Հայրենիքի հաշվին պահվող պաշտոններ. Իշխանությունը կանցնի, խարանը կմնա

Նախընտրական քարոզարշավի շրջանակում իշխանությունը գործի է դրել վարչական բոլոր ռեսուրսները՝ իր աջակիցների բազմամարդության տպավորությունն ապահովելու համար։ Նույն կինը տարբեր սցենարներով ու խոսքերով մոտենում է Փաշինյանին՝ իր կյանքի երազանքը հերթական անգամ իրականություն դարձնելու համար։ Իսկ այդ երազանքը Փաշինյանին՝ ոչ ավել, ոչ պակաս, շոշափելն է…

Իշխանականները չեն բավարարվել միայն պետական ծառայողներին, այս կամ այն կերպ իշխանության ենթակայության տակ գտնվողներին և իրենցից կախյալներին «օգտագործելով»։ Քաղաքական քարոզչության գործիք են դարձել դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտները։ Մինչդեռ դա օրենքի կոպտագույն խախտում է։ Անգամ պետական բուհերն են համարվում ապաքաղաքական մարմիններ, էլ ուր մնաց դպրոցը՝ իր անչափահաս աշակերտներով։

Որոշ տնօրեններ ու ուսուցիչներ այնպես են լծվել քարոզչության գործին, որ թվում է՝ իրենց լինելիության հարցն է դրված այս ընտրապայքարում։ Չի բացառվում, որ այդ տնօրենների առաջ այնպիսի պահանջներ են դրվել, որ եթե տվյալ ընտրատարածքներում բավարար քվեներ չհավաքվեն, ապա նրանք կզրկվեն պաշտոնից։

ՔՊ-ական քարոզարշավին վարագույրի հետևից լծվել է երբեմնի ընդդիմադիր համայնքապետը, որին ժամանակին հերոսացնում էինք՝ որպես «թունդ» հայրենասեր ընդդիմադիրի։

Իհարկե, սա ընտրություն է, և յուրաքանչյուրը՝ անկախ պաշտոնից, իրավունք ունի ունենալու իր քաղաքական դիրքորոշումն ու այս կամ այն չափով ակտիվություն ցուցաբերելու։ Վարչական լծակներն օգտագործվել են բոլոր իշխանությունների օրոք։

Սակայն սա սովորական ընտրություն չէ։ Փաշինյանի թիմն էլ սովորական իշխանություն չէ։ Նրանք Հայաստանին բերել են երեք պատերազմ, նրանց ձեռամբ կորցրել ենք Արցախը և Հայաստանի ինքնիշխան տարածքների մի զգալի մասը։ Ու դեռ կորցնելու ենք, եթեռ իրենք մնան:  Նրանք պայքարում են մեր ազգային ինքնության, պատմության, կրոնի և ազգային արժեքների դեմ։ Փաշինյանն այլևս չի թաքցնում, որ անվերապահորեն կատարելու է Ալիևի բոլոր քմահաճույքները՝ դրա անունը դնելով խաղաղություն։ Այս իշխանությունը Հայաստանը մաս-մաս հանձնում է և երկիրը տանում խաղաղ կապիտուլյացիայի։

Դա լավ են գիտակցում թե՛ նրան սատարող համայնքապետը, թե՛ մանկավարժները։ Սակայն, պարզվում է, պաշտոնն ավելի թանկ է, քան անձնական հեղինակությունը։ Սատարել այս իշխանությանը նշանակում է սատարել հայրենազրկմանը և Հայաստանի պետականազրկմանը։ Նշանակում է հաշտվել Արցախի, Ջերմուկի, Կիրանցի, Ոսկեպարի և Հայաստանի մյուս տարածքների կորստի հետ։

Սա լինելիության ընտրություն է, և այս իշխանությանը սատարողները պետք է գիտակցեն, որ իրենց անունը կապվում է Փաշինյանի անվան հետ՝ իր բոլոր հետևանքներով։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Գուցե սա լինի Փաշինյանի և ՔՊ-ի իշխանազրկման ընտրությունը։ Այս ընտրությունից հետո էլ, Փաշինյանից հետո էլ կյանքը շարունակվելու է։ Եվ յուրաքանչյուրը պետք է մտածի իր անձնական վարկանիշի ու հեղինակության մասին…

Նաիրա Վանյան