Հայաստանում տեղի ունեցող քարոզարշավն ու հունիսյան ընտրությունները սովորական հերթական ընտրություններ չեն, երբ ընտրապայքարի են դուրս գալիս քաղաքական տարբեր ուժեր։ Այս ընտրությունները կարևոր են իրենց պատմական հետևանքներով․ կամ սա կլինի անկախ Հայաստանի վերջին ընտրությունը, որին դեռ խոսք ասելու և ընտրելու իրավունք ունի հայը՝ Հայաստանի քաղաքացին, կամ էլ այն կդառնա Հայաստանը Ալիևի կամակատարներից ազատելու և շարունակական պարտություններն ու զիջումները կասեցնելու հնարավորություն։
Այլևս գաղտնիք չէ, որ այս իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ստանում է պաշտոնական Ադրբեջանի և Թուրքիայի անվերապահ աջակցությունը։ Իսկ թե ովքեր կամ ինչ են մեզ համար այս երկրները՝ իրենց ղեկավարներով հանդերձ, բավական է հիշել արցախյան 44-օրյա պատերազմը՝ իր ամբողջ դաժանությամբ։ Տարեց տղամարդուն մորթում էին տեսախցիկների առաջ և տարածում համացանցում, մեր գերեվարված զինվորներին ենթարկում ամենադաժան բռնությունների։ Արցախը հայաթափեցին, որի ընթացքում ունեցանք երեխաների, կանանց, տարեցների զոհեր։ Այսօր Բաքվի բանտերում ցմահ դատապարտված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, զինվորականներ, բարերար Ռուբեն Վանրդանյանը։ Մինչդեռ Փաշինյանը սրա անունը դրել է խաղաղություն։
Իլհամ Ալիևն ու պաշտոնական Անկարան բազմիցս հանդես են եկել Փաշինյանին սատարող հայտարարություններով։
Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանի ներկայիս իշխանությունները հասկանում են տարածաշրջանային նոր իրողությունները», և որ խաղաղության գործընթացը պետք է շարունակվի ներկայիս տրամաբանությամբ։ Միաժամանակ նա զգուշացնում է Հայաստանի ընդդիմադիր՝ իր ձևակերպմամբ «ռևանշիստական ուժերին»՝ ակնարկելով, որ տարածաշրջանում ձևավորված իրավիճակը պետք է ընդունել։
Ադրբեջանցի բլոգեր Քյամրան Ռազմովարը զբաղված է Փաշինյանի նախընտրական գովազդով և կոչ է անում հայ ընտրողներին՝«Ես խորհուրդ կտամ, որ հայերն ընտրություն կատարեն Փաշինյանի օգտին»։
Նա իր տեսանյութում համեմատել էր Հայաստանի քաղաքական գործիչներին և հայտարարել, որ Փաշինյանը «միակն է, որ կպահպանի խաղաղությունը տարածաշրջանում»։
Փաշինյանի օգտին քարոզարշավով են զբաղված նաև ադրբեջանցի որոշ լրագրողներ և Telegram-ալիքների հեղինակներ, որոնք դրական գնահատականներ են տալիս Փաշինյանի քաղաքականությանը՝ հատկապես խաղաղության օրակարգի և Ադրբեջանի պահանջների նկատմամբ մոտեցումների պատճառով։
Մինչդեռ այլ է Ալիևի վերաբերմունքը ընդդիմադիր երկու ուժերի առաջնորդների՝ Սամվել կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Դեռևս 2021 թվականին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ մեղադրելով նրան, իբր, Արցախ զենք ու ռազմական տեխնիկա տեղափոխելու մեջ։ Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրա նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց և դիմել է միջազգային կառույցներին՝ հետախուզում կազմակերպելու համար։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը Հայաստանի իշխանություններին ներկայացրել է մի երկար ցանկ, որտեղ ընդգրկված են արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ակտիվ մասնակիցների, ինչպես նաև 90-ականներին սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանությանը մասնակցած տղամարդկանց անուններ։ Իսկ Հայաստանում, գրեթե, չկա ընտանիք, որը չունենա ինքնապաշտպանությանը կամ Արցախի ազատագրմանը մասնակցած տղամարդ։
Այդ ցանկում առանձնահատուկ տեղ ունեն Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունները
Ադրբեջանցի իշխանական քարոզիչ, քաղաքագետ Նուրանին դեռևս փետրվարին, անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մասնավորապես գրել էր․
«…Վերջապես, Հայաստանում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք 1992 թվականից ի վեր Խոջալուի ցեղասպանության գործով մեղադրյալներ են։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղություն, ապա պետք է որոշի այդ անձանց արտահանձնել Ադրբեջանին, ինչպես Սերբիայի իշխանությունները մի ժամանակ արտահանձնեցին Սլոբոդան Միլոշևիչին։ Եթե Երևանը քաղաքական կամք չունի, ապա Ադրբեջանն ունի այլ միջոցներ ու լծակներ՝ հիմնականում միջազգային օրդերների տեսքով։ Միջազգային պրակտիկան այս ոլորտում բազմաթիվ հետաքրքիր նախադեպեր ունի»։
Այս հայտարարությունը կարելի է համարել պաշտոնական Բաքվի հերթական պահանջը Փաշինյանին։ Արդեն փաստ է, որ Փաշինյանը անվերապահորեն կատարում է Ալիևի գրեթե բոլոր պահանջները՝ դրանք հիմնավորելով ամենաանհեթեթ մեկնաբանություններով։
Չի բացառվում, որ վերընտրվելու դեպքում նա երկու նախկին նախագահներին և Սամվել Կարապետյանին նույնպես ուղարկի Բաքու՝ այնտեղ ցմահ ազատազրկված մեր հայրենակիցների մոտ՝ հիմնավորելով, թե դա արվում է հանուն «խաղաղության», որպեսզի Ադրբեջանը «չհարձակվի», որպեսզի նոր զոհեր «չունենանք»։
Այդ քայլով Փաշինյանը և՛ կազատվի իր համար գլխացավանք դարձած ընդդիմության առաջնորդներից, և՛ կգոհացնի Ալիևին։ Այս ամենն, իհարկե, եթե նա վերընտրվի: Իսկ դրա հավանականությումը քիչ է…
Նաիրա Վանյան
