Երբ իշխանությունն ընկած էր փողոցում, այն վերցնող չեղավ

2019 թ-ից սկսված  Հայաստանում ձեւավորվեցին տարբեր ընդդիմադիր շարժումներ, որոնք չհասան իրենց առջեւ դրված նպատակին՝ Փաշինյանը մնաց իր աթոռին ու շարունակեց «պաշտոնավարել»: Շարժումները, որպես կանոն,  մարվեցին  ոստիկանական ուժերի բռնաճնշումների արդյունքում, ցուցարարների վրա կիրառվեցին  անթույլատերլի միջոցներ, ընդդիմադիրներից շատերի վրա հարուցվեցին կեղծ քրեական գործեր:

Սակայն, առեղծված մնաց Նոյեմբերի 9-ի գիշերը, երբ իշխանությունն ընկած էր փողոցում ու այն վերցնող չեղավ…

Այդ օրը երեկոյան, դեռեւս, Փաշինյանը վստահեցնում էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են: Իսկ Արցախից Դավիթ Բաբայանն ու Արցախի նախագահի խոսնակը հայտարարել էին Շուշիի անկման մասին: Ադրբեջանական կայքերն ու զինվորականները հաղթական  տեսանյութեր էին տարածում Շուշիից: Իրար հակասող լուրերը  հասարակությունը դրել էր գերլարված ու հուզական հոգեվիճակի մեջ: Կեսգիշերին մոտ միայն Փաշինյանը գուժեց պատերազմի ավարտի ու կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրման մասին: Այդ պահին Կառավարության առջեւ հավաքվածները,  գրեթե առանց ոստիկանների դիմադրության, ներս մտան ու տակն ու վրա արեցին ներսը: Նրանց մի մասը գնաց ԱԺ, կառավարական առանձնատների մոտ ծեծեցին Արարատ Միրզոյանին: 44 օր «հաղթական» ստերով կերակրված մարդիկ չէին կարողանում ընկալել նոր ու հակասական իրականությունը: Փաշինյանը բունկերից վրեժի կոչեր էր հնչեցնում՝ ակնհայտորեն վախի ու սարսափի ազդեցության տակ: Ըստ մամուլում տարածված լուրերի, Մոսկվայում գտնվող Ալեն Սիմոնյանն այդ գիշեր ծանր վախի ապրումներ է ունեցել: Երկու օր անց նա ֆեյսբուքում հուզառատ գրառում արեց՝ ներողություն խնդրեց  մարդկանցից՝ հույսերը չարդարացնելու համար,  գրեց, որ մահացել է ամեն զոհվածի հետ, որ արտասվել է բոլորի հետ եւ ծնկի իջել բոլոր զոհվածների շիրիմներին:  Նույն հոռացած, գոռոզամիտ ու շարքային քաղաքացու երեսին թքող Ալենը…եւ նման վախվորած գրառում: Այդ օրը ՔՊ-ականների համար ահ ու սարսափի օր էր, բոլորը թաքնված էին, չկային:

Այդ օրը իշխանությունն ընկած էր փողոցում եւ սպասում էր, թե  ով կվերցնի իրեն: Ու դա տրամաբանական էր ցանկացած պարտված երկրի պարագայում՝ պարտված գերագույն գլխավոր հրամանատարը պետք է հեռանար, եթե ոչ՝ դուրս վռնդվեր:

Փաշինյանը դեռ չէր հասցրել ուժային կառույցներին բերել «մարտական» դիրքեր՝ ցուցարարներին բռնությամբ ճնշելու համար:  Ոստիկանները նույնպես զայրացած  ու անորոշության մեջ էին: Նաեւ, դեռեւս չէի ստանում աստղաբաշխական աշխատավարձ ու պարգեւավճար, որը հետագայում կուրացրերց իրենց: Ալիեւը, դեռեւս,  հաղթանակից արբեցած,  իր  ուրախությունն էր տոնում. տեղի էր ունեցել մի բան, որը լավ երազում անգամ նա չէր կարող տեսնել: Ուստի, առայժմ, նոր նկրտումներ չուներ ոչ Արցախի մյուս հատվածների, ոչ էլ Հայաստանի նկատմամբ:

Այո, Հայաստանում այդ գիշեր իշխանությունն անտեղ ընկած էր փողոցում, ու վերցնող չեղավ: Կառավարության եւ բոլոր պետական կառույցների դռները բաց էին հասարակության առաջ, կարող էին մտնել ու այլեւս ներս չթողնել Փաշինյանին ու մյուսներին, բայց չարեցին: Գիշերավերջին որոշ ընդդիմադիր գործիչներ ԱԺ բակում  բեմ դրեցին, բարձրախոսներ բերեցին ու սկսեցին հին ու բարի ելույթներ հնչեցնել: Հետո բոլորը գնացին «տներով»: Իսկ հաջորդ օրը Փաշինյանը հասարակությանը տեղեկացրեց իր «ծանր» կորուստների մասին. գողացել էին նրա ժամացույցն ու օծանելիքը…

Ո՞վ կասեցրեց այդ օրը Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ո՞ր դավադիր ընդդիմադիր ուժը: Թե՞  պարոնայք ընդդիմադիրները վախեցան առանց ռուսական «դաբրոյի» քայլ անել՝ պահելով ազգային արժանապատվությունը, եւ հային դարձրին աշխարհի ծաղրուծանակի առարկա, որ այսօր պարտված ղեկավարն է ղեկավարում իր երկիրը:

Դրանից հետո Փաշինյանն իր իրավապահ ու ուժային համակարգով կազմակերպվեցին ու անցան ոչ միայն «ինքնապաշտպանության», այլեւ «հարձակման»: Իհարկե,  ոչ թե արտաքին թշնամու, այլ իրենց երկրի հասարակության:

Հետո ԱԱԾ-ն լայնածավալ հաղորդագրություններ տարածեց այդ օրվա «հանցագործների մասին», քրեական հետապնդումներ հարուցեց.« զանգվածային անկարգության» մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ։ Հաղորդագրության մեջ ասվում էր.«Զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը պարտադիր զինվորական ծառայություն անցած չի եղել, ինչպես նաև չեն մասնակցել սեպտեմբերի 27-ին Արցախում ծավալված ռազմական գործողություններին: Պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» ՀԿ անդամները, ՀՀԿ աջակիցները, ՀՀԿ նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ»:

…Պատժվեցին ոչ թե երկիրը ողբերգական պարտության հասցնողները, այլ՝ այդ պարտության հետ չհամակերպվողները…
Ահա այսպիսի առեղծվածային նոյեմբերի 9-ի գիշեր, որն այդպես էլ հանելուկ մնաց…

Նաիրա Վանյան