Սպանդանոցային մորթը կարեւոր է

Կառավարությունը  դեռեւս 2020 թ․ հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր պայման էր դարձրել սպանդանոցային մորթը՝ արգելելով բակայինը: Սա առաջացրեց մսավաճառների ու անասնապահների դժգոհությունը, որոնք բողոքի ակցիաներ կազմակերպեցին, ճանապարհներ փակեցին, քանի որ սպանդանոցային մորթը մի շարք խնդիրներ, լրացուցիչ ծախսեր է առաջացնում:

Ի պատասխան այդ բողոքների, գործադիրը մինչեւ հուլիսի մեկը հետաձգեց պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողությունը: Իսկ 2020-ի հուլիսից մսամթերքի իրացման բոլոր կետերում տնտեսվարողները պետք է ունենային անասնաբուժական 5-րդ ձեւը։ Սա տեղեկանք է այն մասին, որ միսը ստուգված է, անվտանգ է, եւ որ անասունը մորթվել է սպանդանոցում։ Տեղեկանքը տրամադրելու են սպանդանոցները։ Փաստորեն, 2020-ի հուլիսի մեկից այս օրենքը պետք է  դառնար պարտադիր:Կառավարությունը  խոստացավ անասնապահներին, որ կավելացվեն սպանդանոցները:

Սպանդանոցների թիվը, Հայաստանում, ըստ էության, չավելացան: Կառավարությունն էլ, կարծես թե, մոռացել էր իր պայմանն ու խոստումը: Ամեն ինչ շարունակցվում էր առաջվա նման. մարդիկ իրենց բակերում մորթում էին անասունին ու տանում հանձնում վաճառքի կետերին: Սակայն, դեկտեմբերի 6-ից նորից ուժի մեջ մտան մսի վաճառքի նոր կարգավորումները, դրա մսին տեղյակ էին մսավաճառները, անգամ գնացել էին ՍԱՏՄ, իրենց բողոքը հայտնել: Այնտեղ էլ հորդորել էին, թե՝ աշխատեք օրենքի սահմաններում: Բայց, մսսավաճառները աշխատում էին նույն  ձեւով…

Սպանդանոցային մորթի  գաղափարը, ինչ խոսք, ճիշտ է. գյուղական բնակավայրերում ապրողները կփաստեն, որ շատերը  անասուններին մորթում են շատ փնթի, հակասանիտարական պայմաններում, գետնի վրա. ցեխի մեջ, աղբանոցի կամ կոյուղատար առուների մոտ, որպեսզի  մորթված անասունի արյունը կամ թափոնը միանգամից լցվի կույուղատարը կամ աղբանոցը… Դրա կողքին կարելի է տեսնել ոգեւորված, մսի չորս կողմը պտտվող ու այն կծմծող շների ու կատուների:  Մորթ անողներն էլ, որպես կանոն, լինում են ոչ մաքուր հագուստով…Մի պատահական կեղտոտ դույլի մեջ կարող են լվանալ աղբանոցից պեղված-հանված մի լաթի կտոր, որով էլ թրջեն անասունի միսը՝ կաշին քերթելու համար: Միսն այնպիսի մթերք է, որ ցանկացած մանրէ կարող է անմիջապես վերցնել իր վրա եւ դառնալ վարակի ու տարբեր հիվանդությունների պատճառ: Իրենց ավելի մաքրասեր համարող անասնապահները անասունները մորթելու համար պայմաններ են ստեղծել ոռոգման առուների վրա, եւ մորթված անասունի արյունը թափվում է հենց առվի մեջ: Իսկ հարեւանն այգին ոռոգելիս կարող է տեսնել, որ այգին ոռոգվում է ոչ թե ջրով, այլ՝ արյունաջրով: Անասունի աղիքները, թափոնները նույնպես լցվում են այդ առուների մեջ, որոնք ոչ միայն խցանում են առաջացնում, այլեւ ոռոգման ջուրը դարձնում են խիստ վտանգավոր բույսերի եւ մարդու առողջության համար:

Նման մի «իրադարձության» ականատես լինելով՝ մի անգամ հարցրի մորթ անողին, թե ինչու է անասունը փռված այդ կեղտոտ տարածքում։ Նա պատասխանեց. «Քուրս, էտի մեր համար չի, հեսա տանում ենք քաղաք՝ շուկա»: Այս դեպքում մնում է կարեկցել սպառողներին, ովքեր վաճառքի կետերից գնում են միս, չիմանալով դրա անցած կեղտոտ ճանապարհը:

Այո, սպանդանոցային մորթը պարտադիր է: Այլ հարց է, որ նման պահանջ դնելուց առաջ պետք էր համապատասխան պայմաններ ստեղծել, ավելացնել սպանդանոցների թիվը, որպեսզի գյուղացին իր ամբողջ տարվա աշխատանքը կարողանա այնպես իրացնել, որ չտուժեն ո՛չ ինքը, ո՛չ էլ սպառողի առողջությունը…