիրներ կունենանք: Նա այդ ժամանակ չէր պատկերացնում, որ կարող ենք խնդիրներ ունենալ: Մենք ապրում եւ աշխատում ենք Ամերիկայում եւ պարտավոր ենք ենթարկվել ամերիկյան օրենքներին: «Լինսի» հիմնարկը բարեսիրական կազմակերպություն է, իսկ ամերիկյան կառավարությունը շատ խստորեն ստուգում է ամեն ինչ: Երբ որ մեկը ամերիկյան փողերով ուզում է այլ երկրում ծրագիր իրականացնել, Վաշինգտոնում հատուկ գրասենյակ կա, որտեղ պետք է ներկայացնես, թե որ երկրում եւ ինչ ծրագիր ես ուզում իրականացնել: Նրանք ստուգում են՝ այդ երկրի վրա պատժամիջոցներ կա՞ն, թե՞ ոչ: Եթե կան, ապա թույլ չեն տալիս: Նույնիսկ, եթե տվյալ երկրի դեմ չկա, ապա պետք է ներկայացնես այն անձանց, ում հետ պետք է աշխատես: Մենք այդ ճանապարհի կառուցման ծրագրի համար դիմեցինք ամերիկյան կառավարությանը: Նրանք ամիսներով ուսումնասիրեցին մեր ծրագիրը եւ մերժեցին, քանի որ այն հասնելու էր մինչեւ Իրանի հետ սահմանը: Իսկ Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները գիտեք ինչպիսին են: Այս ծրագրին խոչընդոտեց միայն այդ հանգամանքը: Մենք փոխեցինք ծրագիրը եւ բազմաթիվ այլ ճանապարհներ կառուցեցինք: Օրինակ՝ Երեւան-Գյումրի ճանապարհը: Նորից եմ ասում, մեր հմնադրամի մեր փողերը ոչ ոք չէր կարող յուրացնել: Հայաստանը անծանոթ երկիր չէ մեզ համար, որ նման բաներ լինեին: Մենք ամեն ինչը խստորեն վերահսկել ենք: Օրինակի համար՝ 100 կմ ճանապարհի կառուցման համար կապալառուին տալիս էինք 10 կմ-ի գումարը, այն էլ աշխատանքն ավարտելուց հետո: Կառուցելուց հետո ստուգում էինք աշխատանքի որակը: Անգամ ասֆալտի նմուշ էինք ուղարկում լաբորատոր հետազոտության: Երբ որ համոզվում էինք, որ համապատասխանում է մեր պահանջած որակին, այդ ժամանակ տալիս էինք աշխատանքի 90 տոկոս գումարը: Տաս տոկոսը պահում էին մեր մոտ, մինչու մյուս 10 կմ-ը կառուցելը: Այդպես մինչեւ 100 կմ –ը ավարտվի: Այդ ժամանակ էլ կապալառուն ստանում էր 90 տոկոսը: Տաս տոկոսը պահում էինք մոտ մեկ տարի: Ճանապարհները կարող են կարճ ժամանակ անց քանդվել, վնասվել, եթե ինչ-որ բան այն չէ կառուցված: Այդ տաս տոկոսը տալիս էինք մեկ տարի անց, եթե տեսնում էինք, որ ճանապարհը ժամանակի փորձությանը դիմացավ: Իսկ եթե մեկ տարվա ընթացում ճանապարհը քանդվում էր, քայքայվում էր, կապալառուն իր հաշվին վերանորոգում էր, նոր վճարում էինք մնացած գումարը:
Այնպես որ, որեւէ մեկը չէր կարող կարող մեզանից փող գողանալ, յուրացնել: Դրանք զուտ քաղաքական բամբասանքներ են»:
Նաիրա Վանյան
