Թուրքիայում զորավարժությունները շարունակվում են․ մասնակցում են նաև ադրբեջանցի զինծառայողները

Թուրքիայի Կարս քաղաքում «Ձմեռ-2025» զորավարժությունների շրջանակում զինծառայողներն առաջին անգամ օգտագործել են NEFER զրահամեքենան, MPT-76 գնդացիրը և մի շարք այլ զինատեսակներ ու տեխնիկա։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթուրքը։

Ըստ սցենարի՝ նախ օդուժի աջակցությամբ օպերացիա է իրականացվում տեղի քարանձավային թիրախների դեմ, ապա տարածքը կրակի տակ առնելուց հետո օդային աջակցությամբ բերվում են ադրբեջանական «Կոմանդո» հատուկջոկատայինները, ինչից հետո էլ կրակի գոտում իրականացվում է թիրախների հայտնաբերում և ոչնչացում:

Հունվարի 20-ին մեկնարկած զորավարժությունները կավարտվեն փետրվարի 7-ին։ Դրանցում ներգրավված են 12 հազար զինվորականներ Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Վրաստանից, Պակիստանից, Ղազախստանից և այլ երկրներից։