Եվ այսպես, Կառավարության նիստին, երբ Փաշինյանը թիրախավորեց «հայկական, ավանդական, տոնական» խոզի բուդը, ֆերմերները պետք է հասկանային, որ իրենց գործի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Ու այդ ամպերը չուշացան՝ եկան ու թափվեցին Գումի շուկայի մսավաճառների գլխին: Փաշինյանը որոշել է. վերջ, այսուհետ ՀՀ հպարտ քաղաքացին պետք է մաքուր միս ուտի: Ինչպես ասում են՝ ամեն խաղ խաղացել էինք, մնացել է սարի սմբուլը: Հայաստանի գլխին այնքան ներքին ու արտաքին մարտահրավերներ են կախված, որ վարչապետը փոխանակ մտածի դրանց լուծման ուղիներ գտնելու մասին, ընկել է մսագործների ու անասնապահների «ջանին», այն էլ այս նախատոնական օրերին, երբ մսի վաճաքը հենց այս օրերին է ակտիվ լինում, անասնապահները սպասում են, որ Նոր Տարուն մորթեն իրենց անասունը եւ իրենց ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը տեսնեն:
Այո, սպանդանոցային մորթն անհրաժեշտ է եւ կարեւոր, բայց այն պայմանները, որոնք այսօր ստեղծվել են անասնապահների համար՝ սպանդանոց-անասնապահ հարաբերության մեջ, տանելու է անասնապահության վերացմանը եւ ոլորտի ձախողմանը: Այդ որոշումը, ներկայացվող պահանջներն անմշակ են, թերի ու չարդարացված: ՍԱՊԾ-ն նախքան նման կացնային քայլերի գնալը պետք է հարցի լուծումների մեջ խորամուխ լիներ:
Անասնապահությունն առանց այն էլ Հայաստանում ոչ շահավետ բիզնես է՝ լի անկանխատեսելի վտանգներով ու ծախսերով: Այս բոլոր ռիսկերին էլ եթե ավելանան սպանդանոցների կողմից առաջ քաշված ոչ բարենպաստ պայմանները, կամայականությունները, որոնց մասին բարձրաձայնում են անասնապահները, սպանդանոցատերերի կողմից պահանջվող ծախսերն ու այլ պահանջները, ապա անասնապահները ոչ միայն կաշխատեն առանց օգուտի, այլեւ կկրեն զգալի ֆինանսական վնասներ:
Այս քաղաքականության հետեւանքը կլինի այն, որ երկրում շուտով կառաջանա տեղական թարմ մսի դեֆիցիտ եւ գնի բարձրացում: Իսկ ո՞վ է շահելու տեղական մսի դեֆիցիտից․ բնականաբար՝ դրսից միս ներկրողները: Իսկ մսի ներկրմամբ զբաղվում է գործարար Սամվել Ալեքսանյանը: Այն, որ Ալեքսանյանը Հայաստան միս ներկրող ամենախոշոր գործարարն է, արդեն երկար տարիներ գրում է մամուլը.
- «Ինչպես երեւում է աղյուսակից, Հնդկաստանից գոմեշի միս ներկրող առաջատար ընկերությունը կրկին ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է: 2008-ին եւ 2009 թ. առաջին կիսամյակում էլ (մինչեւ սատկած գոմեշի հայտնի պատմությունը, որի մասին կառավարությունը խոսեց 2009-ի օգոստոսին) գլխավոր ներկրողը նույն ընկերությունն էր (նախկինում՝ «Սալեքս Գրուփ» ՍՊԸ): Այն ժամանակ մեկուկես տարում ընկերությունը ներկրել էր 9.869 տ միս, իսկ այս վերջին 21 ամսում՝ 7.278»:
- «Սամվել Ալեքսանյանի ընկերությունների հիմնադիրներ են գրանցված գործարարի մտերիմները, եւ դժվար է գտնել հենց Ալեքսանյանի անունը, որը բազմաթիվ ընկերություններ է բացում, փակում, փոփոխում: Թե՛ «Ալեքս Գրիգը», թե՛ «Սամ-Սեր Գրուպը» ներգրավված են այն ոլորտներում, որոնք հայտնի են իբրեւ Սամվել Ալեքսանյանի բիզնես: Առաջինը, ի թիվս տարբեր ներկրումների, միս-մսամթերքի մեծածավալ ներմուծում է կատարում Բրազիլիայից, իսկ երկրորդը կանթնամթերք է բերում Նոր Զելանդիայից, որոնց տեղափոխումը կատարվում է ԱՄՆ նավահանգիստների միջոցով»:
- «Հայաստան խոզի միս ներկրում է իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, օլիգարխ եւ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Սամ-Սեր» ընկերությունը: Խոզի միսը հիմնականում ներկրվում է Բրազիլիայից՝ 2.5 դոլար մաքսային արժեքով, վաճառվում է մեկ կիլոգրամը մինչեւ 2.000 դրամով: Բրազիլական խոզի մսի ներկրման ծավալները վերջին տարիներին առնվազն կրկնապատկվել են: Նման պայմաններում շուկայից տեղական միսը դուրս է մղվում, ինչի հետեւանքով տեղական խոզաբուծությունը ոչ միայն չի զարգանում, այլեւ կրճատվում է»:
Ահա, այսպիսի ահազանգեր էր հնչեցնում հայաստանյան մամուլը «նախկինների» օրոք: Գյուղացիները հաճախ բողոքում էին, որ խոզի մսի գինն այնքան է ընկել, որ վնասով են աշխատում: Իսկ դրա պատճառը համարում էին Սամվել Ալեքսանյանի կողմից ներկրված սառեցված խոզի միսը, որը վաճառվում էր բավականին էժան գնով, երբեմն՝ թարմ տեղական մսի անվան տակ, եւ գյուղացու տեղական արդար միսը դրա համեմատ թանկ էր համարվում ու չէր վաճառվում:
Ինչպես գիտենք, Սամվել Ալեքսանյանը «նախկիների» սիրելի օլիգարխն էր, ընտրությունների ժամանակ «բարեգործ» էր դառնում ու ձայներ բերում իշխանական կուսակցությանը: Հիմա էլ դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը, իշխանական հիմնադրամներին մեծ գումարներ է «մուծվում»: Հետեւաբար, որքան զարգանա նրա բիզնեսը, այնքան լավ իրենց համար:
Եթե տեղական մսի արտադրությունն անկում ապրի, եւ առաջանա տեղական թարմ մսի դեֆիցիտ, ապա Ալեքսանյանը կշարունակի արտերկրից կասկածելի ծագման ու բաղադրության մսի ներկրումը Հայաստան: Իսկ կառավարությունը, որը դարձել է սանիտարահիգիենիկ պայմաններին խիստ հետեւող, մսի ներկրման պայմանները նույնպե՞ս խստացնել է, պահանջու՞մ է, որ այն արտահանող երկրում պարտադիր ենթարկված լինի սպանդանոցային մորթի, համապատասխանի բոլոր սանիտարահիգիենիկ պայմաններին, լինի ժամկետի մեջ եւ այլն: Այդ մասին ձեն-ձուն չկա:
Մի խոսքով, կառավարությունն իր այս քայլերով, կամա թե ակամա, ջուր է լցնում Սամվել Ալեքսանյանի մսի ներկրման բիզնեսի զարգացման ու մոնոպոլացման ջրաղացին, այնպես, ինչպես եղել է «սեւերի» իշխանության տարիներին:
