Առաջ «կլավուզնիկներին» ոչ աղջիկ էին տալիս, ոչ աղջիկ էին առնում. Վարդան Ղուկասյանը՝ իշխանության մեջ մի «ճանճի» մասին

«Իշխանության մեջ մի տղամարդ ճանճ կա, ով անպայման հետագայում իր խոսքերի համար պատասխան է տալու»: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

«Լենինականցի մի հատ ինչ-որ պատգամավոր կա, գլուխը մեծ: Ազգային հերոս Սեյրան Օհանյանին հետևից խփեց, դրա համար էլ ինքը պիտի պատասխան տա, Ոտքը կորցրած մարդուն, իր հորից տարիքով մեծ, հետևից անպատկառ ձևով խփում է: Ընդ որում, ինձ հետ կապված էլ բաներ է խոսում այդ ճանճը: Չես էլ կարող հասկանալ՝ դա ինչ սեռի է պատկանում, գոյություն չունեցող մի անձնավորություն:

Անպայման դրանք իրենց խոսքերի համար պատասխան են տալու: Կգնա այս պետական մեխանիզմը, հետո հլը կնայենք, թե դուք ձեզ ո՞նց եք պահելու, ոնց եք այս քաղաքում կամ երկրում ապրելու եմ»,-ասել է նա:

Մեղադրանքին, որ իր որդին՝ Սպարտակ Ղուկասյանը չի ծառայել բանակում, Վարդան Ղուկասյանն ասաց. «Սպարտակ Ղուկասյանը չորս հատ երեխա ունի և այդ տղերքից բոլորից տարիքով մեծ է: Օրենքի սահմաններում ինքը երեխաներ է ունեցել, օրենքը թույլ չի տվել, որ երկու երեխա կամ երեք երեխա ունեցողը գնա բանակ։ Ինքը դրանով ազատվել է: 10 անգամ ստուգել են: Հիմա իրենք սովոր են ստախոսությանը: Առաջ կլավուզնիկներին ոչ աղջիկ էին տալիս, ոչ աղջիկ էին առնում, այդպիսի մարդկանց երկրից, քաղաքից վտարում էին, նամանավանդ գյումրեցիները: Հիմա սրանք կլավուզնիկությամբ ապրում են: Հետո մենք կտեսնենք իրար, բալիկ ջան, կտեսնենք, դու կասես ինձ՝ Վարդանիկ, ես քեզ կասեմ, սպասի:

Հիմա ես ՔՊ-ին եմ ասում, որին նայում ես՝ բանակում չի ծառայել, բոլոր նախարարների, պատգամավորների 90%-ը բանակ չի ծառայել, դուք եք խոսում բանակի՞ց:

Դուք հանձնել եք Արցախը Արցախի նախկին ղեկավարների հետ միասին: Դրա համար համ Ահեղ դատաստանին եք պատասխան տալու, համ Սողոմոն Թեհլերյաններին եք պատասխան տալու և բարեպաշտ թագավորներին, որոնք երկիրը վաղը կգան, կվերցնեն: Դուք այդպես չեք մնա, ինչքան սարքեք չի լինի»,-ասել է ընդդիմադիր թեկնածուն: