Որքան մոտենում է հունիսյան ընտրությունների օրը, այնքան սրվում և կոշտանում է քաղաքական ուժերի առաջնորդների ու ներկայացուցիչների խոսույթը։
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շատ սուր և ոչ կոռեկտ է արձագանքում իր ընդդիմախոսների ելույթներին, այլև ինքն է նախաձեռնում սադրիչ հայտարարություններ և սրում ներքաղաքական նախընտրական իրավիճակը։ Նրա նյարդային պահվածքն ու գերզգայուն հոգեվիճակը խոսում են նրա վախերի մասին։ Այն, որ Փաշինյանի և իր թիմի գործերը լավ չեն, և որ արդար ընտրությունների արդյունքում նրանց պարտությունն արդեն տեսանելի է, վկայում են քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող՝ Փաշինյանին մերժող քաղաքացիների հետ չնախատեսված հանդիպումները։
Գրեթե ամեն օր Փաշինյանը ստիպված է լինում լսել Արցախը հանձնելու, Ալիևի կամակատարը լինելու և Հայաստանի քաղաքացիներին ութ տարի խաբելու վերաբերյալ մեղադրանքներ։ Իսկ որպեսզի խլացվեն նման մարդկանց քննադատական խոսքերը, Փաշինյանի հետ շրջում է մարդկանց մի խումբ, որոնք «կրիտիկական» իրավիճակներում սկսում են գոչել՝ «Նի՛կոլ, վարչապետ», և աղմուկի տակ խլացնել քաղաքացիների խոսքը։ Երբ այդ «խլացուցիչներն» ուշանում են, Փաշինյանն ինքն է դառնում խլացուցիչ՝ անդադար կրկնելով․ «Ժողովուրդը կորոշի, ժողովուրդը կորոշի, ժողովուրդը կորոշի…»։
Փաշինյանի քաղաքական թիմի թուլության և հուսահատության մասին է խոսում նաև այն, որ քարոզարշավի «ակտիվ» մասնակիցներ են դարձել դպրոցականները, դպրոցների տնօրեններն ու ուսուցչական կազմերը։ Ուսուցիչներից շատերը, աշխատանքը չկորցնելու մտավախությամբ, ստիպված են մասնակցում քարոզարշավին։
Պետական ռեսուրսների, շրջիկ ավտոբուսների, պետական աշխատողների և նրանց ազգուտակերի ներգրավմամբ անցկացվող Փաշինյանի սակավամարդ քարոզարշավն արդեն պարտվող ղեկավարի քարոզարշավ է։
Փաշինյանի թուլության մասին է վկայում նաև ընդդիմադիրների հետ առնչություն ունեցող պարեկներին աշխատանքից ազատելու վերաբերյալ հայտարարությունը։ Ուժեղ և ինքնավստահ թեկնածուն նման ցածր քայլերի չի դիմում։ Փաշինյանն այս կերպ փաստորեն խոստովանում է, որ վախեցած է և խուճապի մեջ։
Սրան զուգահեռ՝ ընդդիմադիր ուժերի՝ «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստանի» վարկանիշը, քաղաքացիների հետ անմիջական շփումների և ազգային ու պետականամետ հայտարարությունների շնորհիվ, սրընթաց աճում է։
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
