Թուրքիան ներխուժում է Հայաստանի շուկա․ տնտեսական աղետի նախերգա՞նք

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ 2022 թվականից ի վեր սկսված հարաբերությունների կարգավորման շրջանակում երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ։

Թուրքական կողմի այս քայլը և պատրաստակամությունը կարելի է դիտարկել որպես նախընտրական աջակցություն Նիկոլ Փաշինյանին, ով անվերապահորեն կատարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները։ Այս երկրներին անհրաժեշտ է Փաշինյանի վերարտադրությունը՝ իրենց քաղաքական նպատակները առաջ մղելու համար։ Դա  «խաղաղության» անվան տակ իրականացվող գործընթաց է, որը, ըստ էության, զիջումների քաղաքականություն է, որը կարող է հանգեցնել Հայաստանի խաղաղ կապիտուլյացիայի։

Թուրքական տնտեսության ակտիվ մուտքը Հայաստան կարող է ունենալ տնտեսական լուրջ հետևանքներ։ Ամենաառաջին վտանգը տեղական արտադրողի դուրս մղումն է հայաստանյան շուկայից։ Թուրքիայից ներմուծվող ապրանքները հաճախ ավելի էժան են՝ մեծ արտադրական ծավալների շնորհիվ։ Դա կարող է դժվարությունների առաջ կանգնեցնել հայկական փոքր և միջին բիզնեսին, հատկապես թեթև արդյունաբերության, գյուղմթերքի վերամշակման, կահույքի, տեքստիլի և շինանյութերի ոլորտներում։

Եթե հայաստանյան շուկան կախվածություն ստանա թուրքական տնտեսությունից և ներդրումներից, ապա քաղաքական լարվածության դեպքում Թուրքիան կարող է տնտեսական լծակներ կիրառել Հայաստանի նկատմամբ՝ սահմանափակումների կամ այլ ճնշումների տեսքով։

Հայաստանը կարող է արտահանող երկրից աստիճանաբար վերածվել ներմուծող երկրի, ինչի հետևանքով զգալի ֆինանսական միջոցներ կհոսեն արտերկիր։

Եթե հայկական արտադրողները չկարողանան մրցել թուրքական ապրանքների հետ, որոշ գործարաններ կամ փոքր արտադրություններ կարող են փակվել, ինչը կհանգեցնի գործազրկության աճի։

Կան նաև մտահոգություններ, որ թուրքական կապիտալը կարող է ներթափանցել ռազմավարական ոլորտներ՝ օրինակ՝ էներգետիկա, տրանսպորտ և կապ։

Եթե Հայաստանի ղեկին մնա ՔՊ-ական իշխանությունը, տեղական արտադրողները կարող են մնալ անպաշտպան, քանի որ պետությունը բավարար չափով չի սահմանափակի և չի կարգավորի գործընթացները՝ ապահովելու տնտեսական հավասարակշռությունը։

Մի խոսքով, թուրքական այս զարգացումները կարող են Հայաստանի տնտեսության համար լինել լուրջ մարտահրավեր, եթե չլինի արդյունավետ պետական վերահսկողություն և պաշտպանական քաղաքականություն։

Նաիրա Վանյան