Երբ որ իմ անունը տալիս էին, ժողովուրդն ասում էր՝ մեռել թաղող քաղաքապետ է. Վարդան Ղուկասյան

«Բնակարանային շինարարության համար պայքարելու ենք մինչև վերջ, աշխատատեղերի ստեղծման համար, փոքր և միջին բիզնեսը խթանելու համար պայքարելու ենք մինչեւ վերջ»: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Գյումրիում քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքում նշել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

Նա նշել է, որ Գյումրիի փողոցների գետնանցումները պետք է վարձով տալ անհատներին, որտեղից գումարներ կգան բյուջե. «Բացի դրանից կարող է անհատներ կան, որ քաղաքապետարանին կարող են գումարներ մուծել և իրենք կառուցել իրենց գումարներով:

Լինսի հիմնադրամով կառուցած շենքերի բոլոր վերևի հարկերը մենք կարող ենք մի հարկ ավելացնել։ Բացի դրանից, քաղաքի այն կարևորագույն լուրջ պահանջարկ ունեցող շենք-շինությունների վրա, ոնց որ Ֆրանսիայում է, Գերմանիայում է, Անգլիայում է, մանսարդային բնակարաններ ենք կառուցելու շատ արագ, տվյալ հարկերի բնակիչներին անպայման դրանցից բաժին ենք հանելու, որ խոչընդոտ չհանդիսանանք, իրենք ուրախ կլինեն: Արագ կարգով վարձով կտանք կամ կվաճառենք և այդ շահույթները կգա Գյումրու քաղաքապետարան։

Սոցիալապես անապահով ընտանիքներին անպայման օգնելու ենք, տարբեր միջոցառումներ ունենք:

Դուք գիտեք, որ երբ որ իմ անունը տալիս էին, ժողովուրդն ասում էր՝ մեռել թաղող քաղաքապետ է, հիվանդին հասնող քաղաքապետ է, չի թողնում, որ մարդիկ ցրտի մեջ մնան»,- հայտարարել է նա: