Քաղաքապետարանը մանիպուլիացիա է անում՝ հսկիչների վերաբերյալ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է․

«Հարգելի՛ գործընկերներ,

քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել։ Ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝
Երթուղիների հաճախականության վերահսկում,
Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,
Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,
Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,
Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։

2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում»։

Ակնհայտ է, որ քաղաքապետարանը անկեղծ չի,  թե ինչու՞ են հսկիչներին բերում հասարակական տրանսպորտ.

1 Երթուղիների հաճախականությունն ստուգելու համար հիմա կան տարբեր տեխնոլոգիական միջոցներ՝ նավիգացիա, հեռախոսներ, եւ վերջապես՝ հին ու բարի «դիսպեչերների» ինստիտուտը, որոնք շատ լավ գիտեն եւ վերահսկում են, թե որ ավտոբուսը երբ դուրս եկավ երթուղի եւ երբ վերադարձավ:

2 Ավտոբուսների արտաքին եւ ներքին մաքրությունը հսկելու համար պարտադիր չէ ամբողջ օրը ավտոբուսի մեջ գնալ ու գալ: Դա կարելի է վերահսկել՝ երթուղի դուրս գալուց առաջ՝ հենց ավտոպարկում, օրը մի քանի անգամ:

3 Վարուրդների հագ ու կապը նույնպես կարելի է  հսկել՝ առանց առավոտից երեկո նրանց շնչին նստելու: Վարորդը օրը մի քանի անգամ հագուստ չի փոխում: Եթե նա առավոտյան մաքուր ու պատշաճ հագուստով դուրս գա երթուղի, մինչեւ երեկո այն փոխելու կարիք չի լինի:

Միակ ռեալ նպատակը, որ հսկիչներին բերում են հասարակական տրանսպորտ, այն է՝ ուղեւորներին պարտադրել՝ վճարել պահանջված գումարը: Իսկ թե այդ պարտադրանքն ինչ եղանակներով կլինի, պարզ կդառնա փետրվարի մեկից…