Երեկ Աժ դահլիճում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց.«Ադրբեջանի կողմից պահանջ կա՞ այստեղ ադրբեջանցիների վերաբնակեցման՝ Տիգրանաշենի հետ կապված, այդ երկու կետերով կա՞ որոշակի խոսակցություն»:
Հարցը ակնհայտ հիստերիայի մեջ գցեց Փաշինյանին, նա խոսեց, բարե ասաց, բայց այդպես էլ հարցին պատասխան չտվեց. «Պարոն Դանիելյան Դուք մամուլ չեք կարդո՞ւմ: Ես զարմանում եմ, որ այդ հարցերը տալիս եք, ձեզ թվո՞ւմ է սա միամիտների երեկո է։ Հիմա դուք ինձ հարցնում եք՝ չե՞ք տեսնում Ադրբեջանի կողմից ինչ պահանջներ կան: Դուք չեք զգո՞ւմ, որ նույն խոսույթն եք օգտագործում, Ադրբեջանն էլ է ասում կապիտուլյացիա, դուք էլ եք ասում կապիտուլյացիա: Բա որ կապիտուլյացիա է, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ նստած, ընդհանրապես ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում, կապիտուլացված երկրի պատգամավոր լինո՞ւմ է: Եթե դուք համարում եք, որ երկիրը կապիտուլացված է, ուրեմն դուք ձեզ չեք համարում ՀՀ պատգամավոր, այլ համարում եք այն ուժերի պատգամավոր, ովքեր ձեր տրամաբանությամբ կապիտուլացրել են»,- զայրացավ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով․ «Ես Ադրբեջանի խոսնակը չեմ, գնացեք բացեք ձեր կայքերը, կարդացեք՝ ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Ես այստեղ չեմ եկել ասեմ Ադրբեջանն ինչ է ուզում, եկել եմ ասեմ, թե ի՞նչ է ուզում Հայաստանը եւ ի՞նչ է անում»։
Այսքանի փոխարեն նա կարող էր հստակ պատասխանել՝ այո, կամ՝ ոչ: Սակայն, նա հերթական անգամ ցույց տվեց մանիպուլիացիայի մաստեր կլաս: Դա նման էր այն իրավիճակին, որ գողին գողոնը ձեռքին բռնում են, չեն կարողանում հաստատել, որ ինքն է գողացել…գողը դու ես, ես չեմ…
Այս հարցին չպատասխանելը բավականին մտահոգիչ է, եւ այն պետք է սթափեցնի հայ հասարակությանը: Սա նման էր«Ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք» հայտնի պատասխանին, որին հաջորդեց արցախյան աղետը…
