Նախընտրական ծանր քարոզարշավի շրջանակում Փաշինյանը շարունակում է առերեսվել Արցախը և Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ ծանր մեղադրանքներին։ Երբեմն նա կարողանում է շրջանցել հարցը՝ այն խեղդելով իր թիմակիցների աղմուկի տակ, երբեմն էլ ստիպված է լինում ուղիղ պատասխանել։ Այդ դեպքում մանիպուլյացիան այլևս չի կարողանում թաքցնել ուղիղ պատասխանների հետևանքները։
Քաղաքացու ուղիղ հարցին, թե էլ ո՞ր տարածքներն է պատրաստվում հանձնել Ադրբեջանին, Փաշինյանը փաստացի չի հերքում, որ նոր զիջումներ էլ են լինելու։ Կիրանցից ու Ոսկեպարից հետո վտանգի տակ են հայտնվում արդեն Տավուշի մյուս գյուղերը
Խոսելով ՀՀ ինքնիշխան տարածքների մասին՝ նա նշում է տարածքների անուններ՝ «Բարխուդարլի«, «Խեյրիմլի» և… խոսքը կիսատ է մնում, սակայն ակնհայտ է, որ պետք է ասեր նաև Սոֆուլու։
«Սահմանազատման» անվան տակ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքներ Տավուշում՝ Կիրանցում և Ոսկեպարում։ Չնայած, որ Հայաստանի քաղաքացիների լայն դժգոհությանը և հակազդեցությանը՝ այդ հակապետական ծրագրի դեմ մեծ շարժում սկսվեց Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» կարգախոսով։ Տեղի ունեցան բազմահազարանոց հանրահավաքներ՝ ընդդեմ այս «սահմանազատման»։
Սակայն Փաշինյանը գործի դրեց պետական ռեպրեսիվ ապարատը․ ցուցարարների դեմ կիրառվեց ոստիկանական բիրտ ուժ, օգտագործվեցին արգելված լուսաձայնային նռնակներ, իսկ շարժման առաջնորդն այսօր արդեն մեղադրյալի կարգավիճակում դատվում է։
Հիմա հերթը Տավուշի մյուս գյուղերինն է, և Փաշինյանն այլևս դա չի թաքցնում։ Այդ գյուղերն ունեն կարևոր լոգիստիկ և միջհամայնքային նշանակություն։ Սակայն Փաշինյանը, Ալիևի թելադրանքով, որոշել է դրանք համարել Ադրբեջանի տարածք և հերթական անգամ «կարմիր ժապավենը կապած» նվիրել Ալիևին։
Սա լուրջ հաղորդակցական խնդիրներ կստեղծի Բերդի տարածաշրջանի բնակիչների համար։
Մինչ օրս այդ «սահմանազատումից» հետո Հայաստանին որևէ տարածք չի վերադարձվել։ Ադրբեջանի վերահսկողության տակ շարունակում են մնալ Բերքաբերի բարձունքները, Չինարիի Տանձուտ սարը, որտեղ ադրբեջանական զինված ուժերի դիրքերը գտնվում են գյուղի բնակիչների ուղիղ գլխավերևում։ Սակայն, այս տարածքների վերադարձի մասին որևէ խոսք չկա։
Խոսք չկա նաև 2020-ից հետո Ջերմուկի բարձունքներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, ինչպես նաև Գեղարքունիքի դիրքերի մասին։
Փաշինյանը խոսում է միայն Արծվաշենի մասին։ Սակայն, դրա թե՛ տեսական, թե՛ գործնական վերադարձի հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ ադրբեջանական կողմը նույնիսկ չի քննարկում դրա վերադարձը։ Եվ նույնիսկ եթե թղթային տարբերակով վերադարձ տեղի ունենա, դժվար թե որևէ մեկը ցանկանա ապրել այդ փաստացի անկլավացված գյուղում՝ ադրբեջանցիներով շրջապատված պայմաններում։
Այո՛, Փաշինյանը փաստացի խոստովանում է, որ տվել է և դեռ տալու է տարածքներ։ Եվ այդ տարածքները շատ ավելին են, քան այժմ ներկայացվում է։ Այս սահմանազատում կոչվածն, իրականում, Հայաստանի տարածքների փուլային հանձնումն է, ինչի արդյունքում Հայաստանի քարտեզը գնալով փոքրանում, ձուլվում է ադրբեջանականի մեջ: Սա պետք է սթափեցնի Հայաստանի քաղաքացիներին, հատկապես, Բերդի տարածաշրջանի բնակիչներին, որոնց համար կարող են ստեղծվել լուրջ անվտանգային և կենսական խնդիրներ։
Հունիսյան ընտրությունը Հայաստանի Հանրապետության պետականության ու սահմանների պահմպանման և Ադրբեջանին ձուլվելու միջև է…Ընտրությունը ՀՀ քաղաքացունն է…
Նաիրա Վանյան
