ՊՈՒՏԻՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ՈՒՂԵՐՁԸ» ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 Եվրոչինովնիկների, Մակրոնի ու Զելենսկու երևանյան «գաստրոլներից» ու սադրիչ հայտարարություններից հետո սպասվում էր, որ ռուսական կողմը համապատասխան հայտարարություններ կանի։ Դրանք չուշացան․ հնչեցին ամենատարբեր տրամաչափի գործիչների ու պաշտոնյաների հայտարարություններ։

Երեկ ՌԴ—Հայաստան հարաբերությունների ու կապերի մասին խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իսկ այդ խոսքը հստակ կողմնորոշման և ջրբաժանի մասին էր․ Մոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել ՀՀ այսօրվա իշխանությունների՝ մի ոտքով ԵՄ-ում, մյուսով՝ ԵԱՏՄ-ում գտնվող «շպագատային» քաղաքականությունը։

Պուտինը կարծիք հայտնեց, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, եթե պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ ՌԴ նախագահն այդ մասին ասաց ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Դե, օրինակ, հանրաքվե անցկացնելը մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ հարցնել Հայաստանի քաղաքացիներին։ Ըստ այդմ՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք փափուկ, քաղաքակիրթ ու փոխշահավետ բաժանման ճանապարհով»,– ասաց Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան կաջակցի ցանկացած որոշման, որը ձեռնտու է հայ ժողովրդին, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները դարավոր ու առանձնահատուկ բնույթ ունեն։

ՌԴ նախագահի խոսքով՝ Հայաստանի ծրագրերը հատուկ քննարկում են պահանջում, և ինքը դա բազմիցս քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ես նրան մի քանի անգամ ասել եմ և հիմա հրապարակավ ասում եմ՝ մենք աջակցում ենք այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։ Մենք հայ ժողովրդի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք։ Եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, մենք դեմ չենք լինի։ Բայց, իհարկե, պետք է նկատի ունենալ որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեզ, և՛ մեր գործընկերների համար»,– ասաց Պուտինը՝ հավելելով, որ այդ հարցը կարելի է բարձրացնել ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում։

ՌԴ նախագահը նաև հիշեցրեց, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, զգալի առավելություններ է ստանում մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, մաքսային վճարների, միգրացիայի և այլ ուղղություններով։

Հիշեցնենք՝ 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Դա բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ։

Քանի որ հունիսյան ընտրություններից է կախված Հայաստանի արտաքին կողմնորոշման հարցը, Վլադիմիր Պուտինի այս խոսքը, հանրաքվեի գաղափարը, նախընտրական ուղերձ է հայ հասարակությանը, որով նա հիշեցնում է, որ այս ընտրությունից է կախված նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմում մնալու կամ չմնալու հարցը։

Չմոռանանք, որ ԵԱՏՄ-ից է կախված հայաստանյան տնտեսության և գյուղատնտեսության հիմնական ճյուղերի գործունեությունը։ Հայաստան մտնող տրանսֆերտների մեծ մասը գալիս է ՌԴ-ից։ ՌԴ-ում ապրում և աշխատում է ավելի քան երկու միլիոն հայ։ Բնականաբար, ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է լուրջ հարված հասցնել հայաստանյան տնտեսական համակարգին։ Դա կունենա ծանր հետևանքներ։ Էլ չենք խոսում քաղաքական հնարավոր ծանր հետևանքների մասին։

Իսկ Ադրբեջանը չի կարող և չի ցանկանա փոխարինել ԵԱՏՄ-ին, ինչպես փորձում են հայ հասարակությանը հավաստիացնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։

Պուտինի նախընտրական ուղերձը հայ հասարակությանը հետևյալն է՝ ընտրությունը ձերն է, որոշումը՝ նույնպես։ Հետևանքների պատասխանատվությունն էլ՝ ձեր վրա։

Նաիրա Վանյան