2018 թվականից առաջ Նիկոլ Փաշինյանին անձամբ չճանաչող շարքային քաղաքացիներից շատերս այն կարծիքն ունեինք, թե նա ազնիվ ընդդիմադիր գործիչ է՝ պատրաստ մինչև վերջին շունչը պայքարելու կոռուպցիայի, սոցիալական անարդարության դեմ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։ Սակայն, երբ նա եկավ իշխանության, պարզվեց, որ նրան ավելի լավ ճանաչել են և նրանից «վառված են» բարձրաստիճան պաշտոնյաները, օլիգարխներն ու ազդեցիկ մարդիկ։ Ըստ նրանց բացահայտումների՝ Փաշինյանը, լինելով թերթի խմբագիր, մարդկանց շանտաժի էր ենթարկում՝ սպառնալով գրել այս կամ այն «վատ» բաները իրենց մասին, իսկ գումարի դիմաց լռում էր և չէր հրապարակում այդ նյութերը։ Նման բացահայտում առաջին անգամ հրապարակավ արեց Միքայել Մինասյանը։ Հետագայում նման պատմություններ, թեև, հիմնականում ոչ հրապարակային, սկսեցին պատմել նաև այլ անձինք։
Գյումրիից քայլելով իշխանության եկած վարչապետ Փաշինյանը չի փոխել իր ձեռագիրն ու գործելաոճը։ Շանտաժը նրա աշխատանքային «գործիքն» է․ նա շանտաժի է ենթարկում բոլորին՝ իր թիմակիցներից մինչև ընդդիմախոսներ։ Այսօր էլ նա իր իշխանությունը պահում է շանտաժով՝ կիրառելով ամենակեղտոտ եղանակները՝ իրավական հետապնդումներից մինչև մարդու անձնական կյանքին վերաբերող կեղծ տեղեկությունների տարածում։
Բայց միայն «ներքին» շանտաժը չէ, որ ծառայում է նրա՝ իշխանությունը պահելու նպատակին։ Հայաստանը կապիտուլյացիայի շեմին հասցրած վարչապետը շանտաժի է ենթարկում նաև հասարակությանը՝ հայտարարելով, թե եթե ինքը չընտրվի, պատերազմ կլինի։ Իհարկե, ոչ ոք չի ցանկանում պատերազմ։ Մեր հասարակությունը վերջին հինգ տարում դեռ չի հաղթահարել 44-օրյա պատերազմի ցնցումը։ Լավ իմանալով, որ «պատերազմ» բառը շատերի մոտ առաջացնում է վախ ու խուճապ, նա շեշտադրում է պատերազմի անխուսափելիությունը՝ ներկայացնելով ընտրությունը որպես «կամ ես, կամ պատերազմ»։
Այս քարոզչությանը միացել են նաև ՔՊ-ական պաշտոնյաները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է․ «Եթե հունիսի 7-ին մենք չընտրվենք, TRIPP չի լինելու, խաղաություն չի լինելու, Արհեստական բանականության կենտրոն չի լինելու, 4 մլրդ դոլարի ներդրում չի լինելու։ Ժողովուրդ ջան, անկախություն էլ չի լինելու։ Շարունակելու ենք կախված մնալ և սպասել, թե որևէ ուրիշ երկիր բարեհաճի մեզ թույլ տալ իր շուկայում, թեկուզ բացօդյա շուկայում, վաճառել մեր ծիրանն ու լոլիկը»։ Ծայր-ծայր մանիպուլյացիա. այն, որ TRIPP չի լինելու, այս պայմաններում դա լավ է, 4 մլրդ դոլարի ներդրում այս իրավիճակում, այսպես թե այնպես, չի լինելու։ Պապոյանը չի բացահայտում, իսկ որտեղ են նախատեսում իրացնել հայկական արտադրանքը՝ Թուրքիայու՞մ, թե՞ Ադրբեջանում։
Եվ զավեշն այն է, որ պատերազմով շանտաժ է անում այն իշխանությունը, որը բերել է մի քանի պատերազմ՝ իր պարտություններով, որի օրոք Հայաստանի տարածքը հեկտարներով փոքրացել է. այնտեղ եկել ու նստել է ադրբեջանական զինուժը: Պատերազմից խոսում է այն վարչապետը, ով երկիրը դարձրել է «проходной двор»՝ իրենց «պապական» տունը Հայաստանի գյուղերում որոնող կովկասի քոչվորների համար: Նա ժամանակին շանտաժ էր անում՝ եթե Արցախի համար պատերազմենք, Հայաստանն էլ կկորցնենք, եթե ձյունոտ սարերի համար կռվենք, պատերազմ կսկսվի, եթե Սև լճի երեսուն տոկոսը չտանք, պատերազմ կսկսվի, եթե հիշենք ցեղասպանության մասին, պատերազմ կսկսվի, եթե Արարատի անունը տանք, պատերազմ կսկսվի… ու այսպես շարունակ…
Երկիրը կապիտուլիացիայի շեմին հասցրած իշխանություն ասում է, թողեք՝ ինչ ուզում են, հանգիստ տամ, թողեք առանց պատերազմի ստորագրեմ Հայաստանի կապիտուլիաիցիան և փակենք Հայոց պատմության վերջին էջը:
Իհարկե, չի բացառվում, որ ընտրություններից առաջ կամ հետո Հայաստանն արևմտյան Ադրբեջան համարող Ալիևը օգնության հասնի պարտվող թեկնածու Փաշինյանին ու ռազմական ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ: Բայց, անկախ ամեն ինչից, Հայաստանի քաղաքացին չպտեք է տրվի փաշինյանաալիևյան շանտաժին և պետք է իր «ՈՉ»-ը ասի Հայասատնի սողացող կապիտուլիացիային:
Նաիրա Վանյան
