Փարաջանովյան օրեր Ֆրանսիայում

 Օրերս Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անց է կացվում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Այն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նախաձեռնության համահեղինակներն են ֆրանսաբնակ պրոդյուսեր Նարե Թադեւոսյանը եւ «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը:
HayPress.am-ը զրուցել է  Նարե Թադեւոսյանի հետ:
— Ակնհայտ է, որ այս օրերին Ֆրանսիայի տարբեր քաղաքների շատ արվեստագետներ ապրում են փարաջանովյան շնչով ու հիշողությամբ: Ի՞նչ նախագծեր եք արդեն իրականացրել, եւ ի՞նչ ունեք առաջիկայում անելու:
— Ընդհանուր առմամբ, հինգ մշակութային միջոցառում է: Ցուցադրում ենք ֆրանսիացի կինոռեժիսոր Պատրիկ Կազալսի ՝ Փարաջանովի մասին պատմող «Ըմբոստը» ֆիլմը: Այս ֆիլմում բացառիկ կադրեր կան  Փարաջանովի կյանքից, որովհետեւ  այն տարիներին, երբ Փարաջանովը չէր կարողանում Եվրոպա գալ, պարոն Կազալսը գնացել եւ նկարել է Փարաջանովին: Երկրորդ անգամ իրենք հանդիպել են այն ժամանակ, երբ Փարաջանովը եկել է Եվրոպա: Բացառիկ հետաքրքիր փաստավավերագրական ֆիլմ է: Միջոցառման երկրորդ մասը «Փարաջանովը եւ Ֆրանսիան» կոնֆերանսն է, որի շրջանկներում ներկայացնում ենք Փարաջանովի կապը Ֆրանսիայի հետ, որովհետեւ ինքը դեռ մանկությունից կապ է ունեցել Ֆրանսիայի հետ, իր  դայակը եղել է ֆրանսուհի, եւ Փարաջանովը ֆրանսերեն ոոշակի չափով գիտեր, սիրում էր ֆրանսիական արվեստը, նորաձեւությունը: Ընդհանրապես, հետաքրքրված էր Ֆրանսիայով: Երրորդ միջոցառման շրջանակը բացառիկ լուսանկարների ցուցադրություն է:  Դրանք Ժամեն Սարգսյանի լուսանկարներն են, որոնք արված են Փարաջանովի՝ ֆիլմի նկարահանման ժամանակ:

— Կարո՞ղ ենք ասել, որ Փարաջանովը Ֆրանսիայում ունի՞ մեծ ճանաչելիություն, թե՞ նա հայտնի է միայն կինոարտադրության գործիչներին ու արվսետագետներին:

— Պետք ասեմ, որ հայտնի է: Որոշ շրջանակներում, իհարկե, ավելի շատ:  «Մելես» կինոթատրոնը տարիներ շարունակ նրա ֆիլմերն է ցուցադրել: «Լյումեխը» նույնպես բազմիցս ցույց է տվել Փարաջանովի ֆիլմերը եւ ունի կինոգետների, ֆիլմասերների մեծ  լսարան: Փարաջանովը որոշ շրջանակներում՝ կինոարվեստի եւ նորաձեւության,  նեղ,  բայց շատ կայուն շրջանակներում ունի իր  ճանաչելիությունը: Մենք այդ կոնֆերանսի շրջանակներում ներկայացնում ենք, թե ինչպես է լինում, որ Սան Լորանը նրան հրավիրում է Ֆրանսիա, հանդիպումներ են ունենում, նվերներ փոխանակում:
— Դու շրփվում ես մարդկանց հետ, ովքեր անձնական շփումներ, մտերմություն են ունեցել Փարաջանովի հետ: Շատ է խոսվում այն մասին, որ նա բարդ, դժվար մարդ է եղել, նրա հետ շփումները հեշտ չեն եղել: Ի՞նչ են պատմում նրա մտերիմները, ժամանակակիցները:

— Այո, Փարաջանովը եղել է մի փոթորիկ կամ լավա, որը, չգիտես, թե որ պահին է պայթելու: Ես կարծում եմ, որ նրա հանճարը հենց դրանում է կայացել, որովհետեւ իր այդ անկանխատեսելիությունը ստեղծել է ինքնաբուխ ու ամենահետաքրքիր ֆիլմերը, որոնք շատերի համար, գուցե, անհասկանալի են: Եվ հենց Փարաջանովն է Պատրիկ Կազալսի ֆիլում ասում.  «Երբ որ ես նկարահանեցի «Նռան գույնը» ֆիլմը, ինձ զանգահարեցին մարդիկ եւ ասացին՝ կարո՞ղ է վերջից կամ մեջտեղից ենք սկսել ֆիլմը դիտել, որովհետեւ բան չենք հասկանում: Ես էլ ասացի՝ իսկ ինչու՞ եք ինձ զանգահարել, ձեզ թվում է՝ ես հասկացե՞լ եմ»: Այսինքն, այդ անկանխատեսելիությունը եւ չբացահայտված լինելը նրա հանճարի հիմքում են:  Բոլորը խոսում են նրա բացառիկ հանճարի մասին: Երբ նա գնացել է Ամստերդամի կինոփառատոնին, ազատ ժամանակ գնացել է զբոսանքի: Հետո այնքան անպետք թվացող իրեր է հավաքել, որոնք երկու վերելակով չեն կարողացել բարձրացնել: Հետագայում այդ իրերը դարձել են իր կոլաժների դետալներ: Այսինքն, նա այն հեռատեսությունն է ունեցել, որ մեզ համար անպիտան թվացող իրերը արդեն տեսել է կոլաժի մեջ: Նրա անձի վերաբերյալ շատ հակասական բաներ են պատմում, որոնք եւ՛ ծիծաղելի են, եւ՛ տրագիկ: Իրականաում նույն Կազալսի ֆիլմում ինքը իր մասին շատ կարեւոր վկայությունն է տալիս, որ իր կերպարը՝ տրագիկ, անհասկանալի, ամբողջը գալիս է իր կենսագրությունից, իր ապրած ծանր տարիներից:  Մարդիկ չեն կարողանում նրա կերպարն ամբողջական ներկայացնել քանի որ Փարաջանովն ինքն իրենից չէր հասկանում, ու՞ր մնաց, թե  կողքի մարդիկ  հասկանային:  

Նաիրա Վանյան