Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել է Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը դարձյալ հաջող է կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին:
Պատանեկան հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել է նաև 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 228 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Ամրոյանը, գլխավերևում պահելով 100 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում 128 կգ արդյունքով դարձել է փոքր ոսկե մեդալակիր:
