Նա մինչեւ տաս տարեկանը հայերեն չի իմացել եւ խոսել է թուրքերեն…եւ այսօր պայքարում է Հայոց լեզվի անաղարտության համար

Հայ լեզվաբան, բառարանագետ, դոկտոր Հակոբ Այնթապլյանը հանդես է գալիս մայրենի լեզվի անաղարտության պահպանմանն ուղղված տարբեր նախաձեռնություններով. տարբեր հարթակներում քարոզում է մայրենի լեզուն մաքուր ու անաղարտ պահելու կարեւրորությունը: Բանասիրական գիտությունների դոկտոր Արտեմ Սարգսյանի հետ համատեղ  հրատարակել է գրքույկ՝«Անհարկի հաճախակի գործածվող օտար բառերի  հայերեն համարժեքների բառարանը»: Հայաստանյան դպրոցների համար հրատարակել է  պաստառներ, որոնցով հայ դպրոցականին ծանոթացնում են մեր մեծերի խոսքերը՝  նվիրված հայոց լեզվին: Անգամ անձնական շփումներում է Այնթապլյանը խիստ եւ կարող է բարեկամաբար նկատողություն անել ցանկացածին, ով զրույցի մեջ ոչ հայերեն բառեր  կգործածի:

Հետաքրքիր ու հուզիչ է ԱՄՆ-ից Հայաստան  եկած Հակոբ Այնթապլյանի կյանքի ուղին. պարզվում է՝ հայոց լեզվի նվիրյալը մինչեւ տաս տարեկանը հայերեն չի իմացել, չի խոսել: Եւ դա ունի իր տխուր պատմությունը, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայի սերնդի դժվարին  ճանապարհի ու ճակատագրի պատմությունը, որը նա պատմել է Haypress.am-ին. «Ես ծնվել եմ Հալեպում,  մանկությունս անցել է այնտեղ: Ես մինչև 10 տարեկան չեմ իմացել հայերեն, չեմ խոսել, տան մեջ խոսում էինք թուրքերեն: Դպրոց գնալով եմ սովորել հայերեն: Ապա կյանքի դժվարությունների պատճառով դպրոցից հեռացրել են: Բողոքեցի, և ինձ տեղափոխեցին Հալեպի Մխիթարյան վարժարան: Ջանասիրությանս շնորհիվ դարձա դասարանի լավագույն աշակերտը: Մեկ տարվա ընդացքում  երեք դասարան բարձրացա, և տեսչությունը որոշեց ինձ տեղափոխել Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարան: Այնուհետև ավարտել եմ Հռոմի համալսարանը և դարձել եմ սրտաբան: Դրանից հետո սկսեց իմ կյանքի նոր՝ վերելքի ուղին»: