«Սահամանազատում» կոչված «միջոցառումից» հետո Կիրանցն առաջին անգամ կորցրել է իր ներքին համերաշխությունը: Կիրանցեցիները միշտ աչքի են ընկել ներքին համախմբվածությամբ, համերաշխությամբ ու միասնականությամբ: 90-ական թթ-ի պատերազմների ժամանակ գյուղի բնակիչները միահամուռ, մի կտոր հացն իրար մեջ կիսելով, շատ ուրախ ու տխուր օրեր են անցկացրել, կրել պատերազմի բոլոր դժվարություններն ու հաղթահարել դրանք, տոնել փառահեղ հաղթանակներ: Սակայն, վերջին ամիսներին գյուղը կորցրել է ներքին համերաշխությունը: Գյուղը պառակտված է՝ բաժանված երեք մասի. մի մասը իշխանության առաջարկած փողերը վերցրեց ու ստորագրեց ինչ-որ անհայտ-գաղտնի թղթի տակ, որով լեգիտիմացրեց իր գյուղի հողերը թշնամուն նվիրելու՝ իշխանության քաղաքականությունը: Ի դեպ, առաջարկված փողն էլ, ըստ շրջանառվող լուերերի, փոքր գումար չի եղել. ըստ HayPress.am-ի աղբյուրի, խոսքը գնում է մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր միլիոն դրամ գումարի մասին: Գյուղի մեծամասնությունը գնացել է նման գործարքի: Մյուս մասը, որը ավելի փոքրաթիվ է, սահմանազատմանը կտրականապես դեմ մարդիկ են: Նրանք, հիմնականում առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներն են, ովքեր կյանքի ու արյան գնով են պահել գյուղի ամեն մի կտոր հողը, եւ, բնականաբար, այդ հողը փողի դիմաց չեն վաճառել: Այս երկու խմբերի ջրերը, կարելի է ասել, որ մի առվով չեն գնում, հաճախ է նրանց միջեւ խոսք ու զրույց լինում: Իսկ երրորդ խումբը անտարբերների խումբն է, որոնց համար էական չէ, թե իրենց գյուղի ներսում, գյուղի շուրջ կամ գյուղից դուրս ինչ է կատարվում:
