Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հրավեր ուղարկվել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մասնակցելու Մյուռոնօրհնության ու Մայր տաճարի վերաօծման արարողություններին: Այս պահի դրությամբ սպառիչ պատասխաններ չունենք: Միայն ԱԺ նախագահի կողմից սպառիչ պատասխան է տրվել, որ չի մասնակցելու:
Ինչո՞ւ ենք հրավիրել. Մեզ մոտ էլ տարակույսներ եղել են իշխանություններին հրավիրել-չհրավիրելու հետ կապված՝ պայմանավորված Եկեղեցու եւ իշխանությունների հարաբերությունների ներկա նույթով: Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը իշխանություններին հրավիրելու նպատակահարմարության խնդիրը քննարկվել է Եկեղեցում ամենաբարձր մակարդակով՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական եզրակացության է եկել, որ այո, հրավերները պետք է ուղղվեն:
Ինչպես համատեղել Եկեղեցու դիրքորոշումները իշխանություններին հրաժարվելու հորդոր ուղղելու եւ միաժամանակ հրավեր ուղղելու: Ես կարծում եմ՝ այս հարցերը հստակ պետք է տարանջատվեն: Միջոցառումներին, համազգային արարողություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով,որ Եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից եւ ամբողջական լոյալություն է դրսեւորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իշխանությունների կողմից: Եկեղեցին շարունակելու է իր մտահոգություններն ու դիրքորոշումներն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնվի»:
Առայժմ միայն Ալեն Սիմոնյանն է պատասխանել հրավերքին. նա մեկնում է Կանադա ու չի կարող մասնակցել արարողություններին։