Օրենքի կոպտագույն խախտումներով Փաշինյանն ու ՔՊ-ն ընկել են դռնեդուռ և քարոզարշավ են իրականացնում, որի անունը դրել են «ներկուսակցական քարոզարշավ»։ Ներկուսակցական քարոզարշավը անցկացվում է կուսակիցների հետ, կուսակիցների միջև և նպատակ ունի կուսակցության ներսում քարոզ տանել։ Մինչդեռ իշխանականները իրենց «ուրախ ավտոբուսով» շրջում են քաղաքից քաղաք, գյուղից գյուղ և փորձում են վերադարձնել իրենց երբեմնի դրական վարկանիշն ու «հպարտների» սերը։
Ըստ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի՝ նախընտրական քարոզարշավը սկսվում է ընտրություններից 12 օր առաջ և ավարտվում ընտրությունից մեկ օր առաջ։ Սակայն ՔՊ-ականները շտապում են, քանի որ լավ գիտեն, որ իրենց գործերը վատ են, և փորձում են փրկել իրենց խորտակված վարկանիշը։ Սակայն, ինչպես կասեր դասականը՝ «վարունգը թարս է բուսնել»…
Այն վայրերում, որտեղ հաջողվում է բեմականացնել «ջերմ» ընդունելություն, ստացվում են տեսանյութեր, որտեղ, իբր, մարդիկ հալումաշ են լինում Փաշինյանի սիրուց։ Իսկ այնտեղ, որտեղ նա հայտնվում է անակնկալ և փորձում «բարի պապիկի» դեր խաղալ, մարդիկ նրա երեսին են շպրտում իր իսկ հորինած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը՝ արտահայտելով իրենց անհամաձայնությունը նրա վարած արտաքին ու ներքին քաղաքականության նկատմամբ։ Մեկը խանութի դուռն է փակում՝ թույլ չտալով վարչապետին ներս մտնել, մյուսը մատնանշում է, որ ասֆալտը նախկիններն են արել, մեկ ուրիշը բարձրաձայնում է Արցախի հարցում կատարած քայլերի վերաբերյալ իր դժգոհությունը՝ դաք համարելով դավաճանություն։ Այս ցանկը դեռ երկար կարող է շարունակվել, եթե Փաշինյանը շարունակի իր՝ «կրկեսային բեմադրություն» հիշեցնող ակցիաները։
Մետրոյում նրան հակադարձած երիտասարդ կինը դարձավ համացանցի օրվա հերոսուհին։ Այս ամենը վկայում է, որ Փաշինյանը հունիսյան ընտրություններին գնում է իր վարչապետության տարիների ամենացածր վարկանիշով։ Սա, կարծես, գիտակցում է նաև ինքը՝ Փաշինյանը։ Իշխանությունը կորցնելու վախը նրան դնում է էմոցիոնալ «խլրտումների» մեջ՝ ինչպես երեկ խոստովանեց ինքը: Նա պարբերաբար կորցնում է ինքնատիրապետումը՝ հակասելով իր առավոտյան սրտիկներին։
Մետրոյում արցախցի կնոջ հետ տեղի ունեցած միջադեպից հետո նա հանդես եկավ ներողությամբ՝ նշելով, որ Արցախի թեման իր համար չափազանց էմոցիոնալ է, դրա համար է ինքը հաճախ հայտնվում նման հոգեվիճակներում: Այո, ճիշտ է ասում. Արցախի շատ էմոցիոնալ թեմա է ոչ միայն Փաշինյանի համար: Բայց տարբեր մարդկանց մոտ այն տարբեր էմոցիաներ է արթնացնում: Եթե շարքային հայերիս համար դա ցավոտ ու հուզումնալից թեմա է, ապա Փաշինյանի համար ատելության և թշնմանքի էմոցիաներ արթնացնող թեմա է. Փաշինայնը 2008-ի մարտի 1-ին և դրանից առաջ է դրսևորել «ղարաբաղցիների» նկատմամբ իր ատելությունն ու թշնամանքը: Այդ քարոզը շարունակում է, այն տանում են նաև նրա թիմակիցները՝ Արցախը կորցնելու մեղքը բարդելով ցեղասպանությունից մազապուրծ արցախցիների վրա: Ուստի, «փախածներ» գնահատականը պատահական չէր, որ նա ասաց արցախցի կնոջը: Դա նրա բնական հոգեվիճակն էր ու, ինքն ասաց այն, ինչ մտածում էր:
Այս միջադեպը պետք է արժանանար ՄԻՊ-ի և այլ Հ/Կ-ների կոշտ գնահատականին, սակայն…լռություն…
Այս ամենը, բնականաբար, ավելի է իջեցնում Փաշինյանի վարկանիշը: Ուստի, պետք է պատրաստ լինենք, որ նա կշարունակի իր ընտրողների ու իրեն սիրողների սիրտը շահելու համար շատ կերակրատեսակներ ուղիղ եթերում ուտել, կմտածի նոր՝ ադեկվատ մարդու համար տհաճ տեսարաններ, որով վիրավորում ու ծաղրում է Հայաստանի քաղաքացուն:
Մի կողմից էլ լավ է, որ նա դուրս է գալիս նման «ակցիաների» և անձամբ ինքն է «մինչև քոքը» մաշեցնում իր սեփական վականիշը…
Նաիրա Վանյան
