«Ադրբեջանն ուժեղ դիրքերում է և հասկանում է, որ իրեն այս պահին խ աղաղության պայմանագիր պետք չէ։ Ի դեպ, Հայաստանին էլ պետք չէ, ասում եմ՝ ձեռք քաշեք։ «Խաղաղության պայմանագիրը» միայն պարտականություններ է դնում Հայաստանի վրա, Ադրբեջանի վրա ոչ մի պարտականություն չկա»։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը։
«Այդ խաղաղության պայմանագրում չկա ամենակարևորը, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց սահմանները։ Առանց այդ կետի դա պատերազմի պայմանագիր է»,–ասել է նա։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ իշխանության պնդմամբ՝ գործելու է Ալմա–Աթայի սկզբունքը, Բագրատյանը պատասխանել է․
«Բա որ Ալմա–Աթայի սկզբունքն է, ինչու՞ են սահմանազատումն ու սահմանագծումը բոլորովին այլ քարտեզով իրականացնում։ Եթե Ալմա–Աթայի սկզբունքն է, ուրեմն պետք է իրականացվեր 1988 թվականի հունվարի 12-ի արարողակարգի համաձայն, որից ՀՀ–ն չգիտես ինչու դավաճանաբար հրաժարվեց։ Հայաստանի այսօրվա իշխանությունը իր երկրի թշնամին է»։
Հրանտ Բագրատյանի խոսքով, «Խաղաղության պայմանագիրը» միայն Հայաստանին է պարտավորեցնում զիջումների գնալ, «միջանցք» տալ, մինչդեռ Ադրբեջանը չունի նման փոխադարձ պարտավորություն։
«Անվերահսկելի ճանապարհի հարց կա, Ադրբեջանը դա ընդունում է որպես միջանցք։ Բայց փոխադարձ ոչինչ չկա, որ օրինակ հայը կարող է Նախիջևանով գնալ Մեղրի»։
«Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ 7 տարվա պաշտոնավարումը արդյունք ունի, դա է պատճառը, որ ցանկանում է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»։
«Վերջին երկու կետերը նշանակում են, որ մենք դուրս ենք հանում Հայաստանից ռուսներին և երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա և գրավի, ոչ մեկ չխանգարի իրեն։ Դա նաև նշանակում է, որ Իրանի հետ ռազմաքաղաքական պայմանագիր չի ստորագրվի։ Հայցերի հետ կանչումն էլ կրկին ի վնաս Հայաստանի է լինելու։ Հայ–ադրբեջանական երեք պատերազմ է եղել, երեք անգամն էլ Ադրբեջանը նախահարձակ է եղել, ագրեսոր է եղել»,–հավելել է Բագրատյանը։
Հրանտ Բագրատյանը նաև կարծիք հայտնել, որ վերջին օրերին ՀՀ ՊՆ հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի ՊՆ–ն ապատեղեկատվություն է տարածում, միջոց են հայերի վրա ճնշումներ գործադրելու և ի ցույց դնելու «Խաղաղության պայամանգրի» անհրաժեշտությունը։
«Ես կասկածում եմ, ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանին, ՊՆ–ին, Ալեն Սիմոնյանին, ՔՊ–ական քաղաքական գործիչներին, երբեք չես հասկանում՝ ինչ են ասում»,–հավելել է նա։
