Համաշխարհային քաղաքականության մեջ նախընտրական պայքարի թեկնածուի, երկրի ղեկավարի դեմ մահափորձի բեմադրությունը տարածված գործիքակազմ է: Դա, հիմնականում, արվում է ընտրողների կողմից կարեկցանքի արժանանալու համար:
2024-ին Դոնալդ Թրամփի դեմ հրաձգությունից հետո համացանցում տարածվեցին բեմադրության վարկածներ։ Այդ դեպքում կասկածելի էր այն, որ հանցագործը կարողացել էր «հմտորեն» կրակել նախագահի թեկնածուի վրա, սակայն, գնդակը անցել էր նրա ականջի մոտով՝ առանց լուրջ վնաս հասցնելու։ Թրամփի ընդդիմախոսները համոզված էին, որ դա բեմադրություն էր։
Մահափորձերի կամ հարձակումների դեպքեր եղել են նաև Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի, ինչպես նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ։ 2016-ին թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ կազմակերպվել է մահափորձ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ և հեղաշրջման փորձ, որը համակարգվել է զինվորականների և պետական կառույցների ներսում գործող ցանցի կողմից։ Դրա կազմակերպման մեջ մեղադրվում էր Էրդողանի ընդդիմախոս Ֆեթուլլահ Գյուլենը։ Սակայն որոշ միջազգային փորձագետներ և վերլուծաբաններ նշում են, որ ամբողջ կազմակերպչական պատկերը դեռևս վիճարկելի է, և ոչ բոլոր մանրամասներն են լիովին բացահայտված։
Երեկ սոցցանցերում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ, իբր, դիմակավորված անձինք, ովքեր խոսում էին արցախյան բարբառով, հայհոյում ու սպառնում են Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանը Արաբկիրում քարոզարշավի ժամանակ անդրադարձավ դրան․
«Դիմակները հագել են, իբր ուժեղ տղերք են, իսկ գիտեք ինչո՞ւ են դիմակներով, որովհետև հենց դիմակները հանեն, կտեսնենք, որ սրանք մեր զինվորներին թողած՝ փախածներն են։ Չեմ բացառում, որ նաև թիկունքից կրակածներն են։ Դե մի հատ ձեր դիմակները հանեք, դուրս եկեք, տեսնեմ՝ ովքեր եք։ Գաք Հայաստանում դիմակներով ու ավտոմատներով տեսանյութ անեք, տարածե՞ք։ Հատ-հատ գտնելու եմ, թե ովքեր եք։ Հանեք դիմակները ու կամավոր ներկայացեք։ Դուք մեր երեխաներին դիրքերում մենակ թողած՝ փախել եք, տականքներ, ստահակներ։ Դուք «Ֆերարիի» արագությամբ փախել եք, դուք ո՞վ եք, որ խոսեք։ Դուք գաք մեզ ասե՞ք, որ մենք մեր երեխեքին զոհ ենք տվել։ Դուք եք փախել դիրքերից։ Հատ-հատ ձեզ պատասխանատվության ենք բերելու մեր երեխեքին մենակ թողնելու և փախչելու համար»։
ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութի առնչությամբ նախաձեռնել է քրեական վարույթ։
Հաշվի առնելով Փաշինյանի՝ արցախցիների հանդեպ ունենցած ատելությունը, որը նա չէր թաքցնում 2008-ի մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, որը միշտ եղել է և սրվել է այս քարոզարշավի ժամանակ, որի ժամանակ թե՛ տեղացիները, թե՛ տնազուրկ դարձած արցախցիները մեղադրում են իրեն՝ Արցախը տալու մեջ, շատերի մոտ լուրջ կասկած կա, որ դա շինծու տեսանյութ է՝ հենց իշխանությունների ձեռամբ պատրաստված, ինչը իրավապահներին հնարավորություն կտա ձերբակալել և անազատության մեջ պահել քաղաքականապես ակտիվ ընդդիմադիր արցախցիներին:
Կասկածի տեղիք է տալիս նաև տեսանյութի բովանդակությունը․ մարդիկ հրապարակայնորեն խոսում են հնարավոր հանցագործության մասին, մինչդեռ սովորաբար նման մտադրություններ ունեցող անձինք հակված չեն նախապես հրապարակային զգուշացումների, այլս գաղտնի կազմակերպում ու անում են իրենց գործը։
Եվ բացի այդ, քանի որ փաշինյանական իշխանությունը ամեն ինչի ֆեյքն է սիրում՝ հերոսի ֆեյք պապիկ, պատերազմում ֆեյք հաղթանակ, ֆեյք աջակիցներ, ֆեյք դեմոկրատաիա, ապա դա իրավունք է տալիս կասկածելու, որ այս տեսանյութն էլ ֆեյք է՝ պատրաստված իրենց կողմից:
Եվ մի կարևոր հանգամանք, ոչ մի բանական հայ չի ցանկակա, որ Փաշինյանին սպանեն, առողջությանը վնասեն: Փաշինյանը պետք է ապրի… ու երկար ապրի, քանի որ նա շատ հարցերի պետք է պատասխանի: Փաշինյանը Արցախի ու Հայաստանի հետ տեղի ունեցած այս մեծ ողբերգությունների, մեծ դավադրությունների «սև արկղն» է, որը պետք է անվնաս մնա և բացվի, բացահայտի բոլոր մասնակիցներին ու դերակատարներին:
Նաիրա Վանյան
