Ըստ Փաշինանի՝ հայերը Հայաստանում նորե՞կ են

 Փաշինյանի մտքի «փայլատակումները» շարունակում են զայրացնել մեզ՝ արդեն առանց զարմանքի։ Հայոց պատմությունը գլխիվայր շուռ տված ու «խմբագրած» անձը մեզ ուզում է համոզել, թե մենք չունենք մեր երկրի «կադաստրի» վկայականը։ Հիմա նա ցանկանում է փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ հանելով Անկախության հռչակագիրը. «Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է և, արդյունքում, կախվածության հռչակագիր է»։

Նա հիմա էլ Օվերտոնի նոր պատուհան է բացում՝ ակնարկելով, թե հայերը Հայաստանում նորեկ են, եկել են այստեղ ու խանգարում են հարևաններին. «Պատկերացրեք՝ դուք տեղափոխվել եք մի բնակարան, ապրում եք մի ընդհանուր հարթակում և սպառնում եք ձեր և դիմացի, և կողքի, և հետևի հարևաններին: Ո՞նց եք այդպես ապրելու»։

 Իսկ ո՞վ է նախապես ապրել այդ բնակարանում, և որտեղի՞ց ենք մենք «տեղափոխվել» նոր բնակարան. Փաշինյանը չի մեկնաբանում։ ԵՊՀ-ում ուսումը կիսատ թողած ու մի քանի տարի նույն դասարանում մնացած Փաշինյանը, հավանաբար, պատմություն չի կարդացել և չգիտի, որ մենք՝ հայերս, Հայաստանում նորաբնակ չենք։ Ոչ միայն մենք ու մեր պապերն են այստեղ ծնվել ու ապրել, այլև հազարամյակներ շարունակ ապրել են մեր ապուպապերը։ Իսկ այդ ժամանակ մեր հարևանները՝ Կովկասի քոչվորները, որոնք նեղսրտում էին մեր ներկայությունից, տեղից տեղ էին դեգերում՝ ապրելու համար։

Փաշինյանը շարունակում է. «Եթե դու հայտնվում ես ճանապարհին, բայց չես հասկանում կամ չես պահպանում երթևեկության կանոնները, ապա բնական է՝ խնդիրներ են առաջանում՝ բախումներ, վթարներ և այլն»։

 Մինչ իր իշխանության գալը մենք գիտեինք երթևեկության կանոնները, և աշխարհաքաղաքական վթարներ տեղի չէին ունենում։ Առհասարակ, «աշխարհաքաղաքական վթարներ» սկսում են տեղի ունենալ այն ժամանակ, երբ երկրի ղեկին հայտնվում է հարբած, վարորդական իրավունք չունեցող և ճանապարհը չիմացող «վարորդը»…

Ներկայացնում ենք Փաշինյանի՝ երեկվա ճեպազրույցում հնչեցրած խոսքի այդ հատվածը. «Պատկերացրեք՝ դուք տեղափոխվել եք մի բնակարան և ապրում եք մի ընդհանուր հարթակում և սպառնում եք ձեր՝ և դիմացի, և կողքի, և հետևի հարևաններին՝ այդպիսով հռչակելով նաև անկախություն։ Դա ի՞նչ է նշանակում՝ ո՞նց եք այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում՝ միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով։ Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ շարունակաբար մեծացող ու ահագնացող կախվածության մեջ է գցելու նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալում եք։ Եվ, հետևաբար, Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է, և ես առաջիկայում, գուցե, նաև տեքստի վերլուծությամբ ցույց կտամ այդ ամենը»։