Եվ այսպես, ապրիլի 4-ին՝ շաբաթ օրը, մինչ հայաստանյան հավատավոր հասարակությունը նախապատրաստվում էր Սուրբ Զատիկի տոնակատարությանը, կայացավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարը: Կարելի է ասել, որ այս համագումարը, հիմնականում, կուսակցության նվիրյալների համագումար էր, որին ներկա էր 476 պատվիրակ:
Եթե նախկինում, երբ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն էր և բոլոր ճանապարհներն անցնում էին Մելիք Ադամյան փողոցով, համագումարներն անցկացվում էին Մարզահամերգային համալիրում, մասնակցող պատվիրակների թիվը մի քանի հազար էր: Տարբեր տրամաչափի պաշտոնյաները՝ գյուղապետերից մինչև նախարարներ, դպրոցների տնօրեններ, օլիգարխ-գործարարներ, կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ, բոլորը նախապես ջանքեր էին գործադրում, որ ներկա գտնվեն ՀՀԿ համագումարին, իրենց ներկայությամբ երևան Սերժ Ազատիչի աչքին, գովասանքի խոսքեր շռայլեն նրան, հավաստիացնեն իրենց նվիրվածությունը ՀՀԿ-ին ու նախագահին: Նպատակը՝ իրենց աթոռն ու դիրքը, բիզնեսի արտոնյալ պայմանները պահելն էր: Իշխանությանը նրանք պետք էին ընտրությունների ժամանակ ձայն բերելու համար:
Այս պատեհապաշտ մարդկանց՝ կուսակցությանը անդամագրելը կուսակցության անդամների թիվը հասցրել էր մի քանի հազարի: Սակայն, դրանից նկատելիորեն տուժել էր կուսակցության վարկանիշն ու հեղինակությունը: Նրանցից շատերը 2018-ին դարձան առնետավազքի մրցանակակիրներ՝ ՀՀԿ-ից փախչողների առաջնագծում:
Իշխող ՀՀԿ-ն շատերին ինքն էր պարտադրոմ՝ դառնալ կուսակցական, որպեսզի հավատարմություն կորզեր և «թույլ տար» այդ մարդկանց՝ ընտրվել պատագամավոր, քաղաքապետ, գյուղապետ: Նրանք հիմնականում այն մարդիկ էին, ովքեր իրենց ընտրատարածքներում ունեին բարձր վարկանիշ և, ավելի շատ իշխանությունն ուներ նրանց վարկանիշի կարիքը, քան՝ իրենք իշխանության «թույլտվության»: Կուսակցության անդամատոմսը այս մարդկանց ուղղակի պարտադրում էին: 2018-ից հետո նրանք ազատվեցին այդ պարտադրանքից և հրաժարվեցին անդամատոմսից:
2018-ից ի վեր կուսակցության անդամների թիվը նկատելիորեն նվազեց: ՀՀԿ-ականներից շատերն արագ տեղավորվեցին նիկոլական իշխանության տաքուկ ճամբարում: Վաղն էլ մեկ ուրիշ ճամբարում կտեղավորվեն, եթե իշխանությունը փոխվի:Շատերն էլ մնացին ուղղակի ՀՀ ազատ ու անկախ՝ անկուսակցական քաղաքացի:
ՀՀԿ-ի շարքերում այսօր մնացել են կուսակցության գաղափախոսությանը և Սերժ Սարգսյան գործչին հավատարիմ ու վստահող մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում չվախեցան պաշտոնազրկումներից, հալածանքներից, քաղաքական հետապնդումներից, ազատազրկումներից: 18-րդ համագումարի մասնակիցները հիմնականում այդ հավատարիմ մարդիկ էին:
Այս տարիների դժվարություններն ու փորձությունները ՀՀԿ-ին անհրաժեշտ էին ոչ միայն սխալներն զգալու և գնահատելու համար՝ ինչի մասին խոսեց կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, այլ նաև՝ ինքնամաքրվելու և զտվելու համար:
Հ/Գ
ՀՀԿ-ի՝ նախկինում թույլ տված սխալն այսօր թույլ է տալիս «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ իր կազմում ընդգրկելով պատեհապաշտների, կասկածելի կյանքի ճանապարհ անցած կամ ընդհանրապես կյանքի ճանապարհ չանցած մարդկանց, քաղաքական տարբեր ճամբարներ փոխած կասկածելի մարդկանց, որոնց հաշվին կուսակցության անդամների թիվը աճում է գերարագ տեմպերով…
Նաիրա Վանյան
Շարունակելի…
