2024 թվականին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 22 011 դեպք։ 2025 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 2363 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 1994 դեպք։ Այս մասին հայտնել 1 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գևորգյանը։
Նրա խոսքով, ջրծաղիկը վիրուսային հիվանդություն է և ունի ինչպես սեզոնայնություն, այնպես էլ պարբերականություն։ Այս հիվանդությանը բնորոշ է ձմռան, գարնան ամիսների սեզոնայնությունը, իսկ պարբերականությունը երեքից հինգ տարի է։ 2024 թվականը եղել է ջրծաղիկի պարբերական բարձրացման ժամանակահատված, և կանխատեսվում է նաև, որ 2025 թվականին այդ վիճակը կպահպանվի։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես պաշտպանել երեխաներին վարակվելուց, քանի որ, ըստ ծնողների, ջրծաղիկը հիմա լայն տարածված է Երևանի դպրոցներում, մասնագետը նշեց, որ ցանկացած հիվանդ երեխա միանշանակ դպրոց չպետք է հաճախի։
«Գիտեք, այս սեզոնին սուր շնչառական վարակներով պայմանավորված առկա է նաև համաճարակաբանական ֆիլտրի գաղափարը, այսինքն յուրաքանչյուր երեխա, ով ջերմություն ունի, միանշանակ պետք է հայտնաբերվի և դպրոց մուտքը չթույլատրվի, անկախ նրանից, ինչ վարակիչ հիվանդություն է, այդ թվում նաև ջրծաղիկի դեպքում», – ասել է նա։
Ըստ մասնագետի, ջրծաղիկը հենց սկզբնական շրջանում, ջերմելու ժամանակ է առավել վարակիչ, վարակիչ է նաև ցանի շրջանում մինչեւ ցանի կեղևակալումը։ «Այսինքն, սկզբնական փուլն է առավել վարակիչ շրջանը, և այս համատեքստում առկա են բոլոր գործիքակազմերը հնարավորինս վաղ հայտնաբերելու, որպեսզի երեխան վարակիչ փուլում դպրոց չգնա, սկսած համաճարակաբանական ֆիլտրի առկայությունը, որ դպրոցներում իրականացվում է։ Բացի դրանից արդեն հաջորդ փուլը գալիս է պոլիկլինիկա, Ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, երբ որ երեխայի մոտ ախտորոշում են ջրձաղիկ, և երեխան այնքան ժամանակ մնում է տանը, մինչև իր վարակիչ փուլը ամբողջովին անցնում է», – ասել է Սվետլանա Գևորգյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում այս տարվա հունվարի 31–ից արդեն մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը, և առաջին փուլով պատվաստվում են 12 ամիսը լրացած այն երեխաները, որոնք ծնվել են 2023 թվականի նոյեմբերի մեկից հետո։ Հարցին, հնարավոր է արդյոք ստեղծված իրավիճակում վերանայվի այդ շեմը, և ավելի բարձր տարիքի երեխաները ևս պատվաստվեն, մասնագետը նշեց, որ այս տարիքային շեմը պատահականորեն չի ընտրված։
«Ուսումնասիրվում է միջազգային փորձը, և վերցնում ենք այն տարիքը, որի պատվաստումները իրականացնելը հնարավորինս մաքսիմալ արդյունավետություն կունենա։ Հաջորդիվ այդ երեխաները արդեն 2027 թվականից սկսած կստանան նաև երկրորդ դեղաչափ։ Եվ նպատակը նա է, որ այս թիրախային խմբերում պատվաստումները իրականացնելով, որոշակի ժամանակահատված հետո մենք ազդեցություն ենք ունենում բնակչության նաև մյուս տարիքային խմբերում», – պարզաբանել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Աղջկաս դասարանում 33 աշակերտից 14-ը ջրծաղիկով են հիվանդ։ Հանրային առողջության ու կրթության անտերությունը»։
Նա նշել էր, որ իր դուստրը սովորում է թիվ 177 դպրոցի 3-րդ դասարանում, և նմանատիպ վիճակագրություն է դիտվում նաև դպրոցի այլ դասարաններում։
Սվետլանա Գևորգյանը նշել է, որ կոնկրետ 177 դպրոցում միանվագ 10 երեխայի բացակայության մասին տեղեկատվություն այս պահին ՀՎԿԱԿ–ը չունի։ Ըստ նրա, երեխաները հիվանդացել են ոչ թե միաժամանակ, այլ մեկը մյուսից հետո։
Ինչ վերաբերում է լրացուցիչ կարանտինային միջոցառումների անհրաժեշտությանը, նա նշեց, որ ցանկացած դեպքի հետ կապված իրականացվում են միջոցառումներ, տրվում են խորհուրդներ, թե որ դեպքում ինչ պետք է անել։
«Ամեն օր նաև տվյալ կոնտակտավորների շրջանում իրականացվում է զննում։ Բուժքույրը իրականացնում է զննում, որպեսզի հնարավորինս վաղ հայտնաբերվեն դեպքերը, որոնք կարող են առաջանալ։ Եվ եթե հաջորդական դեպքեր են գրանցվում, ապա կան ինչպես կանխարգելիչ միջոցառումներ, որոնք իրականացվում են տվյալ պահին, սկսած օդափոխությունից, հիվանդների արագ մեկուսացումից, այնպես էլ եթե շղթան շարունակվում է, կարող է նաև որոշում կայացվել ինչ-որ մի ժամանակահատված դասընթացներ իրականացնել առցանց մեխանիզմով», – ասել է նա, հավելելով, որ այդպիսի որոշում կարող է կայացնել դպրոցի ղեկավարությունը կոնկրետ միավորի՝ դասարանի վերաբերյալ։
«Կարծում եմ, եթե դպրոցում միաժամանակ հիվանդացությունը բարձր լիներ, ապա հենց դպրոցը որոշում կկայացներ և մեզ դրա մասին կահազանգեր։ 177 դպրոցը որևէ բանով չի առանձնանում մեր ընդհանուր վիճակագրությունից, ունենք համաճարակաբանական առանձնահատկություն, ասեցի, պարբերական բարձրացման ժամանակահատվածն է, սակայն այն կառավարելի է և այդ կանխարգելիչ միջոցառումների կիրառմամբ հնարավոր է իրավիճակը կառավարել», – ասել է մասնագետը։
