HayPress.am-ը շարունակում է զրույցը «Կալիֆորնիան կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչց Հարութ Սասունյանի հետ:
— Հիմա հայաստանյան հասարակությունը նաեւ արտաքին վեկտորի հետ հարցերի շուրջ է պառակտված. ոմանք իրենց հույսը կապում են եվրոպաների հետ, ոմանք՝ ԱՄՆ-ի հերթական նախագահի, ոմանք էլ՝ կարծում են որ մենք պետք է շարունակենք մեր դաշնակցային հարաբերությթւնները Ռուսաստանի Դաշնության հետ: Ի վերջո, ումի՞ց սպասենք այդ՝ այսպես ասած՝ «փրկությունը»:
— Մեր ժողովուրդը հազարավոր տարիներ ինչ-ինչ պատճառներով միշտ էլ նույն մտայնությունն է ունեցել, որ դրսից ինչ-որ փրկիչ է գալու և մեզ փրկի: Եվ դա շարունակվում է հազարավոր տարիններ: Մարդիկ չեն տեսնում, որ այդ փրկիչը չի եկել երբեք մեզ փրկելու: Հայաստանի մեջ շատ մարդիկ կան, որ հուսախաբ են, որ ռուսները մեզ չեն փրկել, Արցախը կորցրել ենք, և այլն: Հիմա ասում են՝ չէ, Ամերիկան մեզ կփրկի, Ֆրանսիան մեզ կփրկի, Պարսկաստանը կփրկի: Այսինքն, շարունակում են նույն անիմաստ փնտրտուքները՝ փնտրել փրկիչներին: Բայց այդ փրկիչները երբեք չեն գալու: Դա՝ մեկ: Երկրորդ. մենք զգացական ժողովուրդ ենք և սառը դատողությամբ չենք նայում հարցերին: Ասում ենք՝ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, քրիստոնյա Եվրոպան մեզ կփրկի՝ առանց հասկանալու, որ քրիստոնեական լինելը ոչ մի նշանակություն չունի մեծ աշխարհաքաղաքական ծրագրերի համար: Բոլոր երկրները, մանավանդ՝ մեծ երկրները, միայն ու միայն հետապնդում են իրենց ազգային շահերը: Ամերիկայի նախագահ ընտրվում է, որպեսզի Ամերիկայի շահերը պաշտպանի, ոչ թե՝ Հայաստանի: Ամերիկային չի հետաքրքրում Հայաստանի շահերը: Եթե Ամերիկան մի բան անի Հայաստանի մեջ, ապա այդտեղ պետք է տեսնի իր երկրի շահը: Սակայն, շատ կարևոր է, որ ժողովուրդը բոլոր երկրներում, նաև՝ Ամերիկայում, աշխատեն մասնակից լինել քաղաքական հարցերին:
Նաիրա Վանյան
